«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2004-07-07 | #125, 2004-07-08 | #126, 2004-07-09


ԿԻՐԱՆՑ-ԲԱՂԱՆԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Հուլիսի 7-ին հայկական մի շարք հեռուստաընկերություններ, իսկ երեկ մի շարք թերթեր հաղորդեցին, որ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Կիրանց-Բաղանիս հատվածում երթեւեկությունն անխափան է, այսինքնՙ այն խոսակցությունները եւ հրապարակումները, թե Ադրբեջանի զինուժի հաճախակի դարձած գնդակոծումների պատճառով հայկական կողմը փակել է ճանապարհի այդ հատվածը, չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես, հուլիսի 6-ին Հայաստանի հյուսիսարեւելյան սահման այցելած հայ լրագրողները (ակցիան կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունըՙ հայ-ադրբեջանական շփման գոտի այցելություն կազմակերպելով 70 լրագրողների համար) իրենց հրապարակումներում վստահեցնում են, թե «մեր լրագրողական ավտոշարասյունը հանգիստ ու ապահով անցավ այդ մայրուղով», կամ որ «այդ ընթացքում բազմաթիվ բեռնատար ավտոմեքենաներ երթեւեկեցին այդ ճանապարհով»:

Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Կիրանց-Բաղանիս հատվածը, որն անցնում է վարչականորեն Ադրբեջանին պատկանող, սակայն հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքով, փակ է արդեն մոտ մեկ ամիս: Անշուշտ, փակ ասվածը հարաբերական է, քանի որ որոշ վարորդներ շարունակում են անցնել ադրբեջանական նշանառուների դիտակետում գտնվող վտանգավոր ճանապարհով, քանի որ այն կարճ է, քան նոր կառուցված ճանապարհը, որը չի հատում ադրբեջանական տարածքները, մի քանի անգամ երկար է: Հայկական կողմը խոշոր քարերով երկու կողմից փակել է բազում կյանքեր խլած ճանապարհը, սակայն որոշ վարորդների համար դժվար չէ այդ քարերը մի կողմ հրել եւ երթեւեկությունը շարունակել:

Ինչ վերաբերում է շփման գոտի այցելած հայ լրագրողներին, ապա նրանք չեն անցել Կիրանց-Բաղանիս ճանապարհով, ավելի ճիշտՙ մոտակա հենակետ այցելելու համար անցել են այդ ճանապարհի մի քանի հարյուր մետր:

Ի դեպ, երեկ ադրբեջանական «Էխո» թերթում պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ռամիզ Մելիքովն ասել է, որ 1994 թ. հետո Ղազախ-Իջեւան ճակատային գծում ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական հենակետերը նախկին դիրքերից առաջ չեն շարժվել: Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ, որոնք այդ տարածքներին այնքան էլ լավ ծանոթ չեն, շարունակում են պնդել, թե իբր հայկական կողմը զիջել է իր դիրքերը, իսկ ադրբեջանցիներն առաջ են եկել:

Մեր կողմից հավելենք, որ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերը նախկին դիրքերից առաջ են շարժվել, իսկ ինչ վերաբերում է Կիրանց-Բաղանիս ճանապարհահատվածին, ապա այն ինչպես 1995-ին, այնպես էլ այսօր վտանգավոր է: Այս ճանապարհի վրա տասնյակ հայեր են սպանվել, վիրավորվել, պատանդ վերցվել: Կրկնենք, որ ճանապարհի այդ հատվածը երկու կողմերից քարերով փակել են հայերը, որպեսզի վարորդները չվտանգեն իրենց կյանքը (վերջին ամիսներին այս շրջանում փոխհրաձգությունն ակտիվացել է) եւ օգտվեն նոր ճանապարհից:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4