«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ԱԿՆՀԱՅՏ Է ԳԵՐՄԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Գնահատել է Յոշկա Ֆիշերը, իսկ գերմանացի գործարարներն ընդգծել ենՙ մեր տնտեսական կապերը թույլ են, հետեւաբար զարգանալու տեղ ունեն

«Ազգի» հունիսի 25-ին լույս տեսած «Հայաստանի տնտեսության մեջ ներգրավվելու հետաքրքրություն կա» Բեռլինում կայացած տնտեսական ֆորումի մասին պատմող մեր հրապարակման մեջ մի շատ կարեւոր հատված ինտերնետային կապի վատ որակի պատճառով դուրս էր մնացել: Այն տրամադրությունն էինք հաղորդել, թե հայկական կողմի հնչեցրած բավական լավ ձեւակերպում գտած ելույթներին ի պատասխան գերմանական կողմից ընդհանուր առմամբ քննադատություն չէր եղել: Գերմանական տնտեսության պալատում օրվա ավարտին, հատկապես հարցուպատասխանի ժամանակ կոնկրետ հասցեագրված քննադատության դեֆիցիտ չի եղել: Հնչած քննադատությունն ինքնանպատակ չի եղել, եւ մասնակիցներիՙ մասնավորապես միջոցառման մոդերատոր եւ թարգմանիչ դոկտ. Րաֆֆի Քանդյանի պնդմամբ, առավել ընդգծել է գերմանացիներիՙ Հայաստանի հանդեպ ունեցած տնտեսական լուրջ հետաքրքրությունները: Մտաբերելով 2000 թվականին նույն վայրում անցկացված առաջին բիզնես ֆորումը, որը լի էր հոկտեմբերի 27-ից բխող անորոշության, անվստահության մթնոլորտով, եւ համեմատելով գերմանական կողմի 4 տարի առաջ հնչեցրած դժգոհություն-դիտողությունները անցյալ շաբաթ արված հայտարարությունների հետ, կարելի է հուսալ, որ սրան հետեւած ժամանակահատվածում ներդնելու պատրաստակամությունը գերմանական կողմից չի նվազի, հայկական կողմն էլ խոչընդոտներն արագ վերացնելու խոստումները չի հետաձգի: Հունիսի 23-ին կայացած գերմանա-հայկական երկրորդ տնտեսական ֆորումում հնչած հետաքրքրական ձեւակերպումների ու դրանց նշանակության, նաեւ հայ-գերմանական հարաբերությունների նոր փուլի մասին զրուցում ենք Րաֆֆի Քանդյանի եւ Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հետ:

- Պարոն Քանդյան, Ձեզ շատ էր դուր եկել փոխարտգործնախարար Շուգարյանի ելույթը: Հայ մասնակիցներից շատերն են հիացած, իսկ գերմանացիների կարծիքին ծանոթացա՞ք:

- Գերմանացի իմ զրուցակիցներն ասացին, որ փայլուն բանավոր ելույթ էր, կառուցողական, շարադրանքով անթերի: Գերմանիայում գնահատվում է այդպիսի ելույթը: Կուզենայի հատկապես ընդգծել, որ շատ կարեւոր էր լսարանըՙ գերմանական մամուլի, տնտեսական ու քաղաքական ոլորտների ներկայացուցիչներ: Պարոն Շուգարյանի հնչեցրածՙ «ԵՄ անդամ կդառնանք այն ժամանակ, երբ կհասնենք եվրոպական ստանդարտներին» ձեւակերպումը թերեւս հակադիր ակնարկ էր պարունակում Թուրքիայի ու Վրաստանիՙ այսօր-վաղը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամությանն ուղղված: Ուշագրավ էր նաեւ ԱԳ փոխնախարարիՙ «Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից խոչընդոտում է ՆԱՏՕ-ի գործընկերությանը Հարավային Կովկասում» դիտարկումը, այն հանելով հայ- թուրքական նեղ ենթատեքստից եւ դնելով միջազգային ենթատեքստի մեջ, հիմնավորում, որը հատկապես նշանակալից էր արեւմտյան լսարանի համար:

Կուզենայի առանձնացնել նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւՙ տրանսպորտային խնդիրների մասին պատմող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի զուսպ ու հետաքրքրական ելույթները:

- Գերմանացի հնարավոր ներդնողների քննադատությունը, Ձեր դիտարկմամբ, դրական շեշտադրումներով է աչքի ընկնում: Ասել է թե մոտեցման մեջ փոփոխություն կա, ինչը պայմանավորված է նաեւ միջազգային հեղինակավոր Heritage foundation-ի, Wall Street Journal-ի ՙ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանի տնտեսությունն ամենաազատամիտն է գնահատականով:

- Այո: Ով հետաքրքրված է, ծանոթ է այս գնահատականին: Անցյալում թվարկում էինՙ այս, այս թերությունները կան, հետեւաբար չենք գա, հիմա 300-ից ավելի գերմանական ընկերություններ ներառող հաստատությանՙ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների միության տնօրենների վարչության անդամ Ուլրիխ Դիիտշը խոսելով թերությունների մասին, ասում էՙ միասին պիտի հաղթահարենք բոլոր խնդիրները: Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի կառավարիչ Օլիվեր Վիիքը Հայաստանի տնտեսական մեծ աճի մասին բազմիցս հնչած դիտարկմանն ակնարկեց տնտեսական աճի մեկնակետի մասինՙ շատ ցածր մակարդակից հաջողության հասնելն ավելի հեշտ է: Բայց, անմիջապես հավելեցՙ մակրոտնտեսական տվյալները լավն են: Գերմանացիները բազմիցս նշեցինՙ մեր տնտեսական կապերը թույլ են, հետեւաբար զարգանալու տեղ ունեն: Ասել է թե ի հեճուկս խոչընդոտների, մարդիկ լրջորեն ուզում են ներդրում անել, հիմա վերլուծությունների փուլում են: Իմ կարծիքով, հայկական շուկա մտնելու հավանականությունը մեծ է: Գալով հայկական կողմիՙ խոչընդոտները արագ վերացնելու խոստումներին, ցանկություն հայտնենք, որ հետեւողականության արդյունքում դրանք իրականություն դառնան:

- Տիկին Ղազինյան, աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Մարգարյանին ընդունեց ԳԴՀ արտգործնախարար Ֆիշերը: Եթե մտաբերենք, թե երկու ամիս առաջ էր դաշնային արտգործնախարարը հանդիպել նախագահ Քոչարյանին, կարելի՞ է խոսել Հայաստան- Գերմանիա որակական նոր հարաբերությունների մասին, որտեղ խոսակցելու թեմաներից առաջնայինը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են ու ԼՂՀ հիմնահարցը:

- Այս տարի ապրիլին տարածաշրջանային մեծ այցի շրջանակներում Ֆիշերի` Երեւան ժամանումը եւ հանդիպումը նախագահ Քոչարյանի հետ, իսկապես կարեւոր դեր խաղացին հայ-գերմանական քաղաքական երկխոսության ակտիվացման գործում, որի սկիզբը դրվել էր անցյալ տարի ՀՀ նախագահի, ապաՙ ՀՀ արտգործնախարարի Գերմանիա այցերով: ԳԴՀ արտգործնախարարի խոսքերովՙ ակնհայտ է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: ՀՀ վարչապետի հետ հանդիպման սկզբում Ֆիշերը հիշեց ՀՀ նախագահի հետ իր ունեցած կառուցողական զրույցը եւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման տրամաբանական շարունակություն համարեց տնտեսական կապերի աշխուժացման ակնկալիքներով Բեռլին ժամանած հայկական բարձր պատվիրակության հետ իր հանդիպումը: Գերմանական քաղաքական վերնախավի հետ անմիջական շփումներն ակնհայտ են դարձնում, որ Գերմանիան տարածաշրջանում Հայաստանին հուսալի եւ կարեւոր գործընկեր է համարում, գնահատում Հայաստանի կարծիքը` Հարավային Կովկասի գործընթացների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ակնհայտ է, որ գերմանական քաղաքական գործիչները կարեւորում են մեր տարածաշրջանում կայունության եւ համագործակցության գործընթացները, տարածաշրջան, որն ավելի ու ավելի կարեւոր է դառնում Եվրոպայի համար, դիտարկվում որպես ռազմավարական կամուրջ: ԳԴՀ ջանքերը` տարածաշրջանն ավելի լայն համագործակցության մեջ ներգրավելու համար, գնահատելի են: Նկատի առնելով Գերմանիայի կշիռը Եվրոմիությունում, պետք է նշել, որ այս երկիրն ի զորու է ավելի մեծ դեր կատարել մեր տարածաշրջանում` սատարելու համագործակցության մեծ ներուժը, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասը եվրոպական կառույցներին մերձեցնելուն, Եվրոմիության ծրագրերի մեջ ընդգրկելուն: Դիտարկելով մեր տարածաշրջանը որպես մեկ աշխարհաքաղաքական միավոր, գերմանական քաղաքական շրջաններին միշտ էլ ավելի շատ հետաքրքրել եւ հետաքրքրում է հարցերի քննարկման հետեւյալ շրջանակը. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման զարգացումներն ու հեռանկարները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստան-Եվրոպա համագործակցությունը, որոնք էլ ՀՀ վարչապետի հետ Ֆիշերի հանդիպման ժամանակ հիմնական քննարկման առարկա դարձան:

- Եվրոպայում գործող ՀՀ դեսպանությունները որքանո՞վ են մասնակցում փոխարտգործնախարար Շուգարյանի ակնարկած եվրոպական ստանդարտները մեր երկիր ներմուծելու գործընթացին:

- ՀՀ դեսպանությունները բոլորն էլ առաջնորդվում են նույն ընդհանուր քաղաքական ուղղություններով. բոլորիս աշխատանքի նպատակն է ծառայել մեկ ընդհանուր գաղափարի` մեր հայրենիքի բարօրությանն ու բարգավաճմանը: Մեր որդեգրած եվրոպական քաղաքականությունն իրականացնելը եւ եվրոպական չափանիշները մեր երկիր ներմուծելը բոլորիս գործն է:

- Գերմանական արդյունաբերության արեւելյան հանձնաժողովի նախագահ դոկտոր Մանգոլդի հետ հանդիպման ժամանակ հստակեցվել են տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններըՙ քիմիա, բիոտեխնոլոգիաներ, ճշգրիտ սարքավորումներ, հիդրոէլեկտրակայանների կառուցում եւ վերակառուցում: Որքան մեզ է հայտնի, մինչեւ հիմա գերմանական կողմից նման լուրջ հետաքրքրություն չի եղել: Սա քաղաքական երկխոսության ակտիվացմանը համարժեք քա՞յլ պիտի համարել, թե՞ ...

- Քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, իմ համոզմամբ, ինքնանպատակ չէ: Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են գործարար շրջանների հետաքրքրության առաջացմանը, անմիջական կապեր ստեղծելուն, ներդրումներ գրավելուն: Հունիսի 23-ին Բեռլինում կայացած տնտեսական ֆորումի նախապատրաստման աշխատանքների ժամանակ իզուր չէր, որ գերմանական գործարար շրջանները բարեկամաբար ինձ հուշում էին, թե ինչքան բարձր ներկայացուցչական մակարդակ ունենա պատվիրակությունը, այնքան ավելի գերմանական կողմի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ մեծ կլինի: Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովը լուրջ կառույց է, որը զբաղվում է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Միության երկրների հետ տնտեսական կապեր եւ փոխշահավետ համագործակցություն հաստատելով: Այս կառույցի աջակցությամբ էր նաեւ տեղի ունեցել ՀՀ նախագահի գործնական հանդիպումը գերմանական խոշոր գործարար շրջանների հետՙ իր անցյալ տարվա հունվարյան այցի ժամանակ: Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպմանը Արեւելյան հանձնաժողովի նախագահն առաջարկեց հետեւողական լինել եւ արդեն ներկայացված համագործակցության առաջարկների հետագա զարգացման մասին միմյանց տեղյակ պահել պաշտոնական նամակագրությամբ, հարկ եղած դեպքում նպաստել խոչընդոտների վերացմանը: Ավելորդ է նշել, որ Բեռլինում ՀՀ դեսպանությունը նույնպես կանի հնարավորը` բիզնես-ֆորումի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու եւ կյանքի կոչելու համար:

- Հայկական կողմն ինչպե՞ս գնահատեց բիզնես ֆորումը:

- Ինձ հասած տեղեկությունների եւ արձագանքների համաձայն` դրական: Համենայն դեպս երկուստեք հետաքրքրությունն առկա էր: Կուզենայի հուսալ, որ այն իր շարունակությունն ու բարեհաջող զարգացումը կունենա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4