«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՏԱՆԸ

Համահայկական «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը հայության երկու հատվածները մերձեցնելու, միմյանց արվեստին ծանոթացնելու նպաստող բազում հանգամանքներ ունի եւ այս փառատոնի ինքնատիպությունը սփյուռքահայերի մասնակցության փաստն է հենց:

Սփյուռքահայ մեր շատ հայրենակիցներ, որ մշակութային, ստեղծագործական կյանքի մեջ են տարբեր երկրներում, մեզ գրեթե անծանոթ անուններ են: Նրանց համար հայաստանյան մշակութային իրականությունը մասնակիորեն հայտնի է դառնում հանրային հեռուստատեսության առաջին ծրագրի հեռարձակումներից կամ մամուլից: Մենք իրենցից ավելի անտեղյակ ենք, եւ սա լավագույն առիթն է սփյուռքահայ հեղինակների ստեղծագործություններին ու կատարողներին ճանաչելու, եթե իրենց արվեստն այստեղ ներկայացնելու հնարավորություններն ավելի շատ լինեն: Այդ արվեստը մեզ տեղեկացնում է նաեւ տարբեր երկրների մշակութային կյանքում կատարվող նորույթներին եւ փոփոխություններին, որովհետեւ, այսպես թե այնպես արտերկրի մեր հայրենակիցների գործերը կրում են տվյալ երկրի մշակույթի, ավանդույթների ու արդի արվեստի նորարարության կնիքը:

Իհարկե, հայրենիքում ներկայանալու ոգեւորություններից զատ եղան եւ դժգոհություններ փառատոնի բացման առաջին օրվանից սկսած, երբ օպերային թատրոնում տեղի ունեցող հանդիսության հայտագրում ընդգրկված չէր որեւէ սփյուռքահայ կատարում: Նրանք ելույթներ ունեցան մարզերում, այն էլՙ կազմակերպչական լուրջ թերություններով, որտեղ, ըստ մասնակիցների, ելույթ ունեցողներն ավելի շատ էին, քան հանդիսականները (Հրազդան, Դիլիջան):

Երեք օր առաջ կամերային տանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել սփյուռքահայ ասմունքողների մասնակցությամբՙ Հալեպիցՙ Սալբի Տարաքչյանի, Պոլսիցՙ Սիլվա Կոմիկյանի եւ Երեւանիցՙ երգիչ Վահրամ Թաթիկյանի: Հասմիկ Հացագործյանը հիվանդության պատճառով չմասնակցեց համերգային ծրագրին:

Տոթ դահլիճի անտանելի պայմաններում Վահրամ Թաթիկյանն առաջարկեց խնդրագիր ուղարկել կազմակերպիչներին, որ այսուհետեւ նման նշանավոր փառատոներ անցկացնելիս հաշվի առնեն եղանակը եւ նկատի ունենան զով աշունը: Չնայած տոթինՙ հանդիսականը գրեթե 2,5 ժամ հաճույքով վայելեց ասմունքի ու երգի երեկոն, թեեւ եղան դժգոհություններ Վահրամ Թաթիկյանի կատարումների գերակշռությունից:

Արեւմտահայ պոեզիան հրաշալիորեն մատուցեցին Հալեպի եւ Պոլսի մեր հայրենակցուհիները: Երիտասարդ արվեստագիտուհի Սալբի Տարաքչյանն ասես իր ներաշխարհն էր բանաստեղծորեն թարգմանում Պ. Դուրյանի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սեւակի, Վ. Թեքեյանի, Մ. Զարիֆյանի ստեղծագործությունների միջոցով: Իրեն հատուկ մեղմ քնարականությամբ, քնքշությամբ, ներքին ջերմությամբ ու խոր ապրումներով, ձայնի նրբագեղ ելեւէջումներով Սալբի Տարաքչյանը ներկայացրեց արեւմտահայ բանաստեղծների գործերի մի հրաշալի փունջՙ «Ինչ կըսեն» (Դուրյան), «Լույսը» (Վարուժան), «Պզտիկ սիրտդ» (Սեւակ), «Որոշում» (Զարիֆյան), եւ Ռ. Սեւակի «Վերջին հայերը»ՙ Վահրամ Թաթիկյանի նվագակցությամբ: Թատերայնացված կոմպոզիցիան հույզերի ու զգացումների խտացումով ու պատկերայնությամբ կատարվեց հայրենասիրության ու հայասիրության ընդգրկված ներշնչումով, ինչին հանդիսականը բուռն արձագանքեց ծափողջույններով:

Վահրամ Թաթիկյանը ելույթի առաջին մասում ներկայացրեց վաղ եւ ուշ միջնադարյան հայ քնարերգուներ Պ. Դպիրի, Կ. Երզնկացու, Գր. Աղթամարցու եւ Գր. Նարեկացու ստեղծագործությունների մոտիվներով գրված փիլիսոփայական, կյանքի, մահվան, գարնանը, բնությանը նվիրված իր երգերը: Ավարտին հնչեցին Ռ. Սեւակի, Մեծարենցի, Սիամանթոյի, Զահրատի բանաստեղծական տեքստերով գրված գործերըՙ ավարտելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանիով»:

Պոլսից շատերիս անծանոթ ասմունքողուհի Սիլվա Կոմիկյանի ելույթը դահլիճն ընդունեց նկատելի ջերմությամբ: Արեւմտահայ ժամանակակից բանաստեղծների իր մեկնաբանությունը բավական ինքնատիպ ու տպավորիչ էր. զգայական-քնարականությունից ավելի պատկերավոր-նկարագրական, արեւմտահայերենն ու բանաստեղծության լեզուն, ներքին շերտերը տեսանելի դարձնող արտահայտչամիջոցներովՙ ընդհատ, կտրուկ անցումներով ու դադարներով, անակնկալ ավարտներով: Ասմունքի ընթացքում նա ասես բացատրում էր բանաստեղծությունը, մեկնում չասված խոսքերըՙ մասնակիցը դառնալով ստեղծագործության ներքին շարժումին: Սիլվա Կոմիկյանի մեկնաբանությամբ հնչեցին Մեծարենցի, Զարիֆյանի, Խրախունու, Զահրատի բանաստեղծություններից։ Հայտագիրն ավարտվեց երեկոյին ներկա պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի «Օրագրիս 15 էջերը» գրքից մի հատվածով, որտեղ հեղինակը մտորում է Երեւանում հանդիպած հրաշալի արեւելահայերենով խոսող անգլիացու եւ օտար ափերում հայերենը մոռացող հայերի մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4