Մեզանում հետզհետե սովորական երեւույթ է դառնում ամեն ինչում հասարակությանը մեղադրելըՙ Երեւանում անճաշակ շենքեր են կառուցվումՙ ժողովուրդն է մեղավոր, հեռուստատեսությամբ անորակ հաղորդումներ են ցուցադրվումՙ էլի ժողովուրդն է մեղավոր: Ինչո՞ւ, որովհետեւ ճաշակ չունի, որովհետեւ հետ է մնում զարգացող աշխարհից, որովհետեւ մտածում է միայն նյութականի մասին, ու մինչեւ անգամ բողոքում ծիրանի թանկությունից: Բանն այնտեղ հասավ, որ գյուղատնտեսության նախարարը մի բան էլ դժգոհեց, թե ծիրան չուտելուց չենք մեռնի: Իսկ եթե մեռնե՞նք: Արդյոք պետական պաշտոնյային պատշա՞ճ էր նման արտահայտություն անելը: Այդ մտածողությամբ կարելի է միայն մակարոն ու բրինձ ուտել ու չմեռնել: Ցավոք, ժողովրդի զգալի մասն այդպես էլ սնվում է, որ չմեռնի: Իսկ լիարժեք սնվելու իրավունքը տրված է առաջին հերթին նախարարներին ու պատգամավորներին:
Բայց էլի մեղավորը ժողովուրդն է, որին ուղղված մեղադրականները գրեթե ամեն օր հնչում են հեռուստատեսությամբ: Մեր թե՛ հանրային, թե՛ մասնավոր հեռուստաընկերությունների համար գլխավորը շահույթ ստանալն է, եւ այդ նպատակի համար դրանք պատրաստ են ծայրագույն խեղկատակության: Օրինակներ, ինչքան ուզեք, դրա համար բավական է ընդամենը մեկ անգամ «վայելել» Հ1, Հ1 «Երեւան», Հ2, «Արմենիա», «ԱԼՄ» եւ մյուս հեռուստաալիքների երեկոյան հաղորդումների «կոկտեյլները»:
Մտավորական մի կին վերջերս ապշել էր, լսելով, որ «ԱԼՄ»-ի երեկոյան ցածրորակ հաղորդումներն ու «համերգներն» անհամեմատ մեծ լսարան ունեն: Շատ զարմացավ, որ դրան հանգիստ եմ նայում: Իրականում բնական եմ համարում, որ մեծ լսարան կարող է նվաճել ամենաթույլ հեռուստաընկերությունն անգամ, եթե ունկնդիր է հասարակության բողոքներին, եթե իր տաղավարներում հյուրընկալում է ոչ թե միայն չինովնիկներին, այլեւ ամենահեռավոր գյուղի մարդկանց ու նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալիս:
Իրենց հեռուստահաղորդումները երեւանյան սլենգով վարողները դրա մեղքը եւս բարդում են ժողովրդի վրա: Պարզվում է, մեր ժողովուրդն արդեն գրական հայերեն լավ չի հասկանում, «փայլուն» հումոր արտահայտելու համար գրական լեզուն շատ է արհեստական: Չափն այնքան ենք անցել, որ «Բեռնարդ շոուի» տղաները ծաղրում են գրական հայերենով խոսողներին, ու դրա դեմն առնող չկա, որովհետեւ հաղորդումից ստացած շահույթը գրական հայերենից ավելի կարեւոր է: Դրանից հետո արժեզրկվում են այն բոլոր հաղորդումները, որոնցում խոսվում է ազգային արժեքներից, Հայաստան-սփյուռք կապերից, մեկ ազգ մեկ մշակույթ դառնալուց:
Հայերենի հանդեպ պաշտամունքային վերաբերմունք դաստիարակողը Հանրային հեռուստատեսությունն է, որը մեզանում, ցավոք, հասարակությանը կրթելու ու նրա ճաշակը բարձրացնելու գերխնդիր կարծես թե չունի, ավելինՙ զուտ պաշտոնական տեղեկատվությամբ ինքն իրեն զրկում է մեծ լսարանից: Իսկ առեւտրային հեռուստաընկերությունները, հասկանալի է, որ նման գերխնդիր չունեն, հետեւաբար նրանցից որեւէ բարձրարժեք հաղորդում պահանջելն անիմաստ է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ