Բեռլինում անցկացված տնտեսական ֆորումըՙ հպանցիկ ակնարկով
Ինչպես արդեն հաղորդել էինք, առաջին անգամ ԳԴՀ-ում աշխատանքային այցով գտնվող Անդրանիկ Մարգարյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը հունիսի 22-ին առաջինն ընդունել է Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ եւ Բեռլինում ներկայացուցիչ Ռուդոլֆ Քյոբերլեն:
Երեքշաբթի է, բայց մեզ համար տոն է, որովհետեւ հյուրընկալել ենք Հայաստանի վարչապետին, «Ազգի» հետ զրույցում փոխանցում է Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետի խոսքերը Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, որ ընդհանրապես շատ ջերմ է գնահատում գերմանական կողմի կազմակերպած բարձր մակարդակի ընդունելությունը: Նույն օրը կայացել են նաեւ Բեռլինի քաղաքապետ Քլաուս Վովերայթի եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հայդեմարի Վիչորեկ-Ցոյլի հետ հանդիպումները: Վիչորեկ-Ցոյլի եւ Անդրանիկ Մարգարյան զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Հայաստանի հեռավոր շրջանների ջրամատակարարման բարենորոգման ծրագիրը, որն իրականացնելու համար գերմանական կողմը լրացուցիչ 8 միլիոն եվրո է պատրաստ ներդնել: Վարչապետ Մարգարյանը Հայաստանի տնտեսության մեջ Գերմանիայի առավել ակտիվ ներգրավվման ցանկություն է հայտնել: ԳԴՀ տնտեսական զարգացման նախարարը նկատել է տվել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը խոչընդոտող ղարաբաղյան հակամարտությունը:
Իսկ հունիսի 23-ին Բեռլինի Բրայթե պողոտայում գտնվող գերմանական տնտեսության պալատի ապակեպատ հսկա շենքում մեկօրյա ներկայություն ունեցավ Հայաստանըՙ իր 20-ից ավելի ֆիրմաների արտադրատեսակներով ու նաեւ Հայաստանի տնտեսությանը նվիրված զեկուցումներով:
Հայ-գերմանական տնտեսական հարաբերությունները հուսալի մակարդակի վրա են, ողջունելով դահլիճում ներկա 200-ից ավելի գերմանացի եւ հայ հետաքրքրվածներին ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում կարծիքով, տնտեսական օրվա նպատակը գերմանա-հայկական տնտեսական համագործակցության խորացումն ու հեռանկարային զարգացումն է: ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, թե ԵՄ-ն ցայժմ Հայաստանի ամենամեծ տնտեսական եւ առեւտրային գործընկերն էՙ իր 150 միլիոն եվրոն գերազանցող առեւտրային ծավալներով: Պարոն Մարգարյանի ներկայությունը միջոցառմանը երկար չի տեւել Բրանդենբուրգ երկրամասում ծրագրված հանդիպումների պատճառով:
Միջոցառման մոդերատոր, թարգմանիչ Րաֆֆի Քանդյանի տպավորությամբ, ընդհանրապես հայկական կողմի բոլոր ելույթներն էլ ունկնդրելի են եղել, սակայն առավել հետաքրքրական է եղել փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանինը: Իմ ուրիշ զրուցակիցներ էլ, մասնավորապես բեռլինաբնակ փաստաբան Ստեփան Թաշչյանը, հաստատեցին նույնը: Նրանց միջոցով փորձենք հաղորդել ընդհանուր տրամադրությունը, որը հակիրճ կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպՙ գերմանացիների մեջ կա որոշակի հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դաշտում ներկայություն ունենալու: Այլ կերպ չես բացատրի այն հանգամանքը, որ տնտեսության պալատում գերմանացի գործարարներ են եղել երկրի նույնիսկ հեռավոր շրջաններից, նաեւ մոսկովյան մասնաճյուղերից: Ներկա են եղել գերմանական մամուլի ներկայացուցիչներ, մասնավորապես «Օսթ-վեսթ կոնտակտ» հանդեսի աշխատակիցը հետաքրքրություն է հայտնել տպագրել հայկական կողմի ելույթները:
Հպանցիկ ներկայացնենք փոխարտգործնախարար Շուգարյանի ելույթն ու նրան ուղղված փաստաբան Թաշչյանի հարցը: «Հայաստան. արդի քաղաքական իրավիճակը եւ եվրոպական ինտեգրացման ուղիները» վերնագրյալ իր ելույթում պարոն Շուգարյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանըՙ մասնավորապես նշելով, որ Հայաստանի հեռանկարային նպատակն է Եվրոմիությանն անդամակցումը եւ առաջին հերթին երկրում եվրոպական ստանդարտներ պիտի ստեղծվեն: Նա խոսել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայաստանիՙ Թուրքիայի կողմից շրջափակմանը փոխարտգործնախարարը նշել է, թե իրականում փակ է սահմանը Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի միջեւ: Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չլինելով, գործակցում է այս կառույցի հետ, եւ Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակումը շրջափակում է նաեւ Հայաստանը ՆԱՏՕ-ից: Սահմանի բացումը կապահովի Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության առկայությունը, ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման լավագույն տարբերակը Հայոց ցեղասպանության փոխհատուցման պահանջը համարելով փաստաբան Ստեփան Թաշչյանն իր հարցն ուղղել է ինչպես պարոն Շուգարյանին, այնպես էլ Բունդեսթագի հարավկովկասյան խմբակցության նախագահ Քրիստոֆեր Բերգներին: Առաջինն ասել է, թե Հայաստանի պաշտոնական տեսակետն է շրջափակումն ու փոխհատուցման պահանջն իբրեւ անջատ հարցեր դիտարկելը: Բունդեսթագի հարավկովկասյան խմբակցության նախագահը խուսափել է հարցի կոնկրետ պատասխանից: Երբ նրան փաստաբանը հարցրել է, թե Հայոց ցեղասպանության մեջ ոչ միայն հանցակցություն, այլեւ անմիջական պատասխանատվություն կրող Գերմանիան հետաքրքրված չէ՞ արդյոք փոխհատուցման պահանջով Հայաստանի ապաշրջափակմանն օգնելու, պարոն Բերգներն ասել է, թե Բունդեսթագը դատապարտում է կայզերական Գերմանիայի լռելու քաղաքականությունը եւ հիշեցրել կենտրոնանալ այն անձանց գործունեության վրա, ովքեր ժամանակին այլ վարքագիծ են ցուցաբերելՙ օրինակ բերելով Լեփսիուսին:
Իմ երկու զրուցակիցների կարծիքով, շատ առարկայական է եղել նաեւ ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթը: Բայց ներկաներից առավել ուշադիրների աչքից չի վրիպել, որ նրա ներկայացրած ՀՀ-ի արտահանման թվերն ու գերմանական կողմիՙ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների միության տնօրենների վարչության անդամ Ուլրիխ Դիիտշի ներկայացրածի միջեւ մեծ տարբերություն է եղել: Ելույթներում քննադատական կամ ինքնաքննադատական մոտեցումը բացակայել է: «Մանր հարցերիՙ կաշառակերության, ստվերային տնտեսության, բյուրոկրատիայի» մասին թեթեւ հումորախառն ակնարկել է միայն Ուլրիխ Դիիտշը, որի խոսքի մեջ սակայն տիրապետող է եղել լավատեսությունը, «թվարկած բոլոր խնդիրները կլուծենք», ասել է նա:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա