«Ռեալի վերջին պրեմիերան թատերաշրջանում լավագույններից է», մայիսի 17-ի համարում գրեց իսպանական «El Mundo»-ն Մադրիդի Ռեալ թատրոնում ներկայացված «Պիկովայա դամայի» առաջնախաղի առիթով: Դե իհարկե, արտիստական այնպիսի աստղաբույլ, ինչպիսին այստեղ էր հավաքված, այլ հետագիծ չէր կարող ունենալՙ դիրիժոր Եզուս Լոպես Կոբոս, Հերմանՙ Պլասիդո Դոմինգո, կոմսուհիՙ Ելենա Օբրազցովա, Լիզաՙ Հասմիկ Պապյան:
«Իսկապես հետաքրքրական է Հասմիկ Պապյանի դերակատարումը: Նրան հաջողվել է կերպավորել Լիզայինՙ իբրեւ տանջված, անվստահ մի տիպարի, երգեցողությունը ճաշակով է, դետալներով հարուստ, ներկայացնում է վոկալ թարմություն ու խնամված առոգանություն», գրում է իսպանական «ABC» թերթն իր մայիսի 17-ի համարում: «El Pais»-ի մայիսի 16-ի գնահատականն էլ «ավելի քան գովարժան է համարում Պապյանի զգայունակությունը»: Ամենատպավորիչը «La Razon»-ի մայիսի 17-ի հրապարակումն է. «Հասմիկ Պապյանի Լիզան բոլոր պահերին է հրաշալի: Նա միակն էր, որ կարողացավ թմրած հանդիսասրահին արթուն պահել: Եվ սա ոչ թե առաջին, այլ երրորդ ակտում, ով իմանաՙ Մորփեոսի որ օրենքներով»:
Պապյանն առաջին անգամ կերտեց Լիզայի դերակատարումը 2002-ի սեպտեմբերին կանադական օպերայում: Ռեալի ներկայացումն անհամեմատելի է, ասում է սոպրանոնՙ պատմական: Այլ կերպ չես էլ անվանի. Պապյանը հերթական անգամ փաստում է հայ մշակույթի տեղըՙ ժամանակին համընթաց, մեծերին հավասար:
Դյուսելդորֆում հանդիպեցինք: «Ազգի» հյուրն է Հասմիկ Պապյանըՙ մադրիդյան 6 ներկայացումների (մայիս 15,18,21, հունիս 2,4,7) տպավորություններով:
- Նախՙ Ռեալ թատրոնի մասին, ուր առաջին անգամ էի ելույթ ունենում: Թագավորական անունը համապատասխանում էր թատրոնին: Հիացած եմ: Աշխարհում երեւի այդպիսի գեղեցկությամբ թատրոն չկա, այդպիսի շուքով, կազմակերպվածությամբ, նվագախմբով: Ի դեպ, հուրախություն մեզ, նվագախմբի առաջին ջութակը, կոնցերտմայստերը Արա Մալիքյանն է, երկրորդ ջութակների ձայնի առաջատարըՙ Զոհրապ Թադեւոսյանը:
- Նույնը կասեի՞ք հանդիսատեսի մասին էլ: «Սառը օվացիա աշխարհի շատ թատրոններում սա կարող էր ֆիասկո նշանակել, բայց ոչ Ռեալ թատրոնում: Այստեղ հոգնած ծափահարելը նշանակում էՙ ուշ է, ճաշի գնանք: Մադրիդի հանդիսատեսն անմարդկային է», գրեց «La Raz՛on»-ը:
- Հանդիսատեսը մի քիչ տարբեր էՙ մի քիչ սառն է, որովհետեւ Մադրիդն օպերային ավանդույթներ չունի: Մադրիդը Բարսելոն չէ. մոտ 50 տարիՙ Ֆրանկոյի ժամանակից սկսած, օպերային թատրոնը փակ էր եւ բացվել է 1997 թվականին: Այսօր Ռեալն ունի բոլոր հնարավորությունները, ունի շատ մեծ ազգային հպարտություն: Հիմա մեծ աստղերին հրավիրելու համար հսկայական գումարներ են ծախսում, բայց հանդիսատեսի ավանդույթներ դեռ չեն ձեւավորվել: Պիտի ասել, որ դրան հակառակ «Պիկովայա դաման» շատ մեծ իրարանցում էր ստեղծել մեր բոլորի շուրջը մինչեւ ներկայացումը: Մեր ամեն մի քայլը նկարահանվում ու լուսանկարվում էր, մամուլի ասուլիսի ժամանակ ամենաբարձր խոսքերն ասվեցին դերակատարների վերաբերյալ: Դրանով նաեւՙ նախօրոք շատ մեծ պատասխանատվություն դրվեց մեզ վրա:
- Հասմիկ, Դուք բեմական բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ: Ռեալում առաջին անգամ էր, որ նրա հետ պրեմիերա երգեցիք:
- Առաջին անգամ մայիսի 15-ին պրեմիերա երգեցինք իր ծննդավայր Մադրիդում: Իրեն ճանաչում եմ արդեն 9 տարի, շփումը միշտ եղել էՙ հաճախակի դիրիժորական վահանակի մոտ, մի անգամ 1994-95-ին երգչուհին հիվանդ էր, եւ նրա հետ երգել եմ գլխավոր փորձը: Հետո նա ինձ հրավիրեց Վաշինգտոնում երգելու, երգեցի «Բոհեմում», այնուհետեւՙ «Նորմայում»: Բայց Մադրիդինը տարբեր մի բան էրՙ խաղընկեր ունենալ դեռեւս երգող Դոմինգոյին, ինչը, գիտենք, բնության օրենքների համաձայն, շատ երկար չի տեւելու: Բոլորն էին սպասում Դոմինգոյին տեսնել Հերմանի դերում, որ, ինչպես ինքն է բնութագրում, ռուսական Օթելլոն է: Դոմինգոն ռուսերենով «Պիկովայա դամայի» 35 ներկայացում արդեն երգել էրՙ Քովնթ գարդնում, Մետրոպոլիտենում, Բեռլինում: Մադրիդյան փորձերին ներկայացավ վերջին շաբաթը միայն, բայց նա այնպիսի խարիզմա եւ այնպիսի բեմական փորձառություն ունի, որ որեւէ խնդիր չկար:
Դոմինգոն բոլորի հետ հավասար վարվելու մեծությունն ունի: Երբեք փորձերից չի ուշանում, երբեք իրեն չի շրջապատում պայուսակները կրողներով կամ սուրճ մատուցողներով, կարող է օպերային բուֆետում համեստորեն հերթ կանգնել, ի տարբերություն ուրիշների վճարել սուրճի համար: Շատ հետաքրքրական մի բան էլՙ ամեն երեկո ինքը տարբեր էրՙ թե՛ բեմական խաղով, թե՛ երգելով: Պարտադիր չէր, որ սահմանվածի նման աջ գնար կամ այսինչ բանն աներ: Հուրախություն ինձ պիտի ասեմ, որ ունեմ այդօրինակ «անսպասելի» ստեղծագործական պահերին չշփոթվելու բեմական փորձ: Սա էլ հանդիսատեսի համար այն մեծ բերկրանքն էր, որ կարող է պարգեւել կենդանի ներկայացումը, թատրոնի տոնը: Իմ ստեղծագործական կյանքում շատ մեծ շրջադարձ է Ռեալի «Պիկովայա դաման»:
- 1890-ին ստեղծված «Պիկովայա դաման» ստեղծումից անմիջապես հետո արդեն եվրոպական բեմերում փնտրված գործ է դարձել: Այսօր ռուս հեղինակների, հատկապես Չայկովսկու հանդեպ հետաքրքրության մեծ աճ կա: Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը:
- Ինձ թվում էՙ շատ պարզ է. Չայկովսկու երաժշտությունը եւ Պուշկինի անմահ ստեղծագործությունը հնարավորություն են տալիս անսահման երեւակայության: Թե՛ ռեժիսորների, թե՛ դիրիժորների համար սա իսկապես շատ հետաքրքրական մի ստեղծագործություն է, կարող են ազատություն տալ թե՛ իրենց երեւակայությանը, փորձառությանը, թե՛ կրքերին, եթե կարելի է այդպես ասել: Անբացատրելի է այս մելամաղձոտ երաժշտության ուժը: Մեր օրերում մարդիկ պարզ մարդկային էմոցիաների պահանջ ունեն, ու բնական այդ պահանջը հագեցնում են Չայկովսկու մեղեդայնությունը, երաժշտական անվերջ հարմոնիաները, կերպարներիՙ Լիզայի ու Հերմանի բարդ խառնվածքները, ներաշխարհները:
- Եթե Հերմանը ռուսական Օթելլոն է, ապա Պապյանի Լիզան ո՞վ է: Մադրիդյան ներկայացման ռեժիսորն ինչպիսի՞ բեմադրություն էր ներկայացրել, ի՞նչն էր ընդգծել: Ձեր կարծիքով, «ռուսական ոգին» կա՞ր:
- Իմ Լիզան ուրիշ ոչ մի կերպարի հետ համեմատելի չէ, որովհետեւ ամբողջովին զոհ է, շատ անկեղծ է, շատ արդար, շատ մաքուր, շատ հուզիչ: Լիզան ինձ համար դաս է, Պուշկինի եւ Չայկովսկուՙ դասականների արդիական դասը բոլոր կանանց: Երբ ամեն ինչ ունես, իրավունք չունես ավելին պահանջելու, սահմանն անցնելու, այդ դեպքում պատժվում ես: Այդ պատճառով Լիզան հանկարծ հայտնվում է մեծ ողբերգության առջեւ, բայց կարելի է նրան նաեւ հասկանալՙ կանացի կրքերն ու անփորձությունը: Դրանով էլ ինձ համար Լիզան ավելի շատ ողբերգական կերպար է: Հերմանի մեջ Լիզայի հանդեպ սեր չկար: Գերմանացի ռեժիսոր Գոթֆրիդ Փիլցի բեմադրությունում ավելի շուտ խենթացած Հերման էր մատուցվում:
Մադրիդի բեմադրությունը շատ ժամանակակից էր, շատ սուղ էին միջոցներըՙ վարագույր չկար, տեսարանը մեկն էր, բայց եւ շատ ազդեցիկ, որովհետեւ բոլոր շեշտերն ուղղվում էին գլխավոր դերակատարների վրա, երաժշտությունը շատ լավ էր ընթերցվում, շեղող գործոններ չկային: Ռուսական ոգին կարՙ շատ լավ էին բեմադրված պարերը, մասսայական տեսարաններն էլ շատ տպավորիչ էին:
- Խոսենք մյուս արվեստագետների մասին էլ:
- Պետք է ասեմ, որ ամբողջ կազմում միայն Դոմինգոն, դիրիժորը, բեմադրիչը եւ ես ռուս չէինք: Կոմսուհու կերպարը մարմնավորող լեգենդար Օբրազցովայի թոռնիկը լինելը երեւույթ էր. երբեք չէի մտածել, որ կգա օրը, եւ ես նրա հետ բեմ կբարձրանամ: Շատ հուզիչ էրՙ երբ ես սովորում էի, նա արդեն մեծ երգչուհի էր: 250 անգամ Տոմսկի խաղացած բարիտոն Նիկոլայ Պուտիլինը փառավոր կերպար էր ստեղծել: Երկրորդ ներկայացմանը «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը մեծ նվեր մատուցեց մադրիդցիներին ու զբոսաշրջիկներին. մի մեծ էկրան էին դրսում կառուցել, ինչի միջոցով 15 հազար օպերասերներ էին հետեւում ներկայացմանը:
- Հիշեցնենք, որ այդ օրերին Իսպանիայի արքայազնի ամուսնության առիթով Մադրիդը լի էր նաեւ այլ երկրներից ժամանած արքունի ընտանիքներով, հյուրերով:
- Այո, եկան շատ-շատերը եւ, ներկայացման վերջում մենք դուրս եկանք պատշգամբ գլուխ տալու, եւ ծափահարությունները վերջ չունեին մինչեւ կեսգիշեր: Իսկապես մեծ- մեծ իրադարձություն էր ինձ համարՙ պատմական:
- Վերջին շրջանի Ձեր հաջողություններն իրավունք են տալիս ասելու, թե հասել եք հաղթանակի գագաթնագծին: Բայց, որքան Ձեզ եմ ճանաչում, 34 դերերգն իր շարունակությունն անպայման ունենալու է, լինելո՞ւ է դրանց մեջ թաքուն փայփայած մեկը:
- Հանգստանալ ձեռք բերածով անկարելի է իհարկե: Ինձ համար չկաՙ ես հասել եմ, գրեցին, ուրեմն ամեն ինչ լավ է: Որ օրը հավատամ այդ գրածներին, այդ օրն ինձ համար կվերջանա իմ առաջխաղացումը: Երազանքս է մնալ ստեղծագործական այս վիճակում, երբ երգելը ուրախություն եւ հաճույք է, նաեւՙ այնպիսի ստեղծագործական ներդաշնակ խումբ ունենալ, ինչպիսին Մադրիդում էր ՙ Պլասիդո Դոմինգո, դիրիժոր Եզուս Լոպես Կոբոս: Վերջինս թե՛ հիանալի անձնավորություն, թե՛ երաժիշտ է, շատ համեստ, վերին աստիճանի կոռեկտ, բայց սարսափելի պահանջկոտ, երբեք ձայնը չբարձրացրեց, երբեք մի բառ չասաց, բայց շատ լավ գիտեսՙ ինչ են իր պահանջներըՙ 2-րդ գործողության մեջ կոմսուհու մահվան տեսարանում պահանջում էր Չայկովսկու 6 պիանոն երգել կամ նվագել, ասել է, թե ամեն ինչը հնարավոր դարձնելու մեծ ցանկություն ունի: Ի սեր երաժշտության արարող մեծ նվագախմբերը, մեծ մաեստրոները դեռ կան, եւ նրանց միջեւ կանգնելը շատ մեծ ուրախություն է: Ցանկությունս է հնարավորին չափ երկարեցնել այդ ժամանակը, նաեւՙ դեռ կան դերերգեր, որ պիտի մատուցեմ: Գալիք նոր դերերգերից է Պուչչինիի Քույր Անջելիկան, որ 36-րդն է իմ երգացանկում: Իսկ ամենամեծ երազանքս, իհարկե, չգիտեմ կկատարվի՞, թե՞ ոչՙ դրա համար դեռ բավականին ժամանակ ունեմՙ եթե ձայնս ների, եթե բնությունը թույլ տա, մի օր ուզում եմ Վագներՙ «Տրիստան եւ Իզոլդա» երգել:
- Ինտերնետով հետեւում եմ Ձեր յուրաքանչյուր ելույթին հաջորդող մամուլի հրապարակումներին: Թատերական, օպերային քննադատների, լրագրողների գերադրականՙ «շնչակտուր» գնահատականներ ինչքան ասես: Կուզենայի անդրադառնայիք վերջին ամիսների հիշարժան բեմելներին:
- Վերջին շրջանում Վաշինգտոնից հետո Նորմա երգեցի Նանտումՙ 14 ներկայացում: Հետո «Սիմոն Բոկկանեգրա»ՙ Նիցցայում, որ իսկապես շատ լավ անցավ, այնուհետեւ 9-րդ սիմֆոնիան երգեցի Տոկիոյում: Զատկական տոներին Վարշավայում ամենամեծՙ բեթհովենյան փառատոնն էր, երգեցի Վերդիի «Ռեքվիեմը», եւ իրենց ամենամեծ թերթըՙ «Վիբոռշան» գրեց, թե փառատոնի աստղը ես էի: Հետո երգեցի Լոնդոնում, Վիգմար հոլում Ապրիլ 24-ին նվիրված մի համերգ, որ կոչվում էր «Գարնան հիշողություն», եւ առաջին անգամ, ինչպես ինձ ասացին եւ այդպես գրվեցՙ անգլիացի հանդիսատեսը Վիգմար հոլում ոտքի ելավ: Ամենամեծ գովեստն ինձ համար Լայպցիգյան «Աիդա»-ի առիթով էրՙ Իտալիայում լույս տեսնող «Օպերա» ամսագիրը գրեցՙ Նեղոսի իսկական աստղը: Բայց մի ուրիշ բան ինձ առավել ուրախացրեց. Լայպցիգի կոնսերվատորիայի ղեկավարությունն ինձ շատ լրջորեն հարցրեց, թե իմ ձայնի ուսուցիչը հնարավորություն ունի՞ պաշտոնապես հրավիրվելու Լայպցիգում դասավանդելու: «Կրթություն եք ստացել Հայաստանո՞ւմ» հարցն ինձ հաճախ են տալիս, ու այդ ամենամեծ հաճոյախոսությանը մեծ հպարտությամբ պատասխանում եմՙ այո՛: Ցավոք, իմ պրոֆեսորն արդեն չկա: Երկնային արքայություն Տաթեւիկ Սազանդարյանին, եւ ընդհանրապեսՙ Հայաստանի հողին ու ջրին, որ ինձ չեն դադարում ներշնչել:
- Հասմիկ, Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ մեկ օպերային թատրոն ունենալով, աշխարհի մեծ կենտրոններից կտրված մեր փոքր քաղաքը օպերային այնպիսի երեւույթներ է տալիս, որ միջազգային ամենամեծ հրապարակներում Երեւանը օրվա զարմանքն է դառնում:
- Իհարկե ձայնը, երգելը Աստծո շնորհն են: Սա ավելի շատ կապված է զգացողություն ունենալու, բնության հետ, անշուշտ նաեւՙ թե ինչպես ես վերաբերվում գործիդ: Կոնկրետ իմ մասին ասեմՙ եթե ուրիշ մասնագիտություն ունենայի, պիտի նույն ձեւով անեի գործս:
- 2003-ին Ձեր մասնակցությամբ «Նորման» նկարահանվեց Հայաստանում, եւ հայտարարվածի համաձայն, արդեն պիտի պատրաստ լիներ: Դա դեռ չկա, ինչպես նաեւ հայաստանցի Ձեր երկրպագուներին հանդիպելու համերգային որեւէ առիթ:
- Ֆիլմը պատրաստ է, մի քիչ ուշանում է, որովհետեւ երաժշտությունը պիտի ձայնագրվի: Իսկ հանդիպումը կլինի շուտովՙ սեպտեմբերի 4-ին մենահամերգով հանդես պիտի գամ Հայաստանի ազգային օպերային թատրոնումՙ լիբանանահայ դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարմամբ: Ու դեռ էլի ծրագրեր կան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսելդորֆ, Գերմանիա