ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Խիստ մոդայիկ է դարձել կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսելը կամ գրելը: Եվ դա էլ եվրոպական կառույցների աչքին պայքար ձեւացնելու եւ հերթական դրամաշնորհը ստանալու համար: «Մեզ շատ փող տվեք, որ մեր փող վերցնողները քչանան» հակասական բանաձեւը անօրինական եկամտի հերթական աղբյուր է դառնում չինովնիկների ոչ նոսր զանգվածի համար. ընդամենը: Եթե միայն խելացի ու գործնական տեսքով այդ միամիտ Արեւմուտքը հասկանար, թե կաշառատվությունն ի՜նչ կենսական անհրաժեշտություն է հայերիս համար...
Հայկական մենթալիտետը կաշառատվությունը չի համարում խիստ բացասական երեւույթ (դրա պատճառներից է պետականության երկարատեւ բացակայության պայմաններում հակահայկական օրենքները շրջանցելու, փողով ինչ-ինչ իրավունքներ ձեռք բերելու պատմական անհրաժեշտությունը), եւ որքան էլ մեզ դրսից փորձեն համոզել,¬ապացուցել դրա վնասակարությունը, անօգուտ կլինի, քանի դեռ ինքներս չենք հանգել այդ մտքին: Կոռուպցիայի դեմ հայտարարված ամեն մի արշավ անպտուղ կմնա, քանի դեռ ինքներս չենք գիտակցել, որ կաշառք տալն ու վերցնելը գրեթե խմբակային հանցագործություն է, որը ենթադրում է հավասար պատասխանատվություն թե՛ կաշառատուի, թե՛ կաշառք վերցնողի համար: Պայքարի ոչ մի միջոց ու Հայաստան ներմուծված ոչ մի «մեթոդական գրականություն» չի օգնի ձերբազատվել արդեն պետական անվտանգությանը սպառնացող հասարակական այդ ախտից, քանի դեռ անկատար օրենսդրության ու անբավարար վերահսկողության պատճառով, քաշքշուկներից, նյարդեր փչացնելուց ու ժամանակ կորցնելուց խուսափելու համար ինքներս ենք ցանկանում, որ կաշառք տանք («մաղարիչ» անենք):
Իսկ եթե հանկարծ դիմացինը հրաժարվում է վերցնելուց (հազվադեպ, բայց այդպես էլ է լինում), մտածում ենք, որ ոչ թե նա օրինապահ կամ ազնիվ է, այլՙ «Փողը քիչ էրՙ մոտ չեկավ» կամ «Հետը լեզու չգտանք»:
Պատկերացնենք այսպիսի «ուտոպիկ» իրավիճակ. վաղվանից մահապատժի սպառնալիքով (ինչպես կվրդովվեր քաղաքակիրթ Եվրոպան) Հայաստանի Հանրապետությունում արգելվում է կաշառք առաջարկելը, տալը:
Այժմյան մտածողության պայմաններում մենք պարզապես խուճապի կմատնվենք: Չենք իմանա, ինչ եւ ինչպես անել, երբ բժիշկը շքախմբով դուրս գա ընդունարան եւ հայտնի, որ ծննդաբերությունը կամ վիրահատությունը բարեհաջող է անցել, երբ մինչեւ յոթ տարեկան երեխային պատվաստեն, ու մենք ձեռքներս մեքենայորեն գրպաններս տանենք, երբ ցանկանանք մանկապարտեզ¬«քոլեջներում» դաստիարակ¬ուսուցչուհուն «վերաբերմունք ցույց տալ», որ նա ընդամենը կատարի իր աշխատանքային պարտականությունները եւ մեր երեխային «աչքաթող չանի», երբ դպրոցում ուսուցիչը կրկին «վերաբերմունքի» սպասիՙ սեւինՙ սեւ, սպիտակինՙ սպիտակ ասելու համար, երբ բուհ ընդունվել¬սովորել¬ավարտելու համար օրինական ու անօրինական գումարներ տալու կարիք զգացվի, երբ ցանկանաս «բողկի պես առողջ» տղայիդ քո հոժար կամքով հոգեբուժարանում «տեղավորել»ՙ ծառայությունից խուսափելու համար, երբ «լավ» աշխատանքի անցնելու կամ «կրճատման տակ» չընկնելու հարց առաջանա, երբ գործարարությամբ զբաղվես ու ցանկանաս պետական հարկերից (բարձր) բացիՙ այլ հարկեր չմուծել, երբ ցանկանաս գրքիդ տպագրությունը «պետպատվերի տակ գցել» կամ բանկից շահավետ պայմաններով վարկ վերցնել, եւ վերջապես, երբ այդ ամենից հոգնած¬ձանձրացածՙ կամենաս գերեզմանոցում «մի լավ տեղ» դասավորելՙ ժառանգներիդ քո հետմահու պրոբլեմներից զերծ պահելու համար...