«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2004-07-27 | #139, 2004-07-28 | #140, 2004-07-29


ՕՏԱՐ ԲԱՌԵՐ ԵՎ ԱՆՈՒՆՆԵՐ ՄԵՐ... ԴՈՇԻՆ

Այսօր Հայաստանում վաճառվող հագուստների մեծ մասը կրում է ինչ-որ գրություններ, բառեր կամ արտահայտություններ: Ընդ որում, ոչ երբեք հայերենով: Իսկ դրա պատճառները գրեթե պարզ ենՙ երեւի չունենք հագուստի սեփական արտադրություն կամ էլ չունենք «սեփական արտահայտություններ», հայերենը մոդայիկ չէ...

Մի դեպքում հագուստները կրում են այնպիսի հանրահայտ ֆիրմաների կամ արտադրողների անուններ, ինչպիսիք են «Գուչի»-ն, «Վերսաչի»-ն, «Քրիստիան Դիոր»-ը եւ ուրիշներ: Կրելով այդ հագուստներըՙ գովազդում ենք դրանք: Սա դեռ ինչ-որ տեղ հասկանալի է, կամ էլ երեւի սովորույթ է դարձել: Սակայն ամեն ինչ այլ է, երբ մենք առանց երկար մտածելու գնում ենք հագուստներ, որոնք կրում են ոչ այնքան պատշաճ արտահայտություններ: Օրինակՙ «Love me» (սիրի՛ր ինձ), «Kiss me» (համբուրի՛ր ինձ), «Follow me» (հետեւի՛ր ինձ) եւ այլն:

Եթե յուրաքանչյուր անցորդ կարդա գրածը եւ կատարի «պահանջվածը», պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի: Փաստորեն, կամա թե ակամա կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, որ դժվար թե ցանկանայինք: Իսկ հետո էլ կարող ենք «անմեղ զոհ» դառնալՙ ասելով, որ մենք չէինք ուզում, որ մենք չգիտեինք տիպիկ հայկական խոսքերը: Ահա եւս մեկ պատճառ «սեփական խոսքերով» հագուստի սեփական արտադրություն ունենալու համար:

Հարց է առաջանումՙ արդյոք մենք հասկանալո՞վ ենք գնում այդ «բազմաբովանդակ» հագուստները: Եթե չենք հասկանումՙ ոչինչ, իսկ եթե հասկանո՞ւմ ենք...

Չմոռանամ նշել նաեւ տարատեսակ բլուզների մասին, որոնք իրենց ձեւով նման են որոշ տառերի, օրինակ, շատ տարածված են անգլերեն տ (T) եւ ի (I) տառերի նման բլուզները, որոնք ոչ այնքան բաց են ու ազատ, որքան անհարմար: Բայց ինչպես ասում ենՙ «հարեւանի հարսը միշտ էլ ավելի լավն է...»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4