Մատենադարանի բարձունքից այսօր հայոց մայրաքաղաքին հսկում է մի լուռ հայացքՙ մեր ժողովրդի բազմադարյան հոգեւոր-գիտամշակութային իմաստնության հսկայական փորձով: Մատենադարանի ձեռագրային արժեքները մեր ժողովրդի բանականության, իմացականության եւ ստեղծագործ անցյալի ամենավավերական ապացույցն են, որոնց պահպանումն ու հարստացումը պետական եւ ազգային նշանակության խնդիր է: Հայկական ձեռագրային արժեքները մեր ժողովրդի պատմությանը համահունչ տարագիր ճակատագիր են ունեցելՙ սփռվելով աշխարհի տարբեր ձեռագրատներում: Հայկական շուրջ 30.000 ձեռագրերի գրեթե կեսը պահպանվում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում (3.500), Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանությունում (3000), Վիեննայում (1000), Փարիզի ազգային գրադարանում, Նոր Ջուղայում, Բեռլինում, Մոսկվայում, Պետերբուրգում: Ձեռագրերի ամենամեծ հավաքածուն պահվում է Երեւանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: Մեր անդրադարձը Մատենադարանի ձեռագրերի այսօրվա վիճակին եւ զրույցը 1982 թվականից ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի հետ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
- Արձանագրված պատմությունը վկայում է մեր եկեղեցիների, վանքերի թալանների ու ավերումների ժամանակ զոհ գնացած մատենագրային շատ ու շատ արժեքների մասին: Ինչպե՞ս են ի մի բերվել փրկվածները Մատենադարանում, եւ ձեռագրային ֆոնդերում վերջին տարիներին եղե՞լ են արդյոք փոփոխություններ:
- Ձեռագրերի մեզ հասած այն պաշարը, որ համարում ենք շոշափելի իրենց քանակությամբ ամենայն հավանականությամբ եղած դարերի հոգեւոր-մտավոր ժառանգության մեկ տասներորդ մասը կլինի: Մեր պատմիչները բազում վկայություններ են մեզ հաղորդում: Պետականության բացակայության պայմաններում, բարեբախտորեն, մեր վանքերը (Տաթեւի, Սանահինի, Սեւանի, Սբ. Առաքելոց) հնարավորություն են ունեցել այդ հոգեւոր ժառանգության մի մասը փրկել: 1920 թ. Էջմիածնի վանքի ձեռագրերը պետականացվեցին: 1930-ականներին, երբ սկսվեց անաստվածության, եկեղեցու դեմ շարժումը, շատ բան կորավ ու թալանվեց, հոգեւորականությունը տուժեց, Սբ. Էջմիածինը կորուստներ ունեցավ, բայց ձեռագրերի ժողովածուն, որ պետականացված էր արդեն, փրկվեց: Բոլշեւիկների այդ սերունդըՙ Աշոտ Հովհաննիսյան, Պողոս Մակինցյան, Ալեքսանդր Մյասնիկյան, գիտեին գիտական, հոգեւոր այդ ժառանգության արժեքը: Հետագա ռեպրեսիայի տարիներին, քանի որ դրանք պետականացված էին, դիտվում էին իբրեւ գրադարաններ եւ դրանով իսկ պահպանվեցին: Էջմիածնի վանքի 4.500 ձեռագրերը հիմքը դարձան Մատենադարանի հավաքածուի: Այժմ Մատենադարանում պահպանվում է ձեռագրերի ամենախոշոր հավաքածունՙ 14.00 հայերեն եւ 3.000 այլալեզուՙ հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներենՙ գիտական-պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռագրեր:
Ամենահին ձեռագրերը V-VI դարերի կրոնական բովանդակությամբ ձեռագրերի պատառիկներն են: VII դարից ունենք ամբողջական ձեռագրերՙ Վեհամոր ավետարանը, օրինակ: Եթե նախորդ շրջանի ձեռագրերը որոշվում են հնագրական մոտավոր ճշտությամբ, ապա Լազարյան ավետարանը թվագրված է ստույգՙ 887 թ., Էջմիածնի ավետարանը 989 թ. հիշատակարանով: Հների մեջ գերակշռող են կրոնական-աստվածաբանական բովանդակությամբ եւ թարգմանական ձեռագրերը, ինչպես նաեւՙ գիտական-մեկնողական: Դրանց մեջ շատ են այնպիսիք, որոնց հունարեն կամ ասորերեն բնագրերը չեն պահպանվել, մասնավորապես եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Փիլոն Ալեքսանդրացու, Իրենեուս Լուգդոնացու գործերը (վերջինիս «Ցոյցք առաքելական քարոզութեան» աշխատությունը միայն հայերեն թարգմանությամբ է պահպանված), ապա եւ փիլիսոփայականՙ թարգմանաբար մեզ հասած աշխատություններըՙ Պլատոնի, Պորփյուռ Փյունիկեցու, Արիստոտելի, Թեոն Ալեքսանդրացու եւ ուրիշների: Հայ մատենագիրները սկսելով թարգմանությունից, արագ անցան ինքնուրույն գրականության. պատմագրականՙ Կորյուն, Եղիշե, Փարպեցի, փիլիսոփայական աշխատություններՙ Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Հովհ. Սարկավագ, Վահրամ Ռաբունի, Հովհ. Որոտնեցի, Գր. Տաթեւացի, ամբողջական ձեռագրեր, դրանց մի մասըՙ հրատարակված, մի մասըՙ անտիպ:
Վերջին տարիներին հետաքրքրական երեւույթի ականատես եղանք: Սովորաբար Մատենադարանի ձեռագրաց հավաքածուներն անընդհատ հարստացել են: 1920 թ. դեկտեմբերի դեկրետով Էջմիածնի ձեռագրերի պետականացումից հետո մինչեւ 1939 թ. Մատենադարանը գտնվում էր Էջմիածնում հատուկ կառուցված ոչ մեծ շինությունում: Նկատի առնելով բազում անհարմարություններըՙ այդ նույն թվականից Մատենադարանը փոխադրվեց Հանրային գրադարանի 3-րդ եւ 4-րդ հարկեր: 1943 թ., երբ ստեղծվեց Ազգային ակադեմիան, առաջին պրեզիդենտըՙ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, առաջինը միտք հղացավ հայկական ձեռագրատան նոր, հատուկ պայմաններով շենք կառուցելու: Մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեց Մարկ Գրիգորյանի նախագիծը: Տեղի ընտրությունը կատարել էին Հովսեփ Օրբելին եւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Շենքի շինարարությունն ավարտվեց 1959 թ., եւ այդ թվականից էլ գործում է Մատենադարանը, իսկ 1962 թ անվանակոչվեց Մաշտոցի անունով:
Անկախության առաջին տարիներին, երբ վիճակը երկրում վատացավ, մենք ահազանգ բարձրացրինքՙ նախ եւ առաջ պահոցներում միկրոկլիմայական ռեժիմը պահպանելու համար, եւ այդ տարիներն անցկացրինք անկորուստ: Մատենադարանի համար առանձին կաթսայատուն կառուցվեց եւ պահոցների մշտական խոնավությունն ու ջերմությունը գիտական նորմաներով պահպանվեցին: Այդ տարիներին նաեւ ձեռագրերի աճ նկատվեց: Մարդիկ նյութական ծանր վիճակներից իրենց անձնական, ժառանգաբար ստացած ձեռագրերը բերում էին Մատենադարան, մեծ մասամբ վաճառում էին, երբեմնՙ նվիրում: Մենք դիմեցինք տարբեր ֆոնդերի եւ բարերարների, որոնց օգնությամբ գնում էինք, եւ ձեռագիրն իբրեւ նվիրատվություն բարերարի անունով մտնում էր Մատենադարան: Այդ տարիներին տասնյակ արժեքավորՙ 13-15-րդ դարերի ձեռագրեր հարստացրին մեր ֆոնդերը:
- Պրն Արեւշատյան, հիշեցիք անկախության դժվար առաջին տարիների ձեր անկորուստ անցման մասին: Մատենադարանը բարեբախտորեն ընդգրկվեց «Լինսի» հիմնադրամի մշակութային բարենորոգումների ծրագրում: Բավարա՞ր են արդյոք կատարված աշխատանքները:
- Մատենադարանը 35 տարի չէր վերանորոգվել, եւ այն ծանր տարիների հետեւանքներն էլ ավելացել էին: Վերանորոգումը սկսվեց 2002-ին, տեւեց մեկ տարի: Նախ հիմնովին վերանորոգվեցին շենքի տանիքը, որը կաթում էր, ապա նկուղային հարկը, ջեռուցման ամբողջ համակարգը, խողովակները, շենքի դահլիճները, միջանցքները, ցուցասրահները: Ջերմաստիճանային կայուն համակարգը ապահովող սարքավորումները տեղադրվել էին դեռեւս 1997-98 թթ. Ալեք Մանուկյանի Հայկական բարեգործական ընդհանուր միության գումարներով, այսօր էլ «Լինսի» հիմնադրամով շենքը եւ կոմունիկացիաները վերանորոգվեցին, կարելի է ասելՙ մենք բարվոք վիճակում ենք: «Լինսի» հիմնադրամի երկրորդ հերթի ծրագրերի մեջ պետք է ընդգրկվեն մյուս կարեւոր մշակութային օջախները եւս, մասնավորապես կիսավթարային վիճակում գտնվող ազգային գրադարանը. միլիոնավոր գրքերի ֆոնդերը, պահոցները հարկավոր է փրկել:
- Մատենադարանը զուտ ձեռագրերի թանգարան չէ: Որպես գիտահետազոտական ինստիտուտ ունի խնդիրներ: Ծավալում է նաեւ լուրջ հրատարակչական գործունեությունՙ մեզ եւ օտարներին մեր ձեռագրային մշակույթին ծանոթացնելու առաքելությամբ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
- 1959 թ. Մատենադարանը ոչ միայն պետական ձեռագրատուն է, այլեւ գիտահետազոտական ինստիտուտՙ մասնագիտացված աղբյուրագիտության, բնագրագիտության, գիտությունների պատմության եւ հայագիտության ուղղություններով: Այդ տարիների ընթացքում Մատենադարանը հրատարակել է հայ պատմիչների, փիլիսոփաների, բժշկագետների, իրավագետների, տոմարագետների բնագրեր: Իհարկե, վերջին տարիներին մեծ դժվարություններ ունեցանք եւ օգտագործելով միջազգային փորձըՙ 2002 թ. ստեղծեցինք «Մատենադարանի բարեկամների ընկերակցություն» հիմնադրամը: Մեր ֆոնդերի հարստացման, նոր ձեռագրերի գնման եւ մի շարք հրատարակությունների աշխատանքներում ներդրումներ են կատարել ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գ. Կյուլբենկյան հիմնարկությունը, Ալեք Մանուկյան հիմնադրամը, Միլանից Սարո Խուդավերդին, Պետրոս Ասլանյանըՙ Աբու Դաբիից, Լոնդոնից Ջորջ եւ Ջոն Քյուրքչյանները եւ շատերը, որոնց անունները հրապարակվում են Մատենադարանի տարեգրքում:
Վերջերս հրատարակվել է հայ սրբապատկերներին նվիրված Հրավարդ Հակոբյանի ուսումնասիրությունը, պատրաստվում է տպագրության «Հայ մանրանկարչական ամբողջական մատենագիտության» 2-րդ հատորը (առաջին հատորը մի քանի տարի առաջ լույս տեսավ Կահիրեում), Թովմա Արծրունու «Պատմություն Տանն Արծրունյաց» աշխատությունը ռուսերեն, նույն մատենաշարով պատրաստվում է հրատարակության Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» (դարձյալ ռուսերեն), նաեւ «Բանբեր Մատենադարանի» հերթականՙ 17-րդ հատորը: Ունեն մեծ ծրագիր Աստվածաշնչի գիտաքննական բնագրերի հրատարակությանՙ տարբեր ժամանակների մեզ հասած Աստվածաշնչի բնագրերի համեմատությամբ: Արդեն հրատարակված են Հնգամատյանի գրքերըՙ «Ծննդոց», «Ելից», «Ղեւտացոց», «Թվոց», «Երկրորդ օրինաց», ինչպես նաեւ Սուրբ գրքի «Մակաբեյացւոց» գիրքը, պատրաստման ընթացքում է «Թագավորացը»:
Հաջորդ ընդգրկուն ծրագիրը «Ձեռագրաց մայր ցուցակ»-ի հրատարակությունն է, որի համառոտ երկհատորյակը 30 տարի առաջ էր տպագրվել: Այժմ պատրաստում ենք 20-25 հատորով մեր բոլոր ձեռագրերի (նաեւ պատառիկների) ամբողջական մանրամասն նկարագրությամբ հատորաշարը, որի առաջին հատորը լույս էր տեսել դեռ 20 տարի առաջ: Երկար տարիների ընդմիջումից հետո ֆրանսիացի մեր գործընկեր Բեռնար Ութիեի, Շվեյցարիայի մի քանի գիտական կազմակերպությունների մեզ տրամադրած գումարներով շուտով լույս է տեսնելու 2-րդ հատորը, պատրաստվում է տպագրության 3-րդ եւ 4-րդ հատորներըՙ առայժմ հայերեն, ավելի ուշՙ համառոտ, անգլերեն եւ ռուսերեն:
- Ինչպիսի՞ կապեր, առնչություններ է պահպանում Մատենադարանը տարբեր երկրների գիտական հաստատությունների հետ:
- Մենք սերտ կապեր ունենք աշխարհի հայագիտական, արեւելագիտական բազմաթիվ կենտրոնների հետՙ Սորբոնի, Օքսֆորդի, Կալիֆոռնիայի համալսարանների, Ֆրանսիայի ազգային գրադարանի (մեր եւ նրանց աշխատակիցների ջանքերով հրատարակեցինք «Ազգային գրադարան» հայերեն ձեռագրերի հավաքածուի ցուցակը), համագործակցում ենք Վատիկանի ձեռագրատան. Մխիթարյան միաբանության, Լիբանանի Զմմառի վանքի հետ: Բրիտանական գրադարանի նոր շենքի բացման առիթով կազմակերպված ցուցահանդեսին մասնակցեցինքՙ ներկայացնելով Մատենադարանի ձեռագրերը:
Վերջին տարիներին այդ կենտրոններից դիմում են մեր ռեստավրատորներինՙ օգնելու իրենց: Մայիսին նրանք եղան Անթիլիասում, աշխատանքներ են կատարել բուժելու, ախտահանելու տեղի ձեռագրերի հավաքածուն, նույնըՙ Նոր Ջուղայում, Հալեպում: Մեր մասնագետները փորձի փոխանակում կատարեցին նաեւ Աշխաբադում (Թուրքմենստանի նախագահը Մատենադարան կատարած այցելությունից հետո իրենց մոտ ստեղծեց ձեռագրերի ինստիտուտ):
Բազմաթիվ կոնֆերանսների ենք մասնակցել Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Գերմանիայումՙ Բեռլինում եւ Հալլեում, Վիտենբերգի հայագիտական «Մաշտոց» կենտրոնում: Վերականգնել ենք նաեւ մեր նախկին կապերը Ռուսաստանի հետ:
- Մենք զրուցեցինք Մատենադարանի ձեռագրերի, այստեղ կատարվող աշխատանքների, շենքային պայմանների մասին: Ի՞նչ կասեք ձեր աշխատակիցների, երկարամյա բազմավաստակ գիտնականների սոցիալական վիճակի մասին:
- Այսօր Մատենադարանը 120 աշխատակից ունի, 40-50-ը գիտաշխատողներՙ պատմաբաններ, բանասերներ, տեքստաբաններ, մնացածըՙ ռեստավրացիայի, գրադարանի, ավտոմատիկայի, սպասարկման բաժնի աշխատողներ են: Բազմամյա վաստակով գիտությունների դոկտորի աշխատավարձը կազմում է 20-25.000 դրամ, սիմվոլիկ մի գումար:
- Կարծում եքՙ սա սոցիալական խնդի^ր է միայն:
- Իհարկեՙ ոչ. սա բարոյական կողմեր ունի, նաեւ վերաբերմունք է գիտական մտքի հանդեպ: Եթե գիտակցում ենք Մատենադարանի արժեքը, ապա այն մշակներին եւս, որ պահպանում, մշակում, ուսումնասիրում են այդ ձեռագրերը, պետք է արժանավայել վերաբերմունք ցույց տրվի: Չէ՞ որ նրանք իրենց առողջության հաշվին են կատարում այդ գործը, որովհետեւ սիրում են եւ իրենց կյանքն իմաստավորվում է նաեւ այս աշխատանքով: Եվ եթե մի մասը ապրուստի համար, ապա մի որոշ մասը, գուցե եւ առանց վճարի էլ աշխատեր, մեր հին վանահայրերի, վարդապետների նման: Ոմանք, իհարկե, դասավանդում են բուհերում, բայց դարձյալ իրենց մասնագիտությամբ: Պետք է կտրուկ փոխվի այս վերաբերմունքը:
Մեր կարգավիճակը վերջերս փոխվեց. առաջ գտնվում էինք կառավարության ենթակայության տակ, հիմաՙ գիտության եւ կրթության նախարարության, դրանից էականորեն ոչինչ չի փոխվել: Մյուս ինստիտուտների պես դարձանք պետական ոչ առեւտրային հաստատություն եւ թույլ տրվեց, որ մուտքը վճարովի լինի: Դպրոցականների համար մուտքի վճարը սահմանված է 100, մեծահասակների համար 500 դրամ եւ լրացուցիչ վճարՙ օտար լեզուներով բացատրությունների եւ մեկնաբանությունների համար: Սա մեզ թույլ է տալիս ստեղծելու ֆոնդ, կատարելու կոմունալ ծախսեր, պարգեւատրումներ:
- Քսաներկու տարի ղեկավարում եք հոգեւոր-մտավոր նշանակությամբ ազգային ամենակարեւոր հաստատություններից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում նրա բարոյական եւ կրթական-դաստիարակիչ դերը մշակութային իրականության սնանկության ներկա օրերում, կա՞ արդյոք հետաքրքրություն հին, դասական այս գանձերի նկատմամբ:
- Հետաքրքրությունը Մատենադարանի նկատմամբ տնտեսական տագնապի այս տարիներին, որ թվում էր պիտի նվազեր, հակառակըՙ մեծացել է: Հոսքը, ինչպես մեր համերկրացիների, այնպես էլ դրսից, ավելացել է: Կան ազգային սիմվոլներ, հոգեւոր նշանաձողեր, Մատենադարանը դրանցից մեկն է, եւ այս ծանր պայմաններում նրանց ինքնագիտակցությունն այդպիսի նշանաձողերից նոր իմպուլսներ է ստանում: Մատենադարանը հոգեւոր ժառանգության կենտրոն է, դարերի ընթացքում ստեղծված հոգեւոր մեր արժեքները կենտրոնացված են այստեղ: Մեր պատմական ժառանգությունն ու հիշողությունն է: Իրավացի են մեր այն հյուրերը, որոնց կարծիքով Մատենադարանը հայ ժողովրդի պատմական անձնագիրն է, որով Հայաստանը ճանաչելի է դառնում աշխարհին:
Ներկայի հայորդիների համար մեծ հոգեւոր սնունդ էՙ թե՛ դաստիարակչական, թե՛ գաղափարական առումով: Պիտի արժանի լինեն այս ժառանգությանը, որ կարողանան փոխանցել հաջորդ սերունդներին: Իմ երկար տարիների աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ մեր արտասահմանյան գործընկերները Մատենադարանի նկատմամբ ցուցաբերում են խորապես ակնածալի վերաբերմունքՙ իբրեւ պատմական-հոգեւոր այնպիսի արժեքի, որ դուրս է գալիս ազգային շրջանակներիցՙ դառնալով համամարդկային հարստություն:
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ