«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2004-07-23 | #137, 2004-07-24 | #138, 2004-07-27


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՈՆԿՐԵՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Խտրական մոտեցում «Ռոյալ Արմենիա» ընկերության նկատմամբ

Սուրճի ներմուծմամբ եւ մշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերության նկատմամբ մաքսային մարմինները դրսեւորում են խտրական մոտեցում, ինչի պատճառը կոռուպցիոն երեւույթների առկայությունն է մաքսային մարմիններում: Երեկ այս մասին հայտարարեցին ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Հակոբյանը, տնօրեն Արամ Ղազարյանը եւ իրավաբան Գեւորգ Մինասյանը: Խնդրի մանրամասները ներկայացնելով, վերջինս նշեց, որ մաքսավորները, սկսած 2003 թ. գարնանից, իրենց ընկերության ներկրած սուրճի մաքսային արժեքը սահմանում են նույն գործունեությունն իրականացնող մյուս տնտեսվարողների համեմատ կրկնակի բարձր: Մինչդեռ ներմուծվում է նույն մատակարարից ձեռք բերված նույն տեսակի սուրճը: Այդ սուրճի 1 կգ-ի համար «Ռոյալ Արմենիայից» պահանջում են 1,2, իսկ վերջին անգամ նաեւ 1,8 դոլար, մյուս ներմուծողներիցՙ 0,7-0,9 դոլար:

Հիշյալ փաստերի առնչությամբ ընկերությունը դիմել է դատական ատյաններին, եւ ՀՀ տնտեսական դատարանի եւ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով մաքսային մարմինների այս գործելակերպը ճանաչվել է անօրինական եւ պարտավորեցրել բացառել նման գործելակերպը: Այդուհանդերձ, դատարանի որոշումները չեն կատարվում: Այդ առնչությամբ ընկերությունը երկու անգամ դիմել է Արարատյան մաքսատուն, որտեղից պատասխանել են, որ պետք է դիմեն մաքսային պետական կոմիտե: Դա էլ է արվել, բայց ապարդյուն: Մաքսային մարմինները շարունակում են նույն գործելաոճը, փաստորեն արհամարհելով դատարանի վճիռը: Ընկերության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին նաեւ դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատանքից, որը չի կատարում իր պարտականությունները եւ չի պարտավորեցնում մաքսային կոմիտեին կատարել դատարանի վճիռները: Սակայն «Ռոյալ Արմենիան» որոշել է տեղի չտալ, չնայած ստացած նոր ապրանքախումբն արդեն 14 օր կալանել է մաքսային կոմիտեն:

«Հայաստանի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ապօրինությունների դեմ» բողոքով ընկերության ղեկավարությունը դիմել է երկրի նախագահին, վարչապետին, մի շարք նախարարների, տնտեսական մրցակցության հանձնաժողովին: Ընկերության իրավաբանը հուսով է, որ այդ բողոքը կհասնի հասցեատերերին, քանի որ նախկին դիմումը նրանց չէր հասել:

Գագիկ Հակոբյանը նշեց, որ իրենք մաքսային կոմիտեին խնդրել են բացատրել մաքսային արժեքների տարբերության պատճառը, բայց պատասխան չեն ստացել: «Ազգի» հարցին, թե ինչո՞ւ հանկարծ 2003 թ. գարնանից մաքսավորները սկսեցին ընկերության հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերել, «Ռոյալ Արմենիայի» խորհրդի նախագահը պատասխանեց, որ այդ «գրպանային համակարգը» սկսել է ձեւավորվել այն պահից, երբ եկան նոր մարդիկ եւ սահմանեցին խաղի նոր կանոններ: Ըստ այդ կանոնների, մաքսայինները պահանջում են իրենց որպես կաշառք տալ ապրանքի ավելացված արժեքի 20 տոկոսի կեսը: Այսինքն, 1 կգ-ի համար 1,2 դոլարի փոխարեն սահմանելով 0,5 դոլար մաքսային արժեք, գործարարը մաքսայինին պետք է մուծի 0,7 դոլար կազմող տարբերության 20 տոկոսի (14 ցենտ) կեսըՙ 7 ցենտ: Գագիկ Հակոբյանի հավաստմամբ, եթե իրենք պայմանավորվեին Խաչատրյան, Ֆահրադյան ազգանուններով մաքսային կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա որեւէ խնդիր չէին ունենա: Սակայն վճռել են գնալ մինչեւ վերջ, քանի որ մաքսավորները ստիպված են լինելու կատարել օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջները: Ի դեպ, մեր մյուս հարցին, թե ընկերությունը դիմե՞լ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, Գեւորգ Մինասյանը պատասխանեց, որ դիմել են, եւ հանձնաժողովը երեք ժամ քննարկելով այդ հարցը, որոշել է, որ անբարեխիղճ մրցակցություն չի դրսեւորվել:

Վերոնշյալին մնում է միայն ավելացնել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի՞ փոխհարաբերություններ են ունեցել «Ռոյալ Արմենիան» եւ մաքսային կոմիտեն մինչեւ 2003 թ. գարունը, որ մաքսային կոմիտեի նախագահը չի դադարում խոսել համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրման եւ կոռուպցիայի հնարավորությունների նվազեցման մասին, մաքսային մարմիններում կոռուպցիայի առկայությունը երբեւէ որեւէ մեկի կասկածը չի հարուցել: Դրա անուղղակի ապացույցն այս կառույցի չինովնիկների արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաներն են, որոնք նրանք հաստատապես իրենց աշխատավարձերով չեն գնել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4