Տարիներ առաջ Բոստոնում ամուսնացած բարեկամուհիս` Գայանե Հակոբյանը, 2-3 տարին մեկ գալիս է Հայաստան: Անկախ ամերիկյան անվրդով ու գայթակղիչ կենցաղից, ինչպես ինքն է ասում, Բոստոնում կարոտում է անգամ Երեւանի իրենց տան բակում աճող ծառերը: Այս անգամ Երեւան այցին նրան գտա ծայր հիասթափության մեջ:
North-west ընկերության ինքնաթիռով հուլիսի 21-ին մոր հետ Բոստոնից թռչում է Ամստերդամ: Այստեղից հայկական «Արմավիա» ընկերության օդանավով գալիս են Երեւան: Ամստերդամ հասնում են առավոտյան ժամը 7-ին: Այստեղ, իր պատմելով, մինչեւ կեսօր, մինչեւ ինքնաթիռի թռիչքը իրենց սպասարկել է «Արմավիայի» հայկական անձնակազմը: Սպասարկողներից ոմանց նույնիսկ հիշում էին նախորդ ուղեւորություններից: Ինքնաթիռի վայրէջքից հետո VIP ծառայության մոտ ճամպրուկները հանձնել են իրենց:
Միայն հաջորդ առավոտ ճամպրուկը տանը բացելուց հետո հայտնաբերել են, որ անհետացել են Գայանեի հագուստեղենն ամբողջությամբ եւ մտերիմ բարեկամների համար բերած նվերներից: Զարմանքն ու հիասթափությունը մեծ է եղել, որովհետեւ մտքներով չի անցել, որ կոդավորված ճամպրուկը կարող էին թալանել, այն էլ հայկական ինքնաթիռում: Պիտի ենթադրել, որ գողության հեղինակները վարպետ են եղել եւ հավանաբար առաջին անգամ չէ, որ նման բան են արել:
«Արմավիա» ընկերության ղեկավարությունը լավատեղյա՞կ է, թե ինչ նկարագրի մարդիկ են աշխատում իր սպասարկած բաժանմունքներում: Տեղյա՞կ է նման արգահատելի իրողություններից: Հավանաբար ոչ այնքան, որովհետեւ շատերը, ինչպես Գայանեն ու իր մայրը, հույս չփայփայելով, թե մեղավորները կբացահայտվեն, նաեւ երկար ու սրտամաշ քաշքշուկներից սարսափելով, նման դեպքերում պարզապես չեն էլ բողոքում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ