Քոչարյանի Ստամբուլ չմեկնելու ընտրությունն արդարացվա՞ծ էր: Կան եւ հակառակ փաստարկներ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հունիսի 28–29-ը Ստամբուլում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը, փաստորեն, վերածվեց Իրաքի հարցով կոնֆերանսի: Թուրքիա էին ժամանել դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների 46 պատվիրակություններ, ինչպես նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայն ու Իրաքի արտգործնախարարը: Պետությունների բացարձակ մեծամասնությունը ներկայացված էր առաջին դեմքերիՙ նախագահների կամ վարչապետների մակարդակով: Միայն երեք երկրներ էին ներկայացել համեմատաբար ցածր մակարդակով. Շվեյցարիանՙ պետնախարարի, Ռուսաստանը եւ Հայաստանըՙ արտգործնախարարների:
Հայաստանի նախագահի մամլո խոսնակը, ապա եւ արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանիՙ գագաթաժողովին չմասնակցելու ընտրությունը բացատրեցին հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայությամբ, հետեւաբար Հայաստանի ղեկավարը նպատակահարմար չի գտնում մասնակցել Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Քոչարյանի Ստամբուլ չմեկնելու ընտրությունն արդարացված էր, քանի որ.
ա) թուրք-հայկական հարաբերություններում առաջընթաց չի նկատվում Անկարայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, հետեւաբար անիմաստ է մասնակցել անգամ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, երբ հյուրընկալ պետությունը Թուրքիան է:
բ) Թուրքիան 1991 թ. ի վեր հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, իսկ հարեւան պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարումը տվյալ դեպքում նշանակում է Հայաստանի անկախ պետականության ճանաչման մերժում, թեեւ դեկլարատիվ կերպով Անկարան դեռ 1991 թ. ճանաչել է Հայաստանի անկախությունը:
գ) Թուրքիան 1993 թ. ապրիլի 4-ի կառավարական որոշմամբ փակել է Հայաստանի հետ սահմանները, իսկ դիվանագիտության մեջ հարեւան պետության շրջափակումը նշանակում է ագրեսիայի մի տարբերակ:
դ) Թուրքիան հրաժարվում է Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններՙ առաջ քաշելով դիվանագիտական պրակտիկային անհարիր նախապայմաններ:
ե) Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում, միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի հետ արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական դիվանագիտության համար:
զ) Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունը ոչ միայն հերքում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունը, այլեւ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:
Երբ երկու պետությունների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները եւ այդ պետություններից մեկը հյուրընկալում է միջազգային մասշտաբի որեւէ միջոցառում, երկրորդ պետությունը սովորաբար ներկայանում է մեկ կամ մի քանի աստիճան ցածր մակարդակով, ինչը դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձեւ է:
Մյուս կողմից, Քոչարյանի Ստամբուլ չմեկնելու ընտրությունն արդարացված չէր, քանի որ.
ա) Հայաստանի նախագահը բաց թողեց աշխարհի հզոր պետությունների ղեկավարների հետ հանդիպելու հնարավորությունը, մինչդեռ Ադրբեջանի նախագահը, օրինակ, մի շարք կարեւոր երկկողմ հանդիպումներ ունեցավ, մասնակցեց ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված երկու կոնֆերանսի:
բ) Քոչարյանի չմասնակցելը որոշ իմաստով ընկալվեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չխորացնելու պատճառաբանությամբ, մանավանդ որ Ստամբուլ չէր մեկնել նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինը:
գ) Քանի որ Ստամբուլ չէր մեկնել նաեւ Պուտինը, ապա Քոչարյանի հրաժարումը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց կարող է մեկնաբանվել որպես Ռուսաստանի հուշած քայլ Հայաստանինՙ հաշվի առնելով ռուսական քաղաքական, տնտեսական եւ ռազմական ազդեցության գործոնը Հայաստանում:
դ) Քոչարյանը բաց թողեց հնարավորությունը հենց Ստամբուլում աշխարհի հզոր պետությունների ղեկավարների ներկայությամբ կրկնելու, որ Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, անընդունելի է համարում նախապայմանների ոճը: Ինչն, ի դեպ, արեց Ստրասբուրգում:
Վերոնշյալ թեր եւ դեմ թվարկումները կարելի է շարունակել կախված նրանից, թե քաղաքական ինչ օրակարգ է դրված քո առաջ: Մյուս կողմիցՙ Քոչարյանի Ստամբուլ մեկնելուց հրաժարվելը ենթադրաբար պետք է նշանակի. Թուրքիան չի պատրաստվում վերացնել Հայաստանի շրջափակումը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, Ղարաբաղի հարցում որդեգրել չեզոք դիրքորոշում: Երկրորդՙ Հայաստանի նախագահի Ստամբուլ չմեկնելը հավանաբար դժգոհության ժեստ էր ուղղված առաջին հերթին Մ. Նահանգներին:
Հիշեցնենք, որ 1999 թ. աշնանը Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Մինչ գագաթաժողովը պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ «վետո» է դնելու ԵԱՀԿ միջոցառումը Թուրքիայում անցկացնելուն: Մեր ունեցած տեղեկություններովՙ Մ. Նահանգները (նախկին պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը) Հայաստանին հորդորել էր հրաժարվել «վետոյի» մտադրությունից, խոստանալով ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս Հայաստանի նկատմամբ որդեգրի կառուցողական դիրքորոշում: Ըստ էության, ամերիկացիները հուսախաբ արեցին Ռոբերտ Քոչարյանին. վերջինս ոչ միայն հրաժարվեց «վետոյի» մտադրությունից, այլեւ մասնակցեց գագաթաժողովին:
2007 թ. Թուրքիան կդառնա ԵԱՀԿ-ում նախագահող երկիր: Հայաստանն արդեն հայտարարել է, որ «վետո» է դնելու, քանի որ ԵԱՀԿ նախագահող երկիրը կազմակերպության բոլոր անդամների հետ պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ: Անկասկած, Երեւանը կրկին հրաժարվելու է մինչեւ վերջ գնալուց եւ հրաժարվելու է «վետոյի» գործադրումից: Այս դեպքում, սակայն, Հայաստանը Թուրքիայի հետ պետք է անմիջական սակարկության մեջ մտնի եւ ոչ թե ամերիկացիների: Երեւանը Թուրքիայի նկատմամբ «վետոյի» հարցում պետք է լինի անհողդողդ եւ համապատասխան գին ստանալուց հետո միայն չխոչընդոտի ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությանը: Ընդ որում, այդ գինը չպետք է լինի խոստումների ձեւով, այսինքնՙ Անկարան պետք է նախքան քվեարկությունը Հայաստանի հետ հարաբերություններում կոնկրետ քայլ կատարի:
Ի դեպ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Թուրքիայի արտգործնախարարությունը համապատասխան մարմիններին մի հրաման է ուղարկել թուրք-հայկական «Ակ Յակա» (Կարս-Գյումրի սահմանային կետ) սահմանադռան բացմանը նախապատրաստվելու մասին, որպեսզի երրորդ երկրներից Հայաստան մտնող ապրանքները տարանցվեն Թուրքիայով (եւ ոչ թե Վրաստանով կամ Իրանով): Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը կարող է լինել այն գինը, որի դիմաց Երեւանը հրաժարվի «վետո» դնել ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությանը: