«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2004-07-09 | #127, 2004-07-10 | #128, 2004-07-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԲԱՑՎԵԼ Է «ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Մեր թերթի ուրբաթ օրվա համարում տպագրել էինք գրողների համահայկական երկրորդ համաժողովին մասնակցող մի խումբ սփյուռքահայ գրողների առաջարկը Հայաստանում արեւմտահայ մանկավարժական ինստիտուտ հիմնելու վերաբերյալ, որը նրանք հղել էին հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, կրթության ու գիտության նախարարին:

Խմբագրություն այցելեց «Կիլիկյան Հայաստան» կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռ. Հովհաննիսյանըՙ մեզ տեղեկացնելու, որ կրթության նախարարի հրամանով սույն թվի հունիսի 6-ից հիմնադրամը ստացել է կրթական գործունեության լիցենզիա: Կենտրոնի նպատակն է խորացնել Հայաստան-Արցախ-սփյուռք կրթամշակութային համագործակցությունը, օգնել սփյուռքի դպրոցներին, նպաստել հայապահպանմանը: Սփյուռքի հայկական դպրոցները բարձրորակ մանկավարժական կադրերով ապահովելու համար «Կիլիկյան Հայաստան» համալսարանն արդեն 2004-2005 թթ. ուսումնական տարվա ընդունելություն է հայտարարել հայոց լեզու եւ գրականության, պատմության, տարրական կրթության եւ մանկավարժության, նախադպրոցական մանկավարժության եւ հոգեբանության, երաժշտական կրթության ֆակուլտետներում:

Նրա ասելով, ընդունելության հայտարարությունն արդեն տպագրվել է սփյուռքյան մի շարք թերթերում: Ընդունելության տեղերի 75 տոկոսը կհատկացվի սփյուռքի ազգային ու միութենական, իսկ 25 տոկոսըՙ Հայաստանի դպրոցների շրջանավարտներին:

Ուսանողները կուսումնասիրեն արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, ռուսաց լեզու եւ մեկ եվրոպական լեզու, կտիրապետեն համակարգչային ծրագրերի, իսկ երաժշտության բաժին ընդունվողները պետք է ունենան երաժշտական նախնական կրթություն: Ուսանողների ընդունելությունը կկատարվի Ջավախքում, Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Երեւանում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4