«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2004-07-02 | #123, 2004-07-03 | #124, 2004-07-07


ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ

Կփոխվի՞ պատկերն այս տարի օրենքի փոփոխությունից հետո

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գործող օրենսդրության համաձայն, հրապարակվեց 2003 թ. 1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած կազմակերպությունների ցանկը: Խոսքը շահութահարկի վճարում չկատարած ընկերությունների մասին է: Եթե այս ցանկը համեմատենք նախորդ տարվա համանման ցանկի հետ, ապա կտեսնենք, որ առկա են որոշակի, բայց ոչ էական փոփոխություններ: Ընդհանուր պատկերն անփոփոխ է:

Փոփոխություններից արժե հիշատակել այն փաստը, որ 2003 թ.-ին, ի տարբերություն 2002 թ.-ի, շահութահարկ չվճարողների թիվն 801-ից նվազել է, հասնելով 597-ի: Ցանկից այս անգամ բացակայում են մի շարք հայտնի ընկերություններ, որոնք, չնայած հաջող բիզնես ունենալուն, մշտապես տեղ էին զբաղեցնում այստեղ: Խոսքը «Կոկա-կոլա բոթլերս Արմենիայի», «Վեդի ալկոյի», «Գետամեջ», «Արաքս» թռչնաֆաբրիկաների, «Վալենսիայի» եւ մի շարք ընկերությունների մասին է: Հասկանալի է, որ որեւէ մեկը չի հավատում նրանց, ինչպես եւ ցանկում գտնվողների մեծ մասիՙ վնասով աշխատելու հավաստիացումներին: Սակայն օրենսդրական անկատարությունն ու հարկային մարմինների գիտակցված կամ չգիտակցված անզորությունը այդ հնարավորությունն ընձեռում են:

Վերոնշյալով, թերեւս, փոփոխություններն ավարտվում են: Վնաս հայտարարագրված գումարը դարձյալ հսկայական էՙ 185 մլրդ դրամ: 2002 թ.-ին կազմել էր մոտ 200 մլրդ դրամ: Դարձյալ այդ պարտքերի գերակշիռ մասը մի քանի խոշոր պարտքատերերի «գործունեության» արդյունք է: Առաջին 7 ընկերությունների հավաքական վնասը կազմել է շուրջ 105 մլրդ դրամ, իսկ առաջին 25-ինը միասին վերցրած 160 մլրդ դրամ: Այսինքն 185 մլրդ դրամի ընդհանուր վնասից 160 մլրդ դրամը միայն վերոնշյալ ձեռնարկություններինն է: Ամենամեծ վնասն արձանագրել են էներգետիկ ոլորտի եւ ջրամատակարար ձեռնարկությունները: ՀԱԷԿ-ի վնասը ավելի քան 30 մլրդ դրամ է, «Հայէներգոյինը»ՙ 10 մլրդ, «Հրազդանի ՋԷԿ»-ինըՙ մոտ 6 մլրդ դրամ: «Երեւանի Ջրմուղ-կոյուղու» պարտքը 17 մլրդ դրամ է, «Հայջրմուղկոյուղունը»ՙ 1,6 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ այս ձեռնարկությունների մեծ մասը հանձնվել է մասնավորի կառավարմանը: Այդուհանդերձ, նրանց հարկային վնասը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է:

Իբր թե առանց շահույթի աշխատողների թվում շարունակում են հանգրվանել «Ոսկին», Երեւանի ոսկերչական գործարանն ու Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, Երեւանի ալրաղացը, Երեւանի համակցված կերերի գործարանը, Սեւանի հացամթերքների միավորումը, «Արմ-իտալը», Աբովյանի թթխմորի, հացի, Ալավերդու հացի գործարանները, «Մերսեդեսներ» ներմուծող «Ինտերմոտոր Արմենիան»: «Ջերմուկ» հանքային ջրի ամենախոշոր արտադրող եւ արտահանող «Ջերմուկ գրուպը» ոչ մի կերպ «չի կարողանում» շահույթով աշխատել: Օտարերկրյա կապիտալի ստեղծած ադամանդի մշակման եւ արտահանման «Դայմոթեքը» եւ «Շողակնը» հաջողությամբ շարունակում են «վնասաբեր» գործունեությունը: «Կոտայք» գարեջրի գործարանը, «Սարդարապատ» հյութերի արտադրության ընկերությունը, Ջրառատի եւ Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկաները, «Գրանդ Սանն» ու «Մասիս տաբակը», «Արմենիկումը» նույնպես գտնվում են այս ցանկում: «Հովնանյան ինտերնեյշնլը» եւ «Հանցման բիլդինգ փրոդաքթը» շինարարության ոլորտում շահույթ, ըստ նրանց հաշվետվությունների, չունեն: Ոչ միայն «Հայկական ավիաուղիները», այլեւ նրա չվերթերն իրականացնող «Արմավիան», չնայած այս շուկայում ունեցած եթե ոչ մենաշնորհ, ապա բավականին արտոնյալ կարգավիճակի, արդեն հասցրել են վնասներ կուտակել: «Ռոյալ-Արմենիա» հայ-լիբանանյան սուրճի փաթեթավորման եւ արտադրության համատեղ ձեռնարկությունը մեր սրճասեր երկրում, որքան էլ վաճառում է այս ըմպելիքը, դարձյալ շահույթ չի ստանում: Վնասով են աշխատում անգամ մեր տնտեսության ամենակայացած ճյուղիՙ բանկային ոլորտի որոշ ներկայացուցիչներ: Դրանց թվում ոչ միայն վաղուց արդեն սնանկացած «Միավորված բանկը», «Կրեդիտ-Սերվիս», «Կրեդիտ Երեւան» եւ մի շարք այլ բանկեր են, այլեւ կարծես թե հաջողությամբ գործող «Առեքսիմբանկն» ու «Զարգացման հայկական բանկը»: Նշենք նաեւ, որ հարկային վնաս ցույց տվածների թվում են գրեթե բոլոր ոլորտներիՙ արտադրական, առողջապահական, զբոսաշրջային, սոցիալական, գիտական եւ կրթական, մարզական, լրատվական կազմակերպությունները: Թվարկումները չշարունակենք, քանզի պատկերը կարծես թե պարզ է:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ հարկային վնաս հայտարարագրողների մեծամասնության նպատակը շահութահարկ վճարելուց խուսափելն է: Իհարկե կան ընկերություններ, որոնք վերջին մեկ-երկու տարիներին խոշոր ներդրումներ են կատարել եւ չեն կարող միանգամից շահութաբեր գործունեություն ծավալել: Սակայն դա չի նշանակում, որ այդ ներդրումների վերադարձման ժամկետը կարելի է զանազան ծախսեր հավելագրելով անընդհատ հետաձգել եւ շահութահարկ չվճարել: Անցյալ եւ դրան նախորդող տարիներին այս խնդրին անդրադառնալով, նշեցինք, որ այստեղ օրենսդրության փոփոխության եւ հարկային վարչարարության խստացման խնդիր գոյություն ունի: Հակառակ դեպքում, երբ 200 մլրդ դրամ հարկային վնաս է ցույց տրվում, անհասկանալի է դառնում, թե ընդհանրապես ինչի՞ համար են հարկային ծառայության մի քանի հազար աշխատակիցներն աշխատում եւ աշխատավարձ (վերջին մեկ տարում էապես բարձրացված) ստանում: Սակայն սառույցն այստեղ շարժվեց միայն այս տարի:

Ապրիլի 1-ից «Շահութահարկի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, ընկերությունները պարտավոր են իրենց շրջանառության 1 տոկոսը կազմող գումարը կանխավճարի տեսքով վճարել որպես շահութահարկ: Իհարկե, դեռ վաղ է ասել, թե գործնական ի՞նչ նշանակություն կունենա օրենքի փոփոխությունը, բայց գլխավորն այն է, որ իշխանությունները վերջապես սկսել են այս խնդիրը կարգավորելու ցանկություն դրսեւորել, ինչի բացակայությունը մինչեւ վերջերս ստեղծված կացության ուղղակի հետեւանքն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4