ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Եթե չշլանանք ու չխաբվենք կյանքի արտաքին փայլից, ավելի տեսանելի կդառնա հասարակական ընդերքի թշվառ իրականությունը: Սոցապքարտերի համակարգի ներդրումից, մարդկանց համարակալում-կոդավորումից խուճապի մատնվածՙ Մատենադարանի քարե աստիճաններով մի կերպ բարձրացող տարեց տղամարդիկ ու կանայք անիծում էին իրենց կյանքի մայրամուտն այսպես սեւացնողներին, երբ նրանց սպառնում են զրկել պետության տված ողորմելի կենսաթոշակներից. «3–4 ամիս թոշակ չենք ստացել, հացի փող չունենք: Երեխաների նպաստները կտրեցին, հիմա էլ սուտ «Փարոս» են ստեղծել: «Փարոսի» անդամ դառնում է նա, ով 5.000 դրամ կաշառք է տալիս, կամ էլ ծայրահեղ վիճակում գտնվող անդամալույծը, ջուրը թանկացրին, հիմա էլ ժանգ է գալիս ծորակներից, 2–3 դույլ թափում ենք, նոր օգտագործում: Ստիպողաբար կոդավորում են, չենք ուզում մեզ համարակալեն, չենք ուզում ծախել մեր հոգիները»: Հանրահավաքի մասնակիցները միաբերան ասում էին, որ քարտավորումն անցկացվում է հարկադրաբար, վախեցնելով աշխատանքից ազատելու, թոշակ կամ աշխատավարձ չտալու ուրվականով, կամ էլ առանց իրենց տեղյակ պահելու անձնագրային տվյալները վերցնում են եւ քարտավորում: Այդպիսի վկայություններ արեցին մետրոպոլիտենի, «Հայէլեկտրո» գործարանի մի քանի աշխատակիցներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, թոշակառուներ:
«Հայ արիական միաբանություն», «Մխիթարիչ» միավորման, «Գոյ» հիմնադրամի եւ մի շարք այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ երեկ Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքի նախատեսած ակցիան չկայացավ, որովհետեւ ոստիկանները բռնագրավել էին... դագաղը: Իսկ այդ պլաստիկե դագաղը հատուկ պատրաստված հանգուցյալով նախատեսված էր հրաժարված սոցքարտերի համար:
«Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց սոցքարտերի համակարգի իրավական, բարոյական եւ հոգեւոր ոլորտներում մարդուն սպառնացող վտանգները:
Իրենց բազում հանդիպումներում ԱԺ պատգամավորների, սոցապնախարարության աշխատակիցների հետ, ասուլիսներում ապացուցվել են, փաստարկվել սոցքարտերի օրենքի իրավական լուրջ բացթողումները, որոնք վտանգում են մարդու իրավական, բարոյական եւ հոգեւոր իրավունքները, ինչպես նաեւ մեր պետական եւ ազգային անվտանգությունը:
Արմեն Ավետիսյանը սոցքարտերի օրենքն անմիջականորեն շաղկապեց անհատական տվյալների հավաքման ՀՀ օրենքի հետ: «Ըստ 11-րդ հոդվածի, սոցքարտերի համարանիշը կիրառվում է, երբ սկսվում է մարդու անհատական տվյալների մշակումը: Իսկ օրենքում ասվում է, որ անձի մասին հավաքվում է ցանկացած տիպի, այդ թվում նաեւ նրա մասին փաստերի, իրադարձությունների տեղեկություններ: Մինչդեռ հավաստիացնում են, թե հավաքվող անձնագրային տվյալների գաղտնիությունն ապահովվում է: Ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, երբ այդ անձնագրային տվյալներն ամեն տեղ կան»:
Իրականում, ըստ ելույթ ունեցողների, հավաքվելու է յուրաքանչյուրի անհատական ամեն տվյալ, ընդ որումՙ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր զրույցների հիման վրա, որի հետեւանքները պատկերացնելն իսկ սարսափելի է, որովհետեւ մարդ որեւէ փաստաթուղթ, վկայություն չի ունենալու պաշտպանելու իր իրավունքները: Սաՙ անհատական տեսանկյունից: Վտանգն ազգային անվտանգության տեսանկյունից. ըստ օրենքի 13-րդ հոդվածի, անհատական տվյալները կարելի է տրամադրել օտար պետությունների, միջազգային կազմակերպություններիՙ միջազգային պայմանագրերին համապատասխան:
Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ երբ այս մասին խոսում ենք օրենքն ընդունողների հետ, զղջում են թաքուն, թե իբր իրենց խնդրել են, իրենք էլ քվեարկել են. «Էհ, խնդրելով ազգ են ծախո՞ւմ կամ ստրկացնում»: Պահանջվեց ձեւակերպումների մեջ ոչ թե հպանցիկ փոփոխություններ կատարել (ինչի սովոր են), այլ երկու օրենքներն էլ (սոցքարտերի եւ անհատական տվյալների) ուժը կորցրած ճանաչել: Հակառակ պարագայում իշխանությունների այս քայլը համարել ազգադավ գործՙ համագործակցած միջազգային գաղտնի կազմակերպությունների հետ:
«Ընդդեմ մարդկանց համարակալման» խորհրդի անդամ, լրագրող Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց անձի նույնականացմանը համարի հետ հարցը, որը կատարվում է տվյալ անձին բնորոշ այնպիսի ֆիզիոլոգիական հատկանիշներով, ինչպիսիք են գենետիկ կոդը, աչքի ծիածանաթաղանթը, մատնահետքերը, այսինքնՙ այդ անշունչ համարների տասնանիշ թվերի համակցությունը կատարվում է ֆիզիոլոգիական նման տվյալների հարթության վրա: Որով էլ այդ թիվը համարվում է միայն տվյալ մարդունը, ուստի եւ քարտի համարի փոփոխությունները պարտադիր են. «Մենք չենք ասում, թե այդ տասնանիշ թիվը գազանի դրոշմն է, մենք պնդում ենք, որ այս համակարգը նախադրյալ է հետագայում գազանի դրոշմի հաստատման: Սա նախերգանքն է դրա»:
Մինչ այս քայլը կազմակերպությունների գործունեությունն ավելի թղթատարական բնույթ է կրել: Ասուլիսներ, հանդիպումներ, նամակներ, ստորագրահավաքներՙ ուղղված ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանին, ԱԺ նախագահին, վարչապետին, Ամենայն հայոց հայրապետին, մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Այս տեսակետից բացառություն է կազմել Վանաձոր քաղաքը, որտեղ բացի թղթատարական աշխատանքներից, գործնական քայլեր են կատարվել: Հանրահավաքներից մեկում մասնակիցները խաչերով ու խաչվառներով, սոցքարտերն իբրեւ հանգուցյալ, դագաղն ուսած շարժվել են Վանաձորի փողոցներով դեպի Գուգարաց թեմի առաջնորդարան: Դիմել են Հայաստանի իշխանություններին, Հայաստանում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ի գրասենյակ եւ այլն:
Իր ելույթում պատմաբան Գեւորգ Յազըճյանը կոչ արեց հոգեւոր հովվին հոտը գայլերին չհանձնել, օրինակ բերելով Լիբանանի փորձը, երբ հոգեւոր դասը մի քանի օրում հակադարձեց այդ օրենքը եւ հարցը փակվեց, իր եւ Հայաստանում բնակվող շատ սփյուռքահայերի անունից հայտարարելով, որ իրենք այդ օրենքին չեն ենթարկվելու:
Հանրահավաքում հայտարարվեց, որ Հայաստանում կատարվող հոգեւոր եղեռնի պատասխանատուն իշխանություններն են: Առաջարկվեց ՀՅԴ-ին քննարկել սոցապ նախարար Աղվան Վարդանյանի գործունեությունը, թե արդյոք դա համապատասխանո՞ւմ է 100-ամյա կուսակցության սկզբունքներին (նշվեց, որ դաշնակցական Արմեն Ռոստոմյանն ասել է, որ ինքը հավատացյալ է, վախ ունի եւ պետք է դիմել Սահմանադրական դատարանՙ չեղյալ համարելու այդ օրենքը):
Արմեն Ավետիսյանը դիմեց ոստիկանությանըՙ ազատ արձակելու արտոնված հանրահավաքի ակցիայի համար նախատեսված դագաղը բերելիս ձերբակալված Շահեն Ծատուրյանին, հակառակ պարագայում իրենք վաղը մամուլի ասուլիս են կազմակերպելուՙ հայտարարելով երկիրը ռասիստական-ֆաշիստական պետություն: Մատենադարանի բակում շարունակվում էր ստորագրահավաքը, իսկ կազմակերպության գրասենյակում (Փ. Բուզանդ 39, Պուշկինի 38) սկսվում է սոցապ քարտերի հետհանձնման գործընթացը: