Նոր սեփականատերերի հրամանով աշխատանքից ազատված եւ իրենց հասանելիք աշխատավարձը չստացած աշխատողները երեկ հավաքվել էին «Դվին» հյուրանոցի մուտքի մոտ, քանի որ ներսում ասուլիս էին հրավիրել Կովկասյան կոմունիկացիոն խմբի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանն ու ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Աստվածատրյանը: Նրանց որոշմամբ, այս տարվա հունվարից հյուրանոցի 82 աշխատողներից 79-ը ազատվել են աշխատանքից, մնացել են միայն ղեկավար մի քանի աշխատողներ, որոնք նոր ղեկավարներին օգնել են բացահայտելու հյուրանոցում կատարված չարաշահումները:
«Այս հյուրանոցում ստվերային տնտեսություն եղել է խորհրդային ժամանակներից: Մեր ընկերությունը եւս գրանցել է չարաշահումների բազմաթիվ օրինակներ, որոնք ընկերության վրա դրել են հավելյալ պարտավորություններ: 2001 թվականից ընկերությունը հոսանքազրկվել է եւ չի գործել մինչեւ 2003 թվականի հունիսի 16-ը: Ընկերությունը համապատասխան ատյաններին ներկայացրել է զրոյական հաշվետվություններ, ցույց չի տվել աշխատավարձի հաշվառումՙ համապատասխան կենսաթոշակային հաշվետվություններով: Կար նախկին տնօրենի հրամանը, որի համաձայն ամբողջ աշխատակազմն ուղարկվել է արձակուրդՙ առանց աշխատավարձի պահպանման: Մեր կարծիքով, այդ ժամանակահատվածի համար աշխատակիցները չեն կարող աշխատավարձ պահանջել», ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Այս տարվա հունվարի դրությամբ ընկերության ընթացիկ եւ ոչ ընթացիկ պարտավորությունները կազմում են մոտ 417 մլն դրամ, որից աշխատավարձի համար հատկացվել է 138 մլն դրամ: Նրա խոսքով, իրենց մասնավոր ստուգման արդյունքում բացահայտվել է, որ աշխատավարձերի պարտավորության մեջ կա 70 մլն դրամ հավելյալ գումար է:
Իրենք պարտավորվել են մարել ընկերության միայն ընթացիկ պարտավորությունները, իսկ կառավարության որոշման մեջ նշված թիվը զուտ տեղեկատվական բնույթ ունի. «Մենք հիմնավոր եւ անհիմն պարտավորություններ չենք ընդունում, ոչ ոք չի կարող մեզ պարտադրել բոլոր պարտավորությունները մարելՙ անկախ դրանց օրինական լինել չլինելուց: Հենց այսօր դիմել ենք դատախազությունՙ հետաքննությամբ կատարված չարաշահումների հեղինակներին բացահայտելու համար»: Ղուկասյանը խուսափեց որեւէ մեկի անունը տալուց, միայն նշեց, որ նրանք հաճախ են ելույթ ունենում հեռուստատեսությամբ: Խոսքը հյուրանոցի կադրերի բաժնի նախկին վարիչի ու հաշվապահների մասին է, որոնք, ըստ Ղուկասյանի, աշխատանքից ազատվածներին դրդում են դիմել դատարան ու պահանջել իրենց 4 տարվա աշխատավարձը:
Կադրերի բաժնի նախկին վարիչը երեկ հյուրանոցի մուտքի մոտ հավաքվածների մեջ էր. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե իմ կողմից կատարված հավելագրում ցույց տվող գոնե մի տեղեկանք ցույց տան, հենց այսօրվանից պատրաստ եմ կրելու իմ պատիժը, եթե ոչՙ զրպարտության համար ես եմ նրանց դատի տալու: Հաշվապահական մատյանները հյուրանոցից տարել է նախկին փոխտնօրեն Կուդբալյան Աշոտը», ասաց նա:
Ի դեպ, աշխատանքից ազատված 7 ղեկավար աշխատողների մի քանի տարվա աշխատավարձն արդեն տրվել է, իսկ մուտքի մոտ կանգնած միջին տարիքի ու տարեց կանանց ընկերությունը մերժում է վճարել, ավելինՙ առաջարկում է հարցը փակել գումարի մի մասը վճարելով. Մակարյան Լալան 9 տարի աշխատել է հյուրանոցի լվացքատանը, սակայն վերջին 4 տարիների աշխատավարձը չի ստացել, նրա հաշվարկով իրեն հասանելիք աշխատավարձը կազմում է մոտ 900 հազար դրամ, բայց իրեն առաջարկել են հարցը փակել 525 հազար դրամ վճարելով: «Հիսուն հազար աշխատավարձ ստացողին վճարել են, իսկ ծանր աշխատանք կատարածներին չեն ուզում վճարել», ասաց նա:
Լուսիկ Ասատրյանը նույնպես լվացքատանն է աշխատել, նրան հասանելիք 388 հազար դրամի փոխարեն առաջարկել են 100 հազար դրամ, 40 հազար էլ իբրեւ նվիրատվություն. «Ես վիրավորվեցի այդ առաջարկից ու դուրս եկա»:
Իսկ Վարդանյան Գրետան աշխատել է հյուրանոցի ռեստորանում. «Ինչպե՞ս կարելի է մարդկանց նյարդերի հետ այս ձեւով խաղալ, դատարան դիմած ղեկավար աշխատողների աշխատավարձն առաջնահերթ վճարել են, իսկ հասարակ մարդկանց գումարը չեն ուզում ամբողջությամբ վճարել»: Բողոքում էին կանայք ու անիծում այսպիսի անօրինականություններով լի երկրում ապրելու իրենց բախտի համար. «Հետո ասում են, ինչո՞ւ են գնում Հայաստանից, բա ո՞նց չգնան», շարունակ կրկնում էին նրանք:
Չմոռանանք նշել, որ Անդրեաս Ղուկասյանն այդպես էլ լրագրողներին չտեղեկացրեց, թե ովքե՞ր են ընդգրկված հյուրանոցի նոր սեփականատերերի հիմնադիր կազմում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ