Հունիսի 22-ին, ժամը 18-24-ը Լոռու մարզի գրեթե ողջ տարածքում, առավելապես Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի համայնքների մեծ մասում տեղացած առատ խոշորահատիկ կարկուտի, հորդառատ անձրեւի, ուժգին քամու, անձրեւից առաջացած հեղեղների պատճառով 90-100 տոկոսով վնասվել եւ ոչնչացվել են բոլոր մշակաբույսերի ցանքատարածությունները, շարքից դուրս են եկել բնակարանների տանիքները: Առավելապես տուժել են կարտոֆիլի, հացահատիկի, բանջարեղենի ցանքերն ու պտղատու այգիները: Կարկուտի տեւողությունն այնքան երկար էր եւ կարկտահատիկների չափն այնքան մեծ, որ հունիսի 23-ի կեսօրին անգամ Ամրակից, Գյուլագարակ, Գառգառ, Վարդաբլուր, Կողես, Լոռի Բերդ, Բովաձոր, Ուրասար, Նովոսելցովո, Կաթնառատ, Սեղվահովիտ, Բլագոդարնոյե համայնքների, Ստեփանավան քաղաքի ճամփեզրերին ու բուսածածկույթի մեջ բավականին հաստ շերտով մնացել է տեղացած կարկուտը: Մեծ վնասներ են պատճառվել նաեւ Վանաձոր քաղաքին, շրջակա համայնքներին:
Լոռու մարզպետարանի եւ մարզի արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության վարչության օպերատիվ շտաբը հունիսի 23-ի առավոտից սկսեց ամփոփել ստացող ահազանգերը, մասնագետները գործուղվեցինՙ տեղում ուսումնասիրելու իրավիճակը եւ փաստացի վնասի չափերը ճշտելու:
Մարզպետ Հենրիկ Քոչինյանն ահազանգող հեռագիր է հղել ՀՀ կառավարությունՙ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, գյուղնախարարին, կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունՙ խնդրելով մասնագետներ գործուղելՙ տեղում իրական վնասների չափերը ճշտելու եւ տուժած ազգաբնակչությանն օգնելու առաջարկություններ մշակելու համար:
Տեղեկացնելով այս ամենի մասինՙ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը հայտնեց, որ տարեց բնակիչների վկայությամբ նման ծավալների եւ ուժգնության կարկուտ վերը նշված համայնքների տարածքներում երբեւէ չի եղել:
«Փաստորենՙ շարքից դուրս է եկել առատ բուսածածկույթը, բավական լավ բերքի ակնկալիք ունեցող գյուղացիները հերթական անգամ հայտնվել են անելանելի վիճակում,- ասաց Վ. Բունիաթյանը:- Եղած մշակաբույսերի մեծ մասից այլեւս հնարավոր չէ որեւէ բերք ստանալ:
Կարտոֆիլացանքսի որոշ հատվածներում լրացուցիչ մշակման եւ սնուցման շնորհիվ գուցե հնարավոր է ստանալ գոնե սերմացու տնկանյութ»:
Մարզպետարանի մասնագիտական հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում կճշտի տարբեր համայնքների վնասների չափերը:
Երեկ Ստեփանավանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ քաղաքում եւ շրջակա գյուղերում տեղացած աղետալի կարկտահարության, ուժգին կայծակի, քամու հետեւանքով վնասվել է ցանքատարածության 100 տոկոսը: Ըստ Ստեփանավանի օդերեւութաբանական կենտրոնի տվյալներիՙ քամու ուժգնությունը 1 վրկ-ում հասել է 22 մետրի, իսկ կարկուտի տեղումների նստվածքի չափըՙ 30-40 սմ-ի: Վնասվել են 700 հա կարտոֆիլի, հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններ, 1000 քմ անասնապահական օբյեկտներ, 1000 հա ցանովի եւ բնական խոտադաշտեր, 25 հա խնձորի, տանձի, սալորի բերքատու այգիներ: Զգալի վնաս է հասցվել բազմաբնակարան շենքերի տանիքներին, ջարդվել են ապակիները: Շենքերի նկուղային հարկերը լցվել են անձրեւաջրերով, վնասվել են կոյուղագծերը: Առանձնատներում անձրեւաջուրը հասել է մինչեւ առաջին հարկ: Ըստ մասնագետներիՙ բնական այս աղետը բացառիկ երեւույթ էր:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր