«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2004-07-14 | #130, 2004-07-15 | #131, 2004-07-16


ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարզել, թե ովքե՞ր են ամենահարուստ մարդիկ որեւէ երկրում, այդ թվում Հայաստանում, հեշտ խնդիր չէ: Անգամ պարբերաբար հարուստների ցանկը հրապարակող ամերիկյան հանրահայտ «Ֆորբս» հանդեսի տվյալների մասին չի կարելի ասել, որ դրանք ճշտորեն համապատասխանում են իրականությանը: Առավել եւս, հակված չենք ասելու, որ «Ազգի» պատվերով կատարված հեռախոսային հարցման տվյալներն ամբողջությամբ արտացոլում են իրականությունն այստեղ: Սակայն, ակնհայտ է, որ դրանք շատ հեռու չեն ճշմարտությունից, քանի որ, ապրելով Հայաստանի նման փոքր երկրում, բոլորս տեսնում ենք, թե ով ինչո՞վ է զբաղված եւ ի՞նչ ապրելակերպ ունի:

Առաջինն աչքի են ընկնում «Ովքե՞ր են ամենահարուստ մարդիկ» հարցին տրված «ղեկավարությունը» եւ «պետական պաշտոնյաները» պատասխանների բարձր ցուցանիշները:

Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ մարդիկ (հարցվողների քանակըՙ 423)

Ղեկավարությունը14133,3%
Պետ. պաշտոնյաները10524,8%
Անազնիվ մարդիկ8921,0%
Գործարարները8419,8%
Դժվարանում է պատասխանել7818,4%
Պատգամավորները4610,9%
Գործարարները, որոնք հովանավորվում են4610,9%
Օլիգարխները389,0%
Գագիկ Ծառուկյանը358,3%
Հրաժարվում է պատասխանել235,4%
«Լուսաստղի» տերը184,2%
Խաչատուր Սուքիասյանը133,1%
Թաղային հեղինակությունները112,4%
Ամենախելոք մարդիկ81,9%
Ես եմ81,9%
Ռուբեն Հայրապետյանը51,2%
Հրանտ Վարդանյանը51,2%
Շնորհքով մարդիկ40,9%
«Միկայի» տերը40,9%
«Մուլտի գրուպի» տերը30,7%
Աղվան Հովսեփյանը20,5%
Նարեկ Սարգսյանը10,2%
Բոլորն էլ հարուստ են10,2%
Արտերկրյա գործարարները10,2%
Դասախոսները10,2%

Հարցվողներն այս հարցին պատասխանելիս ունեին բազմակի պատասխանի հնարավորություն: Այդ պատճառով պատասխանների տոկոսային գումարը գերազանցում է 100 %-ը:

Առաջինի օգտին տրված է 33,3 տոկոս, երկրորդի օգտինՙ 24,8 տոկոս: Իշխանություններին եւ նրանց ղեկավարած չինովնիկներին ամենահարուստը համարողների ընդհանուր ձայները մոտ 58 տոկոս են կազմում: Սա, թերեւս, նշված պատասխաններից ամենահավաստին կարելի է համարել: Միանշանակ է, որ անկախության 13 տարիների ընթացքում Հայաստանում ամենահարուստը եղել են իշխանության ղեկին գտնվող մարդիկ եւ, անկախ նրանց փոփոխությունից, իրենց աթոռներից կառչած մնացող պաշտոնյաները: Եթե որեւէ զարգացած երկրում այս կամ այն իշխանավորը ամենահարուստ մարդկանց թվում է հայտնվում, ապա անմիջապես կասկածներ են առաջանում այդ հարստության կուտակման վերաբերյալ: Նման կասկածներ մեզանում չեն առաջանում, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ջիպով երթեւեկող եւ Իսպանիայում իր հանգիստն անցկացնող նախարարը չի կարող այդպես ապրել առանց ապօրինի ճանապարհով հարստանալու: Պատահական չէ, որ հաջորդ տեղում է «անազնիվ մարդիկ» պատասխանը (21 տոկոս), ինչը հիմնականում դարձյալ կապվում է իշխանությունների եւ պաշտոնյաների հետ: Սրան հակառակ «ամենախելոք մարդիկ» ստացել են ընդամենը 1,9 տոկոս, իսկ «շնորհքով մարդիկ»ՙ 0,9 տոկոս:

Գործարարներին ամենահարուստ համարողները 19,8 տոկոսն են: Դարձյալ վկայակոչենք կայացած երկրներին, որտեղ այս խավը ոչ թե չորրորդ, այլ առաջին հերթին կնշվի որպես ամենահարուստը: Պատասխանների մեջ զարմանալին թերեւս պատասխանել դժվարացողների բարձր թիվն է (18,4 տոկոս), որովհետեւ այլոց ունեցվածքը գնահատելու տեսանկյունից մեր ժողովուրդը բացառիկ ունակություններ ունի:

Միմյանց շատ մոտ են «պատգամավորները», «գործարարները» եւ «օլիգարխները», որոնցից առաջին երկուսին ամենահարուստ է համարել հարցվողների 10,9 տոկոսը, երրորդինՙ 9 տոկոսը: Առանց խղճի խայթ զգալու, այս պատասխանները կարելի է դասակարգել իշխանություններին եւ պետական պաշտոնյաներին տրված պատասխանների հետ, քանի որ պատգամավորները նույնպես իշխանության մաս են համարվում, իսկ նրանց մեջ քիչ չեն հովանավորվող գործարարներն ու օլիգարխները: Վերջիններիս հովանավորողներն էլ դարձյալ բարձրաստիճան պաշտոնյաներն են եւ իշխանավորները:

Այս ընդհանրական պատասխաններից հետո գալիս են առանձին անձանց վերաբերյալ տրված պատասխանները: Որպես ամենահարուստ մարդ առաջին տեղում նշվում է Գագիկ Ծառուկյանըՙ 8,3 տոկոս, որին հարկ է հավելել «Մուլտի գրուպի» տերը» պատասխանին տրված 0,7 տոկոսը: Այսինքն, այս գործարարը ամենահարուստն է նշվում պատասխանների 9 տոկոսի դեպքում: «Լուսաստղի» տերը», որն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նշվում է երկրորդը: Նրան ամենահարուստ մարդ է համարել հարցվածների 4,2 տոկոսը: Այնուհետեւ գալիս են Խաչատուր Սուքիասյանըՙ 3,1 տոկոս, Ռուբեն Հայրապետյանըՙ 1,2 տոկոս, Հրանտ Վարդանյանըՙ 0,9 տոկոս, «Միկայի» տերը», այսինքն Միխայիլ Բաղդասարովըՙ 0,7 տոկոս, Աղվան Հովսեփյանըՙ 0,2 տոկոս, Նարեկ Սարգսյանըՙ 0,2 տոկոս: Կարծում ենք պատահական չէ, որ գործարարների շարքում նշվում են նաեւ գլխավոր դատախազի եւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետի անունները: Սա կարելի է շաղկապել վերեւում հիշատակված իշխանությունների եւ պետական պաշտոնյաների հարստության վերաբերյալ առկա տեսակետների հետ:

Նշված է նաեւ «ես եմ» պատասխանը: Թե ո՞վ ինչ է նկատի ունեցել այդ պատասխանը տալով, դժվար է ասել: Որոշակի ձայներ էին ստացել «արտերկրյա գործարարները» եւ «դասախոսները»ՙ 0,2-ական տոկոս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4