«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2004-06-22 | #115, 2004-06-23 | #116, 2004-06-24


ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ

Գենետիկորեն ձեւափոխված մթերքների ազդեցությունը համեմատվում է ատոմային ռումբի ներգործության հետ

Մի քանի օր առաջ բրիտանական բնապահպանները աղմկահարույց ցույց էին կազմակերպել` իշխանություններից պահանջելով արգելել իրենց երկիր հենց նոր մուտք գործած, գենետիկորեն մոդիֆիկացված (ԳՄ) ամերիկյան եգիպտացորենի իրացումը:

Վիճակագրական տվյալներովՙ միայն վերջին 10 տարիներին ԱՄՆ-ում յուրաքանչյուր մարդ գիրացել է 2-3 կգ-ով: Գիտնականների համոզմամբ, դա հետեւանք է էկոլոգիապես ոչ մաքուր սննդի օգտագործման: Մասնավորապես կենսատեխնոլոգիայի զարգացումն այսօր մարդկության առաջ այս նոր սպառնալիքն է ներկայացրել` սննդամթերքի մեջ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը: Գենետիկական ձեւախեղումների տեսքով դրանց ազդեցությունը առանձնապես զգալի է դառնում երրորդ, չորրորդ սերունդների վրա: Գենային ինժեներիայի սկզբունքներով ստացված արտադրատեսակները նպաստում են նաեւ վարակիչ հիվանդությունների արագ տարածմանը: Փորձագետները համոզված են, որ այս կարգի սննդամթերքի երկարատեւ օգտագործման հետեւանքով կարող են առաջանալ նաեւ ալերգիկ, մաշկային հիվանդություններ, աղիների խրոնիկական բորբոքումներ:

Սեւեռվելով բացառապես ժամկետանց, անորակ սննդամթերքի վրա, հայ սպառողը բոլորովին տեղեկացված չէ այս վտանգավոր խնդրի մասին: Գենային ինժեներիայի ներխուժումը շրջակա միջավայր, այսինքն, բնության հավասարակշռության խախտումը, ինչպես նմանօրինակ այլ դեպքերում, իր օրենքներից հեռացած մարդուց բնության վրեժխնդրության հերթական արտահայտությունն է: Այս դեպքում էլ մարդը դաժանորեն վճարում է իր հերթական մոլորության համար:

ԳՄ բույսերը չափազանց կայուն են վնասատուների, հերբիցիդների, մանրէների բացասական ներգործությունների հանդեպ: Դրանք նաեւ ցրտադիմացկուն են, աչքի են ընկնում բարձր բերքատվությամբ: Առավելագույն շահույթ ապահովող այս կարեւոր հատկանիշներն էլ նպաստել են, որ այդ սկզբունքով աճեցված բույսերն ու բանջարեղենը կարճ ժամանակում հսկայական տարածքներ գրավեն ամբողջ աշխարհում: Վիճակագրական տվյալների համաձայն, տրանսգենները հիմնականում աճեցվում են ԱՄՆ-ում ու Կանադայում: 2004 թվականին ԳՄ բույսեր են աճեցվել 125 մլն ակր տարածության վրա, 10 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: ԳՄ բույսերն ու բանջարեղենը Հայաստանում հայտնվեցին գլխավորապես հումանիտար օգնությամբ առաքված սննդամթերքի միջոցով:

Եվրամիության ստանդարտներով, սննդամթերքի մեջ ԳՄ օրգանիզմի միայն 0,9 տոկոսն է թույլատրելի: Մեր արտադրողներն ու ներկրողները զլանում են նույնիսկ պիտակավորման տարրական պահանջները կատարել, ուր մնաց ԳՄ օրգանիզմների մասին որեւէ հիշատակում անեն: Առավել եւս եթե այս տեսանկյունից բոլորովին թափուր է մեր օրենսդրական դաշտը:

Ամբողջ աշխարհում սոյան հայտնի է իբրեւ գենային ինժեներիայի սկզբունքներով աճեցված բույս: Հայաստանում քաղցրավենիքի գրեթե բոլոր արտադրություններում, հատկապես շոկոլադի, կոնֆետների բաղադրության մեջ առատորեն օգտագործվում է սոյա: Սպառողները շարունակում են կուրորեն օգտագործել դրանք:

ԳՄ օրգանիզմի ազդեցության խնդրով մտահոգ գիտնականները այն համեմատում են ատոմային ռումբի ներգործության հետ: Եթե ԳՄ օրգանիզմի առաջացրած փոփոխություններն անցնում են գենետիկ մակարդակ, ապա նշանակություն չունի, թե մեկն օգտագործել է այդպիսի մթերք, մյուսը` ոչ: Սերնդափոխության մեջ այն սկսում է արագ շրջանառվել:

ԳՄ օրգանիզմների ազդեցության մեխանիզմը, այնուամենայնիվ, լիովին ուսումնասիրված չէ: Դեռ ճշտված չէ, թե արդյոք ազդում է նաեւ ղեկավար գեների վրա: Այսինքն, անակնկալներ միշտ էլ կարող են լինել: Հայտնի չէ, թե ինչպիսի երեխա կծնվի այն մորից, որ երկար ժամանակ օգտագործել է այդպիսի սննդամթերք:

ՀՀ առողջապահության նախարարի անցած տարվա մարտի 28-ի հրամանով ներկայացվեց Հայաստան մուտք գործած գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից ստացված սննդամթերքի ցանկը: Ըստ այդմ, այդ սննդատեսակների պիտակների վրա պարտադիր պետք է նշվի ԳՄ օրգանիզմի առկայության մասին: Ավելորդ է ասել, որ այդ իրավական ակտի պահանջներն ընդհանրապես չեն կատարվում: Նկատի առնելով, որ մեր բնակչությունը շատ քիչ է տեղյակ եւ այս խնդրին, եւ առավել եւս նախարարի այս հրամանին, ներկայացնում ենք ցանկի մեջ ներառված եւ Հայաստանում վաճառքի ներկայացվող այդ սննդատեսակներից գլխավորները:

Ցանկի առաջին տողում սոյան է` սոյայի հատիկներ, սոյայի կաթ, սոյայի յուղ, սոյայի ալյուր, պահածոյացված, սոյայի սոուս, սոյայի կաթով ստացված ըմպելիք, պաղպաղակ, մայոնեզ, տոֆու, եփած սոյա:

Հաջորդը եգիպտացորենն է` սննդում անմիջապես օգտագործման ձեւով (ալյուր, ձավարեղեն եւ այլն), սառեցված ու պահածոյացված եգիպտացորեն, պոպկորն (ադի-բուդի), եգիպտացորենի չիպսեր, խառը ալյուր` 5 տոկոսից ավելի եգիպտացորենի պարունակությամբ, եգիպտացորենի կրախմալ, յուղ, օշարակ:

Երրորդ տեղում կարտոֆիլն է` արագ վերականգնվող չորացրած կարտոֆիլ, կարտոֆիլային չիպսեր, կարտոֆիլային կրեկերներ, կարտոֆիլային կիսաֆաբրիկատներ, կարտոֆիլի ալյուր` յուղաբլիթների համար, վարենիկի կիսաֆաբրիկատներ, պահածոներ կարտոֆիլից, չորացրած կարտոֆիլ` արագ եփվող, կարտոֆիլային խուշուրահաց (խվորոստ):

ԳՄ օրգանիզմներ են համարվում նաեւ մոդիֆիկացված կրախմալը, բամբակի յուղը, կանոլայի յուղը, լեցետինը:

Անմիջականորեն բնական միջավայրում տրանսգենների ավերիչ ներգործություններն արդեն արձանագրվում են: ԳՄ օրգանիզմ բույսերն ավելի կենսունակ են եւ ակտիվորեն դուրս են մղում շրջակայքի բնիկ տեսակներին: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն բուսատեսակներին:

Կենսաբանները նշում են թիթեռների անհետացման դեպքեր այն տարածքներից, որտեղ այդպիսի բույսեր են աճեցվել: Տրանսգեն կարտոֆիլով սնված մկների մոտ գիտնականները մի քանի տարի անց քաղցկեղ հայտնաբերեցին, իսկ նույնպիսի սնունդ տված ձկների ոչ միայն չափերը մեծացան, այլեւ դրանք կանաչ գույն ստացան: Մենք չգիտենք, թե այսօր մերՙ ԳՄ օրգանիզմների անվերահսկելի օգտագործման պատճառով ինչպիսի անսպասելի խնդիրներ կարող են առաջանալ հաջորդ սերունդների առջեւ: Ապացուցված է, որ մեր օրգանիզմում գենային «աճպարարությունները» ունակ են բոլորովին նոր, մուտացված տոքսիններ առաջացնել: Ուսումնասիրվել է տարիներ ԳՄ օրգանիզմ սննդամթերք ընդունած մի ընտանիք: Ընտանիքի անդամներից 3-ի վրա անտիբիոտիկները ընդհանրապես որեւէ ներգործություն չեն ունեցել: Նրանց օրգանիզմը յուրացրել էր ԳՄ օրգանիզմների որոշակի գեներ, որոնք անհամեմատ ուժեղ ու կայուն էին այս դեղամիջոցի ազդեցության նկատմամբ:

Այնպես որ, քանի դեռ մենք լիովին անպաշտպան ենք այս նոր չարիքի դեմ, հարկադրված ենք անել գոնե նվազագույնը` որեւէ սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել դրա բաղադրամասերի մակնշմանը (եթե, իհարկե, առկա են պիտակի վրա), եւ եթե հանդիպենք վերոնշյալ մթերքներից որեւէ մեկին, հիշենք, որ դրանք ԳՄ օրգանիզմ են եւ հրաժարվենք գնելուց:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4