«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2004-06-25 | #118, 2004-06-26 | #119, 2004-06-29


ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համահայկական գրական առաջին համաժողովին (2002 թ.) հաջորդած երկու տարիների ընթացքում հաջողվեց իրականացնել այն խնդիրները, որոնք իր առաջ դրել էր Հայաստանի գրողների միությունը: Առաջինը միմյանց ճանաչելու, ուսումնասիրելու առաքելությամբ էր կազմակերպվել, քանի որ խորհրդային համակարգն, այնուամենայնիվ, զանազան անջրպետներ էր առաջացրել հայության երկու հատվածների, նրանց գրականության եւ մշակույթների միջեւ: Այդ համաժողովի ընթացքում ծնվեցին սփյուռքյան գրողներին համախմբելու եւ համահայկական գրական հիմնադրամ ստեղծելու գաղափարները, որոնք ընթացիկ երկու տարիներին իրականության կոչվեցինՙ մասնավորապես գրողների միության ղեկավարության եւ սփյուռքահայ գործընկերների ջանքերով: Հիմնադրամի առաջին քայլն արվեց հեռուստամարաթոնի միջոցովՙ հանրային հեռուստատեսությամբ, որին հաջորդող դրամահավաքները նաեւ սփյուռքումՙ արդյունավորվեցին 200.000 դոլար գումարով, հավելած Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 100.000 դոլար նվիրատվությունը, որն օգտագործվելու է ըստ պետս (խրախուսական մրցանակներ, հրատարակություններ, օգնություններ կարիքավոր գրողներին): Անցած տարի նոյեմբերին Կալիֆոռնիայի հայ գրողների հիմնադիր համագումարով (140 մասնակից), ըստ էության, սկիզբ դրվեց Հայաստան-սփյուռք գրական համախմբումի, ապա դա իր շարունակությունն ունեցավ Մերձավոր Արեւելքումՙ Անթիլիասում: Գործնականում Հայաստան-սփյուռք ընդհանուր գրական դաշտի ստեղծման համար անհրաժեշտ է սփյուռքյան գրական միավորումների գոյությունըՙ «Մեկ ազգ, մեկ գրականություն» նշանաբանով:

Միայն վերջերս հայ գրողների պատվիրակությունը վերադարձել է Թեհրանից, ուր այցելել էրՙ նախապատրաստելու իրանահայ գրողների միավորման տարեվերջյան համագումարի աշխատանքները: Այս քայլերն, ըստ էության, կարող են կենսականորեն ապահովել Հայաստան-սփյուռք գրական կապերըՙ մթնոլորտների հնարավորինս մերձեցման առումով:

Համահայկական գրական երկրորդ համաժողովին, որի հանդիսավոր բացումը կատարվեց երեկ գրողների միության մեծ դահլիճում, մասնակցում էին աշխարհի 17 երկրներից 60 գրողներ: Իրենց բացակայության հարգելիությունը հավաստող եւ համաժողովի աշխատանքներին հաջողություն մաղթող հեռագրեր էին ստացվել Սեւդա Սեւանից (Բուլղարիա), Գրիգոր Պլըտյանից (Ֆրանսիա), Մանվել Ադամյանից (Անգլիա), Րաֆֆի Կանտյանից (Գերմանիա), վերջին պահին ընտանեկան հանգամանքների թելադրանքով չէին կարողացել այցելել հայաստանյան ընթերցողին սիրելի պոլսահայ բանաստեղծներ Զահրատը եւ Խրախունին:

Մինչ համաժողովի բացումը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ցավոք, տեխնիկական վրիպումով, ապա համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ օպերային թատրոնի երախտավոր Տիգրան Լեւոնյանի ցավալի կորուստը: Նախընթաց տարիների գործունեության մասին հաշվետու ելույթով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, հստակեցնելով երկրորդ համաժողովի հիմնական խնդիրները հետեւյալ թեմաներովՙ ազգային դպրոց, ազգային գրականություն, պատմական հիշողությունը եւ ժամանակակից հայ գրականությունըՙ մեկ գրականությունՙ ընդհանուր չափանիշներ սկզբունքով: Մտահղացվել են նոր ծրագրեր, մասնավորապես Ծաղկաձորում եկող տարի նախատեսվել է անցկացնել համահայկական երիտասարդ գրողների հավաք, արդեն ուրվագծվում է Համահայկական 3-րդ համաժողովի անցկացման վայրը սփյուռքյան հայահոծ համայնքներից մեկում:

Համահայկական խնդիրներին միտված գրականության, արդի փուլում գրողի դերի, գրական համախմբումի նշանակության, ազգային միասնական ոգին բարձրացնելու, հոգեւոր կյանքը զորացնելու բովանդակությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ուղերձներն ընթերցվեցին համաժողովում:

Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի բանաստեղծականությամբ հագեցած ողջույնից հետո, ազգային ինքնության պահպանման, ներկա վիճակների տագնապների մասին իր խոսքում ամենայն հայոց բանաստեղծուհինՙ Սիլվա Կապուտիկյանը, նկատեց, որ եթե տրվենք «ծանր մտածումների թեւաթափող տարերքին, ոչինչ չենք կարող անել», բայց այդ տարերքը հետզհետե դառնում է ավելի լափողՙ դատարկվում են ոչ միայն հողը, նաեւ մարդկանց հոգիները, փակվում են սփյուռքի ազգապահպան կառույցները, ինչպես Մելքոնյանը, գրողը հայտնվում է անել, դատարկ տարածության առաջ. ինչպե՞ս հրատարակել գիրք եւ հանգչած չտեսնել գրախանութների լուռ դարակներինՙ հանդիպելով հասարակության կոշտ անտարբերությանը: Հիմա արդեն հայաստանցի գրողը կարող է հասկանալ սփյուռքյան գրական տագնապը, սփյուռքահայ գրողի համառ նվիրումըՙ հայ գիրը տարագիր ափերում ապրեցնելու դժվարին ճիգը: «Հոգեկան կուտակումների այս միախառնումը մեր գրականության մեջ անհրաժեշտ է, ինչքան էլ ճշգրիտ լինի ուծացման թվաբանությունը, միեւնույն է, մեր ժողովուրդները պետք է ապրենՙ աշխարհին ասելու համար իրենց ճշմարտությունը»:

Սփյուռքի գրական կազմակերպություններից ելույթ ունեցողներըՙ Բեյրութից Սարգիս Կիրակոսյանը, Կալիֆոռնիայի հայ գրողների ընկերակցությունից Գրիշա Դավթյանը, Իրանիցՙ Վարանդը, Բուլղարիայից Հակոբ Օրմանջյանը, Արցախից Վարդան Հակոբյանը, Վրաստանից Ռեւազ Միշվելաձեն, ողջունեցին համաժողովըՙ փորձելով վերագտնել, վերահաստատել ազգային ճշմարիտ գրականության եւ գրողի դերը ժամանակների խուռնընթաց տարերքում:

Համաժողովը մեկընդմեջ ընդհատող գեղարվեստական հայտագիրը ներկայացրին դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, ասմունքող Մարինա Հովհաննիսյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը եւ ուրիշներ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4