«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2004-07-24 | #138, 2004-07-27 | #139, 2004-07-28


ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի ավերակ շենքի մասին բազում հրապարակումներից հետո վերջապես գործը գլուխ եկավ եւ մոտ երկու տարի անց ուսումնարանը կունենա բոլորովին նոր տեսք, քանի որ պետության հատկացրած 1 մլն 400 հազար դոլարով շուտով կսկսվեն վերակառուցման աշխատանքները: Համառ պայքարից հետո ուսումնարանի տնօրենությունը կարողացավ հասնել նրան, որ նոր տեղում նոր շենք կառուցելու փոխարեն ընդունվեց ներկայիս շենքը հիմնովին վերանորոգելու պնդումը: Սակայն այստեղ էլ նոր խնդիրներ են ծագել քաղաքապետարանի եւ ուսումնարանի շենքի առաջին հարկում բնակվող 2 ընտանիքների միջեւ, որոնք հրաժարվում են դուրս գալՙ իրենց բնակարանների դիմաց առաջարկվող գումարից դժգոհ լինելու պատճառով:

Ուսումնարանի տնօրեն Սամվել Կարապետյանի ասելով, նրանցից յուրաքանչյուրը պահանջում է 250 հազար դոլար, ինչն ուղղակի չափից դուրս է, եւ այս պարագայում քաղաքապետարանին այլ բան չի մնում, քան դատարան դիմելը: Թե ինչքան կտեւեն դատական քաշքշուկները, դժվար է ասել, բայց որ բնակիչներն իրենց պահանջած այդ գումարը չեն ստանաՙ պարզ է: Տնօրենն անձամբ կամենում է հարցի լուծումը հնարավորինս շուտ ավարտված տեսնել, որպեսզի շինարարական աշխատանքներն անտեղի չձգձգվեն:

Նկարչական ուսումնարանի վերակառուցված շենքը կունենա բոլորովին նոր տեսքՙ ընդարձակ լսարաններով եւ ժամանակակից լավագույն պայմաններով: Իսկ մինչ այդ նոր ուսումնական տարում ուսումնարանը ժամանակավորապես կտեղափոխվի այլ շենք:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4