Բայց միեւնույն է, հիվանդները բժշկի դիմում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում
Արդեն 3 տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում գործում է վերարտադրողական առողջության Փրայմ 2 ծրագիրը: Այն գործում է աշխարհի ավելի քան 20 երկրներում: Բացի այս ոլորտում ազգային քաղաքականության մշակումից, ծրագիրը մոր ու մանկան առողջության պահպանման ու վերարտադրողական բժշկության հմտություններ է ուսուցանել բուժաշխատողներին, նրանց վերապատրաստելու, ժամանակակից սարքավորումների ու դեղորայքի տրամադրման միջոցով:
Երեկ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների եւ ավելի քան 200 հայ առողջապահների մասնակցությամբ համաժողովն ամփոփեց եռամյա ծրագրի արդյունքները: Փրայմ 2-ը այս 3 տարիների ընթացքում աշխատեց Լոռու մարզի 20 համայնքների շուրջ 65 բուժհաստատություններում: Ալավերդու ծննդատան աշխատողները ոչ միայն վերապատրաստման դասընթացներ անցան, այլեւ ծննդատունն ապահովվեց ժամանակակից բուժսարքավորումներով: Բուժքույրերը, բժիշկներն ու մանկաբարձուհիները վերապատրաստման դասընթացներ անցան կանանց ու նորածիններին առօրյա բուժծառայություն մատուցելու ունակությունների, սեռավարակ հիվանդությունները բուժելու վերաբերյալ: Առաքելության նպատակը, ի վերջո, առողջապահական քաղաքականության բարեփոխումների միջոցով վերարտադրողական ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումն է հատկապես գյուղական համայնքներում, ուր հաճախ պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում բացակայում են ամենատարրական պայմանները: Դրանց թվում շատ են կիսախարխուլ շենքերում տեղավորվածները, որոնց դժվար է նույնիսկ բուժական հաստատություն համարել: Դրանցից շատերը նորոգվել են: Ծրագրի նպատակը եղել է նաեւ կապերի ու համագործակցության հաստատումը բուժաշխատողների ու համայնքների միջեւ` հատկապես եվրոպական ու արեւմտյան չափանիշներով որակյալ ծառայությունների կազմակերպման հարցում:
ԱՄՆ ՄԶԳ առողջապահական ծրագրի խորհրդատու Նիկոլաս Բրունոն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ ինքը գոհ է ծրագրի արդյունքներից: Իհարկե, ծրագրի բաղադրամասերից մեկը` ընտանիքի պլանավորման ինստիտուտը խանդավառությամբ չընդունվեց Հայաստանում եւ նույնիսկ ժամանակին մեծ քննադատության արժանացավ: Նիկոլաս Բրունոն, սակայն, դա Փրայմ 2-ի ձախողում չի համարում, այլ բացատրում է պրոբլեմի վերաբերյալ հատկապես գյուղական շրջանների բնակչության անբավարար իրազեկությամբ: Համենայն դեպս, այդ ենթածրագիրը վաղուց արդեն չի գործում Հայաստանում:
Վերարտադրողական առողջության փորձագետ Գայանե Ավագյանը իբրեւ ծրագրի կարեւորագույն, անշոշափելի արդյունք համարեց վարքագծային եվրոպական նորմերի թափանցումը հայկական առողջապահական իրականություն: Այցելուին սրտացավ, հոգատար ու համակ ուշադրությամբ ընդունելն ու ճանապարհելը (այնպես որ նա զգա, որ իր առողջական պրոբլեմը գլխավոր է ոչ միայն իր համար), նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բժշկական որեւէ օգնությունից ավելի նպաստավոր կարող է լինել: Փրայմ 2-ի գաղափարաբանության էությունը հետեւյալն է` հիվանդը հաճույքով պիտի մտնի պոլիկլինիկա կամ հիվանդանոց եւ հաճույքով դուրս գա այնտեղից: Ցավոք, նման չափանիշները հայաստանյան իրականության համար չեն: Մեր հիվանդները բժշկի դիմում են ծայր անհրաժեշտության դեպքում, իսկ դիմելուց հետո էլ աղոթում են այլեւս այդ հաստատություններում հայտնվելու առիթ չունենալու համար: Պատճառները բացատրության կարիք չունեն:
Այսօր համաժողովը կշարունակի աշխատանքը: Կքննարկվեն մասնագետների դիտողությունները, որոնք ելնելով ծրագրի արդյունքներից, նոր առաջարկներ կներկայացնեն նաեւ կառավարությանը` այս ոլորտի բարեփոխումների շարունակականությունը ապահովելու համար: Համաժողովի մարզային մասնակիցների համոզմամբ, վերապատրաստման ու հմտությունների ուսուցման ծրագրեր պիտի իրականացվեն Հայաստանի այլ մարզերում եւս:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ