Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ «Հայէկոնոմբանկի» միջեւ երեկ կնքվեց վարկային պայմանագիր, համաձայն որի միջազգային կազմակերպությունը 2 մլն դոլար կտրամադրի հայկական բանկին փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ու հիպոթեկային վարկավորման նպատակով: Գումարը կտրամադրվի հավասար չափաքանակներով, յուրաքանչյուրը 5 տարի ժամանակահատվածի համար: Տրամադրվող վարկերի առավելագույն ժամկետը դարձյալ 5 տարի է, մեկ վարկի առավելագույն չափը 150 հազար դոլար, իսկ տոկոսադրույքներըՙ 14-20 տոկոս:
«Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցած պայմանագրի ստորագրման արարողությունից հետո նախ ելույթ ունեցավ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ողջունելով միջազգային այս կազմակերպության ու հայկական բանկի համագործակցությունը, համոզմունք հայտնեց, որ սա կնպաստի բանկային համակարգում մրցակցության զարգացմանը եւ բանկերի կողմից նոր տեխնոլոգիաների ներգրավմանը:
«Հայէկոնոմբանկի» բաժնետերերից խոսք ասաց Խաչատուր Սուքիասյանը, հպարտություն արտահայտելով, որ բանկը կարող է վստահելի գործընկեր լինել միջազգային կազմակերպությունների համար:
IFC-ի կողմից պայմանագիրը ստորագրած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էդվարդ Նասսիմը մամուլի ասուլիսի ժամանակ այս բանկի ընտրությունը պայմանավորեց նրա պրոֆեսիոնալ եւ արդյունավետ կառավարմամբ: Նա ավելացրեց, որ կորպորացիայի տրամադրած վարկը, բացի առեւտրային ֆինանսավորումից, կնպաստի նաեւ բնակարանային շինարարության ֆինանսավորման ծրագրերին:
Հիպոթեկային շուկային առնչվող հարցին պատասխանելով, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ բանկի կողմից տրամադրվող հիպոթեկային վարկավորման ժամկետը 4 տարի էր, տարեկան 16 տոկոսով: Շնորհիվ Միջազգային ֆինանսական կորպորացիայի վարկերի, հնարավորություն է առաջացել այդ տոկոսադրույքն իջեցնել 14 տոկոսի, իսկ վարկի մարման ժամկետը երկարացնել մինչեւ 5 տարի:
Բանկի գործադիր տնօրենը, պատասխանելով այս օրերին ամենից շատ արծարծվող արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառների վերաբերյալ հարցին, այն կարծիքը հայտնեց, որ արտարժույթի շուկայի փոփոխությունները բնական երեւույթ են շուկայի համար, տվյալ դեպքում կարեւոր նշանակություն է ունեցել դոլարի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ