Ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի հաշվարկով
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Առաջիկա տարիներին Հայաստանում մարդ չի մնա, բոլորը կգնան այստեղից», երկու տարի առաջ ասաց Երեւան այցելած ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելը, որի հետ հարցազրույց էի վարում: Նա վստահ էր իր ասածի ճշմարտացիության մեջ, եւ դա հասկանալի էր, քանի որ Մ. Նահանգներ եւ այլ երկրներ մեկնողները Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացնում են մռայլ ու սեւ գույներով, համատարած կարծիք ստեղծելով, թե յուրաքանչյուր հայաստանցի երազում է միայն երկրից փախչելու մասին:
Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթում օրերս հրապարակված «Արտագաղթը կորստի նոր փուլ է Հայաստանի տխուր պատմության մեջ» հոդվածը մեր մամուլում առաջացրեց դրական եւ բացասական արձագանքներ, եղան նաեւ որոշ ճշգրտումներ Սեւաբերդ գյուղի եւ հոդվածի հերոսի մասին:
Հոդվածում հնչած հարցերի պատասխանների լավագույն գիտակըՙ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը բացարձակապես չի ընդունում այն մտայնությունը, թե Հայաստանի բնակչությունն անհետացման նոր փուլում է:
«Հայաստանի բնակչության տեղաշարժերի միտումները XX դարի վերջին եւ XXI դարի սկզբին» նրա մոտ մեկ ժամ տեւողությամբ ելույթը, որ մեկ ամիս առաջ լսվեց ԳԱ ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաժողովում, տվեց այդ հարցերի բոլոր պատասխանները:
«Իմ հաշվարկներով Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն 400 հազար մարդՙ 3 մլն 800 հազարից մնացել է մոտ 2 մլն 500 հազար մարդ: Ադրբեջանի չհայտարարված պատերազմի հետ որոշակի դեր խաղացին հանրապետությունում ստեղծված տնտեսական, էներգետիկ (1991-1996) ճգնաժամերը, արտադրության գրեթե բոլոր ճյուղերի խիստ հետընթացը, որը նաեւ քմահաճ ու անժամանակ սեփականաշնորհումների հետեւանք էր», ասում է ակադեմիկոսը:
Նրա դիտարկմամբ, արտագաղթը կշարունակվի, եթե պետությունը կանխարգելող ոչինչ չանի, որովհետեւ մարդիկ հաճախ գնում են անգիտակցաբար ու բոլորովին պատահական, իսկ հետո իրենց գլխին տալիս հայրենիքից հեռանալու համար: Արտագաղթն ամենից առաջ կախված է Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությունից, ազգային եկամտի չափից, աշխատավարձից, աշխատուժի արժեքից, գործազրկությունից: Չափազանց ցածր է հատկապես աշխատուժի արժեքը, 10-15, երբեմն նույնիսկ 100 անգամ ցածր Մ. Նահանգներից:
Պաշտոնական գործազրկությունը հայտարարվում է 10-11 տոկոս, իրականում կազմում է 25-30 տոկոս: Գյուղացին չի համարվում գործազուրկ, որովհետեւ ունի հող եւ սեփականություն, սակայն հող ունենալով, գյուղից գալիս է քաղաքՙ համալրելով գործազուրկների թիվը:
Նրա վերլուծությամբ, արտագաղթը կախված է Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, օտար երկրներում լեգալ կամ անլեգալ բնակվող հայ գաղթականների վիճակի փոփոխությունից, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից: Արտագաղթում են հիմնականում երիտասարդները, ինչը կախված է աշխատանքային տարիք մուտք գործող մարդկանց քանակից: 2007 թվին այդ թիվը կավելանա, որովհետեւ Հայաստանում ամենաբարձր ծնունդը նկատվել է 1986 թվականինՙ 81 200 երեխա, մի թիվ, որ չի եղել նախկինում:
Արտագաղթի պատճառների մեջ նա նշում է նաեւ կաշառակերությունը, ստվերային տնտեսությունը, օրինախախտումները, որոնց հետեւանքով ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը սկիզբ է առել 1991 թվականից:
«Խոսվում է, որ ժամանակի ընթացքում արտագաղթողները կվերադառնան: Նրանք կվերադառնան, եթե պայմաններ ստեղծենք, սակայն այդ խնդիրը դժվարանում է, որովհետեւ օտար երկրում հայերեն չսովորող երեխան չի ցանկանա 15 տարեկանում Հայաստան գալ, քանի որ պարտավորված կլինի հայերեն սովորել, ինչն այնքան հեշտ չէ մտածողության կոդը փոխելու պատճառով»:
Արտագաղթն ու ցածր ծնունդը հակասում են երկրի պաշտպանունակության եւ ռազմական հզորության շահերին: Եթե արտագաղթի ծավալները փոքրանան, նոր դարասկզբին սպասվում է ծնելիության աճ, ի հաշիվ ամուսնացողների քանակի ավելացման ու խառն ամուսնությունների նվազեցման: Նրանց մի մասն, անշուշտ, այսօր հայրենիքում չէ, բայց, միեւնույն է, XXI դարի սկզբներին ծնվող երեխաների բացարձակ թիվը ավելանալու միտում կդրսեւորի: