«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2004-07-09 | #127, 2004-07-10 | #128, 2004-07-13


ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԻՆՈՆ

Սերգեյ Փարաջանովի 80-ամյակը նշվեց «Նռան գույն»-ի ցուցադրությամբ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի, հատուկ «Ազգ»-ի համար

Չեխական Կարլովի Վարիի 39-րդ միջազգային կինոփառատոնի ամենագլխավոր իրադարձությունը դարձավ ոչ թե բուն մրցույթն ու մրցանակաբաշխությունը, այլ ամերիկյան հայտնի կինովավերագրող, Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկյա արմավենու դափնեկիր Մայքլ Մուրի «Ֆարենհայթ 9-11» ֆիլմի ցուցադրումը, որը հունիսի վերջի 3 օրերին միայն Հյուսիսային Ամերիկայում ցուցադրվել է 868 անգամ եւ ունեցել մոտ 25 միլիոն դոլարի եկամուտ: «Ֆարենհայթը» այս կինոփառատոնում ցուցադրված միակ ֆիլմն էր, որին նույնիսկ հավատարմագրված լրագրողներից ու բեմադրիչներից շատերը չկարողացան ներկա գտնվել ՙ բոլոր տոմսերը վաճառված էին նախօրոք: «Հորիզոններ» բաժնում ցուցադրվող ֆիլմը հանդիսատեսը ընդունեց բուռն ծափահարություններով: Ֆիլմն ամբողջությամբ նվիրված է ԱՄՆ նախագահ Բուշի կեղծիքներով ընտրվելուց մինչեւ Իրաքի պատերազմը սանձազերծելու գաղտնիքներին, միջազգային ահաբեկիչների ու Բուշի ընտանիքի ունեցած կապերին, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն ու ամերիկյան հասարակական կարծիքին: Գնահատելի է, որ Միացյալ Նահանգներում է նկարահանվել նման խիզախ ու օբյեկտիվ կինոնկար, որը լիովին ցույց է տալիս հանրապետական վարչակազմի թույլ կողմերը եւ անձնական բիզնեսի բարգավաճման համար պատերազմներ հրահրելու քաղաքականությունը: Ի դեպ, եթե 2004-ի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Քերին միայն զբաղվի «Ֆարենհայթի» ցուցադրությամբ, դա բավական կլինի համոզիչ հաղթանակ տանելու համար:

Իսկ Կարլովի Վարիում հուլիսի 2-10-ը ցուցադրվող մոտ 300 ֆիլմերից 16-ը հավակնում էին ստանալ Գրան պրինՙ «Կրիստալ Գլոբը», 20 հազար դոլար դրամական պարգեւով: 7 հոգուց բաղկացած միջազգային ժյուրին ամերիկացի կինոօպերատոր Ալ Ռուբանի գլխավորությամբ երկարատեւ ու թեժ քննարկումներից հետո ի վերջո նախապատվությունը տվեց իտալացի կինոբեմադրիչ Անդրեա Ֆրազիի «Երեխաների պատմություն» ֆիլմին, որը, մեր կարծիքով, ամենեւին էլ կինոփառատոնում ցուցադրված լավագույն ֆիլմը չէր: Իտալացի Մարկո Բելոչիոյի «Բարի լույս, գիշեր» ֆիլմը, որ ցուցադրվեց ոչ մրցութային «Հորիզոններ ծրագրում», թերեւս ավելի էր արժանի որեւէ մրցանակի: Ինչեւէ, ժյուրիի փոխզիջումային մի այլ որոշում էր հատուկ մրցանակի շնորհումը խորվաթական «Տու» («Այստեղ») (2003) ֆիլմին, որի բեմադրիչ Զրինկո Օգրեստան լավագույնս տվել էր այսօրվա խորվաթական հասարակության իրական պատկերըՙ անցած պատերազմի թողած ֆոնի վրա: Լավագույն կինոբեմադրիչի մրցանակը շնորհվեց իսպանացի Խավիեր Բերմուդեզին «Լեոն եւ Օլվիդոն» ֆիլմի համար: Ի դեպ, այս ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարտա Լարալդեն ստացավ նաեւ «Լավագույն կին դերասանուհու» մրցանակը: Բայց այս մրցանակը նրա հետ կիսեց դանիական «Ծննդից հետո» ֆիլմի դերասանուհի Կարեն-Լիզ Մինսթերին: Լավագույն տղամարդու դերակատարման համար մրցանակը շնորհվեց Մաքս Ռիմելթին գերմանական «Նապոլա» ֆիլմի համար:

Ռուս կինովավերագրող Պավել Մեդվեդեւի «Լռության հարսանիք» ֆիլմը ստացավ վավերագրական ֆիլմերի լավագույն մրցանակը, իսկ մրցութային ծրագրում ներկայացված Վալերի Տոդորովսկու «Իմ խորթ եղբայր Ֆրանկշտեյնը» ֆիլմն արժանացավ ընդամենը կինոքննադատների միջազգային կազմակերպության մրցանակին, թեեւ ֆիլմի երեք գլխավոր դերակատարներն էլՙ Յարմոլնիկը, Յակովլեւան եւ հատկապես Դանիել Սպիվակովսկին արժանի էին մրցանակների: Ռուսական մի այլ ֆիլմ, որ ցուցադրվեց «Արեւելք Արեւմուտքից» ծրագրում, Սվետլան Ստասենկոյի «Անգել նա Աբոչինե» խաղարկային ֆիլմն էր, որ ցույց էր տալիս 80-90 ական թվականների անցումային շրջանի երիտասարդության պայքարը: Իսկ Վլադիմիր Մաշկովի «Պապա» ֆիլմը, որը հատուկ ծրագրի մաս էր կազմում, նույնպես մեծ ընդունելություն գտավ, սակայն որեւէ մրցանակ չէր կարող ստանալ, քանի որ ինքըՙ Մաշկովը գլխավոր ժյուրիի կազմում էր:

Կինոփառատոնում լավ էին ներկայացված նաեւ արեւելյան ֆիլմերըՙ հատկապես կորեական, ճապոնական, հնդկական, իրանական ու թուրքական: Ի դեպ, փառատոնի շրջանակներում ներկայացվեցին 10 լավագույն թուրքական ֆիլմերը:

Մեծ թվով թուրք բեմադրիչներ ու դերասաններ էին ժամանել Կարլովի Վարի: Մեզ հաջողվեց դիտել 1970 թվականին նկարահանված «Ումուդ» («Հույս») ֆիլմը, որ ժամանակին արգելված է եղել Թուրքիայում, իսկ բեմադրիչ Յըլմազ Գյունեյըՙ որոշ ժամանակ ձերբակալված: Հետագայում նա տեղափոխվել է Ֆրանսիա, դարձել Կաննի մրցանակակիր եւ 1984 թվականին էլ մահացել Փարիզում: Գյունեյի ֆիլմը մեզ հիշեցրեց հայկական «Տժվժիկ» ֆիլմըՙ աղքատ գյուղաքաղաքի ընտանիքի պատմություն:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաեւ այլ ծրագրային ֆիլմերՙ ամերիկյան բեմադրիչ Ջոն Կասավետեսի ֆիլմերը, չեխ կինոօպերատոր Միրոսլավ Օնդրիչեկի ֆիլմերը եւ այլ հատուկ ծրագրեր: Մեզ համար հաճելի էր, որ կինոփառատոնի պաշտոնական ծրագրում հատուկ տեղ էր տրված Սերգեյ Փարաջանովին, որի 80-ամյակը հիշատակվեց «Հուսկովա» կինոթատրոնում «Նռան գույն»-ի ցուցադրությամբ: Դահլիճում ոչ մի ազատ տեղ չկար: Դա մեր հայրենակցի հիշատակին տրված ամենամեծ գնահատականն էր:

Ի դեպ, այս տարի մրցութային ծրագրերում որեւէ այլ հայկական ֆիլմ չկար: Հիշեցնենք, որ 2003-ին Հարություն Խաչատրյանի «Վավերագրողն» այս փառատոնում ստացավ ժյուրիի հատուկ մրցանակը: Եվ այս տարվա կինոփառատոնի գովազդային տեսահոլովակներում էլ հայ կինոբեմադրիչի պարգեւատրումն անընդհատ երեւում էր չեխական հեռուստատեսության էկրանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4