«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2004-06-26 | #119, 2004-06-29 | #120, 2004-06-30


ԺԱՄԱՆԱԿԸ ԲՐՈՆԶԵ ԹԱՓԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ

Մարիամ Հակոբյանի ցուցահանդեսի առիթով

Գեղարվեստի ակադեմիայի Ալբերտ եւ Թոմ Բոյաջյան ցուցասրահում օրերս վերջին տարիների իր աշխատանքներն էր ներկայացրել քանդակագործուհի Մարիամ Հակոբյանը: 1999 թ. նկարիչների միության սրահում 100 քանդակային եւ 40 գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունից հետո այս նոր գործերին ավելի բնորոշ են փիլիսոփայական մոտեցումները («Ժամանակ», «Փոխակերպություն», «Հրեշտակը», «Լույսի ճանապարհ», «Հոգու աչքեր», «Ռեքվիեմ», «Արեւի դուստրերը», «Տարածության եւ ժամանակի միջով», «Փոփոխությունների գետը», «Դրախտի դարպասներ», «Գր. Լուսավորիչ». քանդակներից յուրաքանչյուրը մի պատմություն ունի, ներքին մի վիճակ, որ խորհրդածելու եւ քանդակագործուհու հետ երկխոսության տրամադրություն է ստեղծում: Հետաքրքրությունների եւ թեմատիկայի բազմազանության մեջ, այնուամենայնիվ, առանձնանում եւ որոշակիանում է աշխատանքների մեջ դրված ժամանակի գաղափարը: Ցուցահանդեսի ընդհանուր կոմպոզիցիայի հենքը եւ բնորոշիչը թերեւս ներքին հոգեւոր զարգացման ճանապարհի փուլերն են: Աշխատանքներից մեկում («Ժամանակը») հայկական հին ժայռապատկերային սիմվոլիկան հարթաքանդակային ձեւովՙ ժամանակների փոփոխության եւ նոր իրականության անցնելու մոտիվներով է արտահայտված:

Քանդակներին բնորոշ դինամիկան, ամեն ինչ փոփոխությունների, ձեւերի, փոխակերպումների մեջ արվող դիտարկումները բացահայտում են արվեստագետի աշխարհայացքային որոշ ասպեկտներ. «Մարդը դրված է որոշակի շրջանակների մեջ: Միայն նյութական աշխարհը չէ, նաեւ հոգեւոր աշխարհն է մեզ ներառում եւ նյութական աշխարհը շատ քիչ բան է որոշում: Հոգու աչքերը պետք է բաց լինեն Լույսի առաջ»: Քանդակագործուհին դյուրորեն է հաղթահարում նյութի դիմադրությունը, օգտագործում է նյութի տարատեսակներ, մոնումենտալ աշխատանքների վրա ավելի հաճախ լուծումներ գտնում է համադրումների միջոցով, օրինակՙ բրոնզը զուգորդելով քարին:

Վերջին շրջանիՙ 2002-2003-ի աշխատանքներում տիրապետող ժամանակ հասկացությունըՙ նոր աշխարհի, նոր մտածողության, անակնկալ փոփոխությունների ծնունդն են խորհրդանշում: Այս փոփոխուն աշխարհի մեջ ժամանակի անիվը, որ առաջ է մղում եւ տանում մարդուն, վերադարձի սպասումներով է հղի («Նոր տիեզերք», «Կանչող հեռու»): Մարիամ Հակոբյանը դավանում է արվեստումՙ նվիրումի սկզբունքը. «Մարդկային կյանքն իմաստավորվում է, երբ նա ստեղծագործում է, արարումՙ հավատարիմ մնալով իր գործինՙ ողջ հոգով եւ մարմնով»:

Մարիամ Հակոբյանը բազմիցս մասնակցել է Ռավեննայի բիենալեներին. 1998-ին ներկայացրել է «Լույսի ճանապարհներ», «Դրախտի դարպասներ» աշխատանքները: Արդյունավետ եւ բեղուն է եղել հատկապես 2001 թ., երբ մոսկովյան ցուցահանդեսից հետո հրավեր ստացավ Չինաստանից եւ այժմ Չանչունում, Ֆուժոուում, Պեկինում տեղադրված են նրա «Հաց» (գրանիտ), «Ժամանակի անիվը» (գրանիտ), «Կանչող հեռու» (գրանիտ, 2003), «Եղիցի կյանք» (մարմար, 2002 թ.) քանդակները, ապա եւ այցելեց Վիեննա, Ավստրիայի մայրաքաղաքում տեղադրելու «Հավատք» (բազալտ) մոնումենտալ կոթողը:

Երեւանյան այս ցուցահանդեսում ներկայացված «Ռեքվիեմ» աշխատանքի առաջին տարբերակը գտնվում է Վաշինգտոնում հրեաների ցեղասպանության («Հոլոքոստի») թանգարանում:

Մասնակցելով տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին, սիմպոզիումներին, բիենալեներին (Ռուսաստան, Իտալիա, Հունաստան, Նորվեգիա, Գերմանիա, Չինաստան, Լիտվա, Ֆրանսիա եւ այլն)ՙ Մ. Հակոբյանն արժանացել է պարգեւների եւ մրցանակներիՙ 2001 թ. Վիեննայում ստացել է 1-ին մրցանակՙ Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առթիվ, Չինաստանում 2001 թ. կազմակերպված «Քար-հուշարձան» մրցույթինՙ 2-րդ մրցանակ, բրոնզե մեդալՙ Ռավեննայի 1996 թ. XIII միջազգային բիենալեին եւ այլն:

Մարիամ Հակոբյանը հիմնադիրն ու նախագահն է «Նորեոն» ստեղծագործական կենտրոնի, որն աշխատանքներ է տանում հայ արվեստագետներին աշխարհի մշակութային գործընթացներում ինտեգրելու ուղղությամբՙ կազմակերպելով ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, տրամադրում տեղեկություններ արվեստի աշխարհում տեղի ունեցող ամենաթարմ նորությունների մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4