«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2004-07-28 | #140, 2004-07-29 | #141, 2004-07-30


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Նոյյան տապան» գործակալությունը բազմիցս տեղեկացրել է, որ վերջերս Սլովակիայի մի շարք խոշոր ընկերություններ սկսել են հետաքրքրություն դրսեւորել Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ: Առանձնապես ուշագրավ են Վանաձորում ներդրումներ անելու «Դիվիդենտ գրուպ» հոլդինգի պլանները, ոչ միայն դրանց մասշտաբայնության առումով, այլեւ որովհետեւ այդ հոլդինգի տերըՙ Ֆրանտիշեկ Զվրշկովեցը իրեն դրսեւորել է որպես Հայաստանի նկատմամբ արտակարգ բարյացակամորեն տրամադրված անձ, նաեւ հայ մշակույթի ու պատմության գիտակ: Սակայն այս գործարքի կարեւորագույն մասըՙ Վանաձորի քիմիական համալիրի վաճառքը ձախողվել է (գոնե առայժմ), ինչը ոչ միայն հիասթափության, այլեւ զանազան ասեկոսեների տեղիք է տվել: Այս պատճառով «Նոյյան տապանը» փորձեց կապվել այդ ծրագրին առնչվող անձանց հետ, ձգտելով պարզաբանել ստեղծված իրավիճակն ու սպասվող հեռանկարները: Մեզ չհաջողվեց կապվել գործարքին առնչվող չորս կարեւոր կողմերից մեկիՙ «Պրոմեթեյ» կոնցեռնի տեր Սենիկ Գեւորգյանի հետ: Այնուհանդերձ, մենք գտնում ենք, որ մյուս երեք կողմերից ստացված տեղեկատվությունը բավարար է հանրությանը այս գործի մասին իրազեկելու համար:

Առաջինը, ում հետ մենք զրուցեցինք այս խնդրի մասին, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանն էր: Նա հայտնեց, որ «Դիվիդենտ գրուպ» հոլդինգի եւ հայաստանյան «Պրոմեթեյ» կոնցեռնի միջեւ Վանաձորի քիմիական կոմբինատի վաճառքի բանակցությունները վերջնականապես ձախողված չեն եւ սեպտեմբերին կվերսկսվեն: Դեռեւս գարնանը սկսված եւ հանկարծակի ընդհատված բանակցությունների առնչությամբ մամուլում խոսվում էր սլովակյան ընկերության կողմից այստեղ նախատեսվող 20-30 մլն դոլար ներդրումների մասին (նույնքան էլ` Վանաձորի ՋԷԿ-ում):

Պրն Շահնազարյանի մեկնաբանությամբ, իսկապես, ակտիվ գործընթացը ընդհատվել է առաջին իսկ հանդիպման ընթացքում, իսկ առաջացած հակասությունը հրապարակման ենթակա չէ: Տարածված լուրերը, թե բանակցությունների ձախողման պատճառը եղել է սլովակյան կողմի միջնորդը, որին էլ արդեն փոխարինել է մեկ ուրիշը, Շահնազարյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց: «Այժմ պետության կողմից միջնորդը ես եմ, իսկ քանի որ մասնավոր երկու կողմերն իրար ճանաչում են` նոր միջնորդի անհրաժեշտություն չկա»:

Իսկ երկու մասնավոր ընկերությունների բանակցություններին իր մասնակցությունն իբրեւ պետական պաշտոնյայի, Շահնազարյանը մեկնաբանեց, որ այստեղ պետական շահ կա` աշխատուժի եւ աշխատատեղերի խնդիր: «Նրանք որոշակի արտոնություններ են պահանջում եւ բացի այդ, պետության ներկայացուցչի մասնակցությունը բացատրվում է նրանով, որ վերջին հաշվով դա քիմիական գործարան է, կա որոշակի վտանգավորության աստիճան»: Սրանից ելնելով նախարարի տեղակալի միջոցով ՀՀ նախագահը գործարքի մասին տեղեկատվություն է ստանում «առաջին ձեռքից»:

Շահնազարյանը հայտնեց նաեւ, որ մինչեւ բանակցային գործընթացի սկսվելը հնարավոր է, որ օգոստոսին Հայաստան ժամանեն սլովակ մասնագետները եւ աշխատեն փորձագետների հետ:

«Դիվիդենտ գրուպը» Սլովակիայում մոտ 80 մեծ եւ փոքր արտադրությունների տեր է, դրանց թվում կան ձեռնարկություններ, որոնք իրենց ոլորտում խոշորագույնն են Եվրոպայում: Հայաստանում բացելով իր արտադրությունների մասնաճյուղերը, «Դիվիդենտ գրուպը» մտադիր է դրանց արտադրանքն արտահանել եվրոպական շուկաներ ու Հայաստանի հարեւան երկրներ: Գարնանը` հայաստանյան բանակցությունների ընդհատումից անմիջապես հետո, ընկերությունը քիմիական հզոր գործարան է գնել Բելգիայում:

Մեր երկրորդ զրուցակիցը Սլովակիայի հայկական համայնքի նախագահ, «Սլարմ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանն էր:

- Պրն Գրիգորյան, մեզ հայտնի է, որ Ձեր ղեկավարությամբ ներդրումային ծրագրերով Հայաստան են գալիս հայտնի սլովակյան ընկերություններ եւ անհատներ, որոնցից մեկը «Դիվիդենտ գրուպն» էՙ Վանաձորի քիմիական համալիրի հնարավոր սեփականատերը: Ի՞նչ վիճակում է համագործակցության ընթացքը:

- Հայաստանում ներդրումների համար օտարերկրյա ֆիրմաներ ներգրավելը, ցավոք, դեռեւս ծանր խնդիր է, քանի որ մեր երկիրը դեռ հեռու է այն եվրոպական նորմաներից, որոնց սովոր են ժամանակակից ընկերությունները, եւ եթե Հայաստան օտարերկրյա ներդնող է գալիս, ապա որպես երաշխիքային կողմ անպայման հանդես է գալիս նրան մեր երկիր հրավիրած հայ գործընկերը:

Իմ միջոցով վերջին տարիներին Հայաստան են ժամանել մի շարք համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որպիսիք են «Շկոդան», «Ինվենսիսը», «ՎՈՒՅԵ»-ն , «Տատրա-ԳՏԲ»-ն եւ այլն: Սակայն մեծագույն գործը, որը երբեւիցե Հայաստանի համար ես արել եմ, անկասկած Վանաձորի քիմիական համալիրի համար ներդնող գտնելու աշխատանքն էր, որը սկսեցի 2002-ին եւ 2003-ի տարեվերջին միայն տվեց ցանկալի արդյունք: Հոկտեմբերին ես մի շարք սլովակյան եւ չեխական ընկերությունների բերեցի Հայաստան իմ վարձած ինքնաթիռով եւ երեքՙ «Շկոդա», «ՍԼԶ խիմիա» եւ «Իստրոէներգո», ընկերությունների ղեկավարներին բերեցինք Վանաձոր, առաջարկելով քիմիական համալիրի վերականգնման աշխատանքների համար ներդրումների ծրագիր: Իմ հույսը նախ «Շկոդան» էր, որի աշխատանքների մասնակցության դեպքում նախապատրաստել էի լուրջ ֆինանսավորում սլովակյան եւ չեխական բանկերի կողմից (ընդհանրապես, սլովակյան ընկերություններին Հայաստան բերելիս ես ոչ միայն տալիս եմ իմ սլովակյան «Սլարմ» եւ «Արմես» ընկերությունների կողմից անհրաժեշտ երաշխիքները, այլեւ ստանձնում եմ բոլոր աշխատանքների ֆինանսավորման կազմակերպումը, հիմնականում Սլովակիայից արտահանումը խթանող «ԷՔՍԻՄԲԱՆԿԻ» միջոցով: Սա ամենախթանիչ ուժն է, որ գրավում է իմ գործընկեր ներդնողներին): Եվ մեծ էր իմ զարմանքը, երբ Բրատիսլավա վերադառնալուց հետո Վանաձորի համալիրի վերականգնման աշխատանքներն առաջարկեց, որ ստանձնի «ՍԼԶ խիմիան», որը «Դիվիդենտ գրուպի» քիմիական մասնաճյուղի առաջատարն է: «Շկոդան» մնաց որպես «պահեստային», գործին ամեն պահի միանալու պատրաստակամությամբ: Անմիջապես Ստոկհոլմից ժամանեց «Դիվիդենտ գրուպ» ընկերության նախագահըՙ Ֆրանտիշեկ Զվրշկովեցը, որի հետ մենք պայմանավորվեցինք Հայաստանում ներդրումների մի հսկայական ծրագիր: Պրն Զվրշկովեցը խնդրեց իրեն տրամադրել ոչ միայն Հայաստանի տնտեսության ու ներդրումների դաշտի մանրամասներ, այլեւ հայոց պատմության վերաբերյալ մենագրություններ:

Հայաստան այցի ժամանակ Վանաձորի համալիրի գործարանների մասնագիտական ղեկավարությունը հիացրեց մեր գործընկերներին (տեղին է հիշել նաեւ Վանաձորի մարզպետ Հենրիկ Քոչինյանից մեր ստացած խիստ դրական տպավորությունը): Լավ անցավ նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն մեր կատարած այցը: Ապրիլին կրկին եկանք Երեւան ուսումնասիրություններն ավարտելու եւ գնման պայմանները հաստատելու: Կրկին դրական արդյունքներով ես եւ Զվրշկովեցը մեկնեցինք Մոսկվա սեփականատիրոջ հետ վերջնական պայմաններ հաստատելու եւ մայիսի վերջից առաջին ֆինանսական ներդրումները կատարելու: Մոսկվայում սեփականատիրոջՙ Սենիկ Գեւորգյանի հետ բանակցությունները կարճ տեւեցին, որի վերջում սեփականատերը հայտարարեց, որ նա քիմիական համալիրը չի վաճառում: Պատճառը մեզ համար անհայտ է մինչ օրս: Այո, ընդամենը մեկ-երկու նախադասություն փոխանակվել է գործարանի գնի շուրջ եւ մեկ նախադասություն մեր շահերի բաժանման վերաբերյալ, առանց որեւէ մանրամասների եւ առանց պահանջների: Զվրշկովեցը եւ ես կարճատեւ շոկի մեջ էինք, որից հետո լքեցինք բանակցությունների վայրը: Ֆրանտիշեկը հենց մեքենայի մեջից զանգահարեց Բրատիսլավա եւ կարգադրեց շտապ հայտնել Բելգիա, որ Հայաստանի հետ բանակցությունները ձախողվեցին եւ նա շտապ գնում է բելգիական քիմիական համալիրը:

- Եվ Դուք զայրանալով որոշեցիք ընդհատել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող այս ձեռնարկումը:

- Ճիշտ հակառակը, ես լծվեցի ավելի համառորեն: Ձեզ համար դժվար է պատկերացնել, թե որքան էր հարկավոր ջանք թափել, որպեսզի նորից իմ գործընկերներին տրամադրեմ Հայաստան վերադառնալու, ընդ որում ոչ թե մեկ տարի հետո, ինչպես նրանք սկզբում համաձայնեցին, այլ գոնե կես տարի հետո: Ճիշտ է, մինչ այսօր էլ ես ունեմ պահեստային տարբերակ (մյուս սլովակ-չեխական թիմը, որը պատրաստ է գործը ինձ հետ շարունակելու), սակայն «Դիվիդենտ գրուպի» դեպքում խոսքը ոչ միայն քիմիական համալիրի մասին է, այլեւ ողջ Վանաձորի տարածաշրջանի արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու, ինչը հնարավոր է իրականացնել միայն Զվրշկովեցի հետ: Առաջ անցնելով ասեմ, որ օրերս Երեւան ժամանեց «Դիվիդենտ գրուպի» նմուշներով բեռնված մեր առաջին բեռնարկղը, որը հանձնվեց մեր գործընկերոջըՙ «Արմենմոտոր» ընկերությանը, մարկետինգ կազմակերպելու համար: Բարձրակարգ փափուկ կահույքի ժամանակակից մոդելներ, որի արտադրությունը մենք պատրաստվում ենք կազմակերպել Վանաձորում եւ Երեւանում: Այսպիսով, անհարկի ընդմիջումից հետո մեր աշխատանքները շարունակվում են, ճիշտ է, ոչ այն տեմպերով, ինչպես սկսել էինք:

- Այսինքն, լուրերը, թե միջնորդին դուրս են թողել եւ նրա կարիքը այլեւս չկա, անհի՞մն են:

- Չգիտեմ խոսքը որ միջնորդի մասին է, բայց ես միջնորդ երբեք չեմ եղել եւ չեմ: Ես գործի գլխավոր կազմակերպիչն եմ եւ պատասխանատուն եւ եթե թեկուզ մի փոքր թերանամ, այս խնդրի լուծումը կանգ է առնելու: Մի շարք արտադրություններ անհնարին են առանց իմ ֆինանսավորման: Նախՙ ոչ թե միայն «Դիվիդենտ գրուպը», այլ առանց բացառության, ոչ մի ներդնող առանց երաշխիքների Հայաստան ոտք չի դնի: Այն էլՙ իրենց ոգեւորող ու սեփական պատասխանատվությամբ Հայաստան ներգրավող մենեջերի (տվյալ դեպքում իմ) համագործակցությունից հրաժարվելու դեպքում: Նույնիսկ եթե պայմանագիրը արդեն ստորագրած լինեինք եւ գործը սկսած, սլովակյան կողմն առանց ինձ մեկ օր անգամ Հայաստանում չի աշխատի, քանի որ տեղական վարքերն ու բարքերը սարսափեցնում են եվրոպական մտածողություն ունեցող գործարարին: Այո, առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը մի կոպիտ սխալ կատարել է, մոսկվացի սեփականատիրոջ «խելքին ընկնելով» եւ առանց ինձ տեղյակ պահելու նամակ է գրել Զվրշկովեցինՙ խնդրելով վերադառնալ Հայաստան, բայց այդ նամակի մասին ինձ սլովակներն անմիջապես տեղյակ են պահել, ընդ որում նամակի պատասխանը ես եմ պատրաստել: Այսօր իմ ամենամեծ ցավն այն է, որ կատարվածը խեղաթյուրված է ներկայացվել ամենուր, ինչպես նաեւ նախագահ Քոչարյանին:

- Իսկ Դուք չե՞ք կարծում, որ այս խնդիրը պետք էր անպայման ներկայացնել նախագահին:

- Ոչ միայն կարծում եմ, այլեւ հունիսին Երեւանում եղած ժամանակ զանգահարեցի նախագահի օգնական Արմեն Գեւորգյանին եւ կարճ հանդիպում խնդրեցի նախագահի հետՙ ներկայացնելով իրավիճակը: Պրն Գեւորգյանն ինձ զարմացրեց խնդրի վերաբերյալ իր «տեղյակությամբ»: Նա հայտնեց, որ «տիրապետում է իրավիճակին», մանրամասն տեղեկացված է անձամբ Սենիկ Գեւորգյանից եւ, «օբյեկտիվորեն», բանակցությունների անհաջող ավարտը կապում է ինձ հետ: Նա ոչ միայն մերժեց զեկուցել նախագահին հանդիպման իմ խնդրանքի մասին, այլեւ խնդրեց, որ ես նրան այլեւս չանհանգստացնեմ: Այդ պահին ես հիշեցի, որ Սենիկ Գեւորգյանը բանակցությունների ժամանակ երիցս կրկնում էր, որ «Արմենչիկին կհանձնարարենք, կանի»: Այսինքն, Արմենի միջոցով էլ նախագահը տեղեկանում է մեր գործունեությանը եւ ունի այն կարծիքը, որ ձեռք է տալիս երկու Գեւորգյաններին: Սա այն ցավալի իրականություններից է, որոնց Հայաստանում հաճախ ականատես ենք լինում. սփյուռքի եւ արտերկրի ամենաեռանդուն ու հայրենասեր գործիչները վիրավորվում են Հայաստանից (սխալմամբ ընդհանրացնելով իշխանություններին երկրի հետ), իսկ տուժում են մեր երկիրը եւ ժողովուրդը: Ահա իմ պարագայում, եթե չլիներ իմ անկեղծ հարգանքը մեր նախագահի նկատմամբ, ես պետք է խորապես վիրավորվեի Գեւորգյանների տարածած ասեկոսներից եւ մեկ քայլ հետ քաշվեի մեր երկրի համար այս կարեւորագույն խնդրի արագ լուծման տարբերակից, որի հետեւանքով, անկասկած, Վանաձորի քիմիական համալիրի ճակատագիրը կշարունակեր մնալ այնպիսին, ինչպիսին մեկ անգամ արդեն Գեւորգյանները «լուծել են» ոմն «մեծահարուստ գործարար» հնդիկի վաճառելով: Ես բացարձակ կասկած անգամ չունեմ, որ նախագահ Քոչարյանը, որի համար Վանաձորի համալիրի վերաթողարկումը նույնքան կենսական խնդիր է, որքան եւ մեզ համար, տեղեկանալով ստեղծված իրավիճակին կտա այն լուծումը, որի կարիքը մենք ունենք. կհանձնարարի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը բանակցել մեզ հետ եւ կարճագույն ճանապարհով ստորագրել վերաթողարկման պայմանագիրը:

- Այսինքն, դուք հավատացած եք, որ Հայաստանում արդարությունը կարող է հաղթել:

- Ավելին, ես միշտ սփյուռքի եւ հայկական ԶԼՄ-ներում ներկայացնում եմ Հայաստանում ներդրումներ կատարելու մեծ հեռանկարները, համոզված, որ հենց նախագահի աշխատակազմը կլինի արդարության ու ճշմարտության հովանավորը: Մենք այժմ ունենք մի մեծ պլան. արտերկրի գործարարներով ներդրումային մի լայնածավալ ծրագրի շուրջ մոտ կես միլիարդ դոլար գումարի չափ ներդրումային ֆոնդ հիմնել եւ մեր լոբբիստական ուղիներով Եվրոմիության Հարավային Կովկասի զարգացման ֆոնդերից ու դոնոր կազմակերպություններից գումարներ ստանալ: Այսինքն, խոշորագույն ներդրումային ծրագրերով Հայաստան ներգրավել սփյուռքահայ գործարարների մի նոր բանակ: Այս ծրագիրը պիտի կատարվի իհարկե նախագահի հովանավորությամբ եւ իշխանությունների հետ համատեղ: Ահա այս պլանների շուրջ եւս ցանկանում եմ զրուցել նախագահի հետ, եթե, իհարկե, պրն Արմեն Գեւորգյանը «թույլ կտա»: Ի դեպ ասեմ, որ ՀՀ նախագահի ստրասբուրգյան ելույթը եւ դրան հաջորդած պատասխանները մեծ տպավորություն թողեցին սփյուռքահայ ներդնողների վրա:

«Նոյյան տապանի» եվրոպական կենտրոնի մեր թղթակցական բյուրոն դիմեց նաեւ Ֆրանտիշեկ Զվրշկովեցին հարցով, թե արդյոք Մոսկվայում սեփականատիրոջ հետ բանակցությունների բացասական արդյունքի պատճառը կապվո՞ւմ է Գրիգորյանի հետ: Պրն. Զվրշկովեցը հայտնեց, որ ճիշտ հակառակը, ամբողջ աշխատանքների դրական արդյունքը Գրիգորյանի բացառիկ կազմակերպչական աշխատանքների շնորհիվ է: Բացի այդ, պրն Զվրշկովեցը հայտնեց, որ Գրիգորյանը սլովակյան կողմի առջեւ մինչ այսօր ոչ մի շահի բաժանման կամ պահանջի խնդիր չի դրել: «Իհարկե, նշեց պրն Զվրշկովեցը, Գրիգորյանը իրավունք ունի մեզ հետ շահի բաժանման շուրջ բանակցություններ վարելու, բայց մինչ այսօր նա այդ խնդրին երբեւիցե չի անդրադարձել»: Պրն Զվրշկովեցը հայտնեց, որ ինքը մեծապես ցավում է, որ բացառիկ անտեղի ու անհասկանալի պատճառներով մայիս-հունիս ամիսներին Վանաձորի քիմիական համալիրի որոշ արտադրամասերի պլանավորած թողարկման գործը ձախողվեց: Միեւնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ սեպտեմբերին նախանշվող այցից հետո գործընթացը կշարունակվի: «Ցավոք, կորսվեց ժամանակ, որը քիմիական համալիրի եւ Վանաձորի տարածաշրջանի, ասել է թե ողջ Հայաստանի, համար անդառնալի կորուստ էր», ասաց պրն Զվրշկովեցը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4