Արցախում եւ նրա սահմաններից դուրս ճանաչված քանդակագործ Ալբերտ Հարությունյանն օրերս դիմել էր Արցախի ժուռնալիստների միությունՙ իր հեղինակային իրավունքներին սատար կանգնելու խնդրանքով: Նման իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցի բացակայությունը չէր պատճառը միայն, որ անվանի արվեստագետը դիմել էր լրագրողական կազմակերպության աջակցությանը: Ա. Հարությունյանը նաեւ նպատակադրվել էր ԶԼՄ-ների միջոցով իշխանությունների ուշադրությունը հրավիրել իր ստեղծագործությունների նկատմամբ ցուցաբերված որոշ անարդարությունների վրա:
Իր ձեռքով կառուցված անհատական արվեստանոց հրավիրելով լրագրողներին, այդտեղ անցկացված մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ եթե լրատվամիջոցների միջամտությունը չօգնիՙ ինքը դիմելու է դատարան, որի համար բոլոր հիմքերն ունի:
Մասնավորապես, անվանի քանդակագործի հիմնական դժգոհությունը Մուրացանի հանրահայտ հուշարձանի առիթով էր: Այս գործը Ա. Հարությունյանը հեղինակել է 1980-ականների սկզբներին: Խոստովանենք, խորհրդային ժամանակներում այսպիսի ձեռնարկումը, մանավանդ Ղարաբաղում, շատ դժվար էր:
1990-ական թվականների վերջին, նշված տեղանքում ուղեանց կամուրջ կառուցելու պատճառով, որի աննպատակահարմարությունն, ի դեպ, շատերի դժգոհությունն էր հարուցել, հուշարձանը տեղից հանվեց: Քաղաքապետարանը, հեղինակի համաձայնությամբ, որոշում ընդունեց այն վերատեղադրել Գր. Լուսավորիչ փողոցում, դարձյալ հարմար տեղում:
Չգիտես ում կամքով, առանց որեւէ պաշտոնական որոշման, Մուրացանի հուշարձանը տեղափոխվեց Շուշի եւ կանգնեցվեց մեծ գրողի անունը կրող միջնակարգ դպրոցի բակում:
Ա. Հարությունյանը դա որակելով հակամոնումենտալ քարոզչություն, որովհետեւ հուշարձանը չի պատշաճում դիրքին, միեւնույն ժամանակ վրդովմունք հայտնեց, որ հուշարձանի պատվանդանի 8 գրանիտե սալիկները փոխարինվել են Հարավ գյուղի մերձակայքում արդյունահանվող մարմարով, որը փխրուն էՙ տեւականորեն ոչ դիմացկուն: Քանդակագործը չբացառեց, որ գրանիտե սալիկները վաճառվել են, որոնց շուկայական արժեքն առնվազն 2500 ԱՄՆ դոլար է:
Այսպիսով, ոչ միայն խախտվել են օրենքով նախատեսված հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքներըՙ չթույլատրված փոփոխություններ կատարելով գեղարվեստական արժեք ներկայացնող մոնումենտալ գործում, այլեւ գողացել են դրա կարեւոր բաղկացուցիչները:
Նշելով այս մասին, Ա. Հարությունյանը խոստացավ, որ եթե Մուրացանի արձանը կրկին վերադարձվի Ստեփանակերտ ու տեղադրվի նախատեսված տեղում, ինքը, անվճար, նոր հուշարձան կքանդակի եւ կնվիրի Շուշիի Մուրացանի անունը կրող դպրոցին: Քանդակագործը տեղեկացրեց, որ այժմ էսքիզներ է անում Գեւորգ Մարզպետունու ապագա հուշարձանի համար: Նրա համոզմամբՙ ձիարձանի առկայությունը մեծ շուք կտա հերոսական Ստեփանակերտին: Քարակերտ Մարզպետունին, ինչպես նրա կերպարը կերտած Մուրացանի հուշարձանի դեպքում էր, կլինի քանդակագործի հերթական նվերը հայրենի քաղաքին:
Ալբերտ Հարությունյանի հաջորդ դժգոհությունը Ստեփանակերտի հուշահամալիրի ծառուղուց ԽՍՀՄ հերոսների պղնձե կիսանդրիների անհետացման առիթով էր: Արցախածնունդ 26 հերոսների ու շքանշանակիրների կիսանդրիներից միայն 4-ի համար էր հեղինակը հոնորար ստացել, մյուսները նա նվիրատվության կարգով էր պատրաստել:
Ո՞վ է տարել պղնձե կիսանդրիները եւ ո՞ւր. լրագրողների տված այս հարցին քանդակագործը ցավով պատասխանեց, որ իր տեղեկություններովՙ դրանք որպես ձուլածո մետաղ արտահանվել են Իրան: «Պարզապես բարբարոսություն է, այլ կերպ անվանել չես կարող»,-ասաց հեղինակը:
Այս ամենի համեմատությամբ, թերեւս, «մեղմ» վերաբերմունք կարելի է համարել նրա հանդեպ կիրառված հեղինակային իրավունքի մյուս խախտումը, երբ քանդակագործի «Իմ արմատները խորն են» քանդակը, որն արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին, առանց իր հետ համաձայնեցնելու տեղափոխել են նույն փողոցի մյուս մայթը: Այս մի տեղափոխումը պատճառաբանված էր «Ղարաբաղ-Տելեկոմի» աշտարակի կառուցմամբ:
Մոսկվայում, Աշգաբադում եւ նախկին Խորհրդային Միության այլ քաղաքներում արվեստի հրաշալի նմուշներ կերտած Ալբերտ Հարությունյանը համոզված է, որ իր հայրենիքում եւս արժանվույն են գնահատում իր կարողությունները, եւ հեղինակային իրավունքի այդօրինակ խախտումները սոսկ մասնավոր անձանց ձեռքի գործ են, որոնք անկասկած համապատասխան գնահատման կարժանանան:
Կիմ Գաբրիելյան, Ստեփանակերտ