Գրողների համահայկական երկրորդ համաժողովի ընթացքում ֆրանսահայ գրող Ռուբեն Մելիքն արժանացավ մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկե մեդալին հայ գրականության զարգացման ու տարածման ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար:
Ելույթ ունենալիս 83-ամյա պատկառազդու պոետն ասաց.
- Թեպետ բանաստեղծություններս գրվել են ֆրանսերեն, սակայն ինձ ներշնչողը եւ ոգեւորողը եղել է իմ հայրենիքը: Թերեւս սա է պատճառը, որ քննադատները գրում էին, թե իմ ստեղծագործությունն ընթերցելիս զգացվում է հայկական շունչը:
Ռուբեն Մելիքը Հայաստան առաջին անգամ այցելել է 1970-ական թթ., սակայն անկախ Հայաստանում գտնվում է առաջին անգամ: Ժամանակին 5 հազար մարդուց բաղկացած լսարանի առջեւ հանդես եկող եւ իր հռետորական ունակություններով բոլորին հմայած Ռուբեն Մելիքն այժմ կոկորդի վիրահատության պատճառով դժվար է խոսում: Այդ իսկ պատճառով Հայաստանի մասին իր տպավորությունն արտահայտեց ընդամենը երկու բառով. «Լավ է, առաջընթաց կա»:
Ռուբեն Մելիքը ծնվել է 1921 թ. Փարիզում: 20 գրքերի հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն: Իր բանաստեղծություններում բացահայտել է մարդկային ապրումները, հույզերն ու թրթիռները, եւ այս ամենի կողքին գրել պատերազմը քննադատող բազմաթիվ ստեղծագործություններ: «Թող պատերազմը չներվի», ասել է Ռուբեն Մելիքը, քանի որ ինքն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է դիմադրական շարժման ակտիվ մասնակից:
Իսկ «Քարե պահակ» եւ «Լեգենդ Հայաստանի մասին» ստեղծագործությունները նվիրված են պատմական հայրենիքին:
Դեռ մեկ շաբաթ բանաստեղծը լինելու է իր հայրենիքում: Այժմ նա մեկնել է Արցախ: Համաժողովի ավարտից հետո կվերադառնա Ֆրանսիա, սակայն խոստացել է, որ Հայաստան կայցելի նաեւ իր սեփական նախաձեռնությամբՙ առանց հրավերի սպասելու:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ