Սոցիոլոգիական հարցում, թե ինչպես են հայերը վերաբերվում ադրբեջանցիներին եւ հակառակը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
«Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է խաղաղություն, բայց դրա ինչպիսին լինելն ու ինչպես դրսեւորվելը չեն պատկերացնում, ինչպես նաեւ ոչինչ չէին անի դրա համար»: Ադրբեջանական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Սեւիլ Ասադովայի խոսքերով, նման պատասխան են տվել 2003 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված հարցման մասնակիցները:
Հարցումն անցկացվել է Տեխասի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի խորհրդատվությամբ (պրոֆեսոր Ջեֆրի Հելլի), կրթության եւ հետազոտությունների «Միլենիում» ասոցիացիայի (Հայաստան, Ռուբինա Տեր-Մարտիրոսյան) եւ Ադրբեջանի սոցիոլոգիական ասոցիացիայի մասնակցությամբ: Հարցվել են 1000-ական մարդ Հայաստանից եւ Ադրբեջանից եւ 200-ական ադրբեջանցի եւ հայ Լեռնային Ղարաբաղից: Հարցման նպատակն է եղել պարզել երկու երկրների մարդկանց միջեւ հակամարտության լուծման հավանականությունները:
Մինչեւ հարցման արդյունքները կհրապարակվեն Ադրբեջանում եւ Հայաստանում, որոշ տվյալներ երեկ Թբիլիսիում մամուլի ասուլիսում հայտնեցին իրենք` հարցում իրականացնողները: Հարցերը վերաբերել են մյուս երկրի մարդկանց մասին պատկերացումներին, հակամարտության պատճառների մասին կարծիքներին եւ լուծում գտնելու հավանական քայլերին:
26-60 տարեկան հարցվողների կարծիքով, դրական վարքագիծ ունեն հայերի համար` հայերը, ադրբեջանցիների համար` ադրբեջանցիները: Երկու կողմից էլ հարցվածների մոտ 50 տոկոսը նախկինում հարաբերություններ է ունեցել մյուս կողմի հետ: Մոտ 90 տոկոսը վստահ է, որ ներկայումս այդ կապերը գոյություն չունեն:
Առավել հետաքրքրական է այն հարցի պատասխանը, թե արդյոք կցանկանայի՞ն վերականգնել այդ կապերը: Պարզվում է, որ հայաստանյան կողմի հարցվածների 74.2 տոկոսը կցանկանար, իսկ ադրբեջանցիներիՙ միայն 45.8 տոկոսը: Հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ եւ համատեղ կյանքին կողմ են հայկական կողմից 97 տոկոսը, ադրբեջանական կողմից` 93.2:
Ինչ վերաբերում է ներկա կապերին, ապա այդպիսիք կան առեւտրում, գիտական եւ վիրտուալ ոլորտներում: Ասուլիսի մասնակիցների կարծիքով, անակնկալ չէր, որ որպես Հայաստան-Ադրբեջան կապերի վերականգնման հիմնական պայման հայկական կողմի 60 տոկոսից ավելին նշել է Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը: Ադրբեջանական կողմի 38 տոկոսը որպես նման պայման նշել է «օկուպացված տարածքի» ազատագրումը: Նշվել է նաեւ փախստականների վերադարձը Ղարաբաղ:
Համաձայն Ջեֆրի Հելլիի, յուրաքանչյուր կողմը հակամարտության հարցում մեղադրում է ոչ թե մարդկանց, այլ կառավարություններին: Բայց մինչ այդ, հարցման մասնակիցների կարծիքով, «թշնամի» մեկ այլ` երրորդ երկիր է, մեկ այլ ազգություն կամ ներկա կառավարություն: Մեղադրանքն այսքանով չի ավարտվում: Հարցման արդյունքներով, հակամարտության գոյությունը ձեռնտու է ոչ միայն կողմերին, այլեւ արտաքին ուժերին:
«Ազգ»-ի այն հարցին, թե արդյոք հարցման արդյունքները նույնը կլինեի՞ն, եթե անցկացվեր ներկա պահին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե կունենայինք նույն արդյունքները: Ամեն ինչ փոփոխվում է»: «Ես կարծում եմ, որ կլինեին գրեթե նույն պատասխանները», պարզաբանեցՙ Սեւիլ Ասադովան: Իսկ Ջեֆրի Հելլին նշեց, որ որոշ հարցեր կմնային նույնը, մյուսներըՙ գուցե թե ոչ:
Հ.Գ. Մանրամասն արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: