«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԸՙ ՆՈՒՅՆ ԴԱՆԴԱՂ ՏԵՄՊԵՐՈՎ

Քանի դեռ ունենք ինտերնետի անորակ կապ ու հմուտ մասնագետների կարիք

Վեբ ծրագրավորման ոլորտի երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունները բացահայտելու նպատակով «Լայքս Հայաստանը», «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» եւ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» հայտարարում են վեբ ծրագրավորման մրցույթ, որին կարող են մասնակցել Java/JSP կամ PHP ծրագրավորման լեզուներին տիրապետող հայաստանցի 17-30 տարեկան մասնագետները: Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 13-ին, «Լայքս Հայաստանի» համակարգչային լաբորատորիայում: Հաղթողները կստանան մրցանակներՙ համակարգչային սարքավորումներ, դրամական մրցանակներ, աշխատանքի առաջարկ եւ այլն: Այս մասին երեկ հայտնեցին «Արմենպրեսի» սրահում մամլո ասուլիս հրավիրած «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Արման Վալեսյանը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Հովհաննես Ավոյանը: Վերջինս նման մրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը բացատրեց հատկապես Java ծրագրավորման լեզվի մասնագետների խիստ պակասով: Իհարկե, կա նաեւ այլ մասնագետների կարիք, սակայն ներկա պահին ոլորտի զարգացումն առաջ տանելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել հիշյալ մասնագետների բավարար թիվ:

Թեպետ բազմիցս նշվել է ոլորտի վրա «Արմենտելի» մատակարարած անորակ ինտերնետ կապի վնասակար ազդեցության մասին, նրանք ավելորդ չհամարեցին վերստին հիշեցնել, որ արմատական վերելք չի արձանագրվի ինտերնետի նման անորակ կապով: Եղած պայմանները, բնականաբար, օտար ներդրողներին հեռու են պահում այստեղ ծրագրեր իրականացնելուց, մանավանդ որ մեզանում այս ոլորտը զրկված է հարկային արտոնություններից:

Այսպիսով, բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջ կգնա նույն դանդաղ տեմպերով, քանի դեռ «Արմենտելը» չի զրկվել մենաշնորհից եւ չի լուծվել որակյալ կադրերի ավելացման հարցը: Իբրեւ հուսադրող փաստ, պրն Ավոյանը նշեց, որ Հայաստանից Մ. Նահանգներ աշխատելու մեկնած հմուտ մասնագետներից ոմանք վերադառնում են եւ իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնում: Եթե նշված խնդիրները վերանան, ապա 10 տարվա ընթացքում մեր երկիրը կունենա մոտ 50 մլրդ դոլարի եկամուտ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4