Դրանք հարստության ոսկե եղջյուր են դարձել նորահարուստների համար
Հայաստանի անտառային տարածքներում 1990-ական թթ. առ այսօր որեւէ հաշվառում ու գույքագրում չի կատարվել: Ըստ 1993 թ. կատարված հաշվարկների եղել է 334 հզ. հա անտառային կանաչ ծածկույթ, այսինքնՙ հանրապետության ողջ տարածքի 11,2 տոկոսը: Թեեւ անտառային ապօրինի հատումները չեն դադարել, պետական վիճակագրությունը անտառային տարածքների վերաբերյալ շարունակում է ներկայացնել նույն թիվը` 11,2 տոկոս: ՄԱԿ-ի փորձագետները այդ ցուցանիշի ուղիղ կեսն են նշում` 4-5 տոկոս: Այս պահին թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական կադրերի բացակայության պատճառով գույքագրումն անհնարին է դարձել:
Օգտվելով պետական անշրջահայաց վերաբերմունքից` համայնքները եւ անտառին առնչվող պետական ու մասնավոր կառույցները շարունակում են անպատիժ ոչնչացնել անտառները: Ավելին, եթե պետական քաղաքականությունը, հասարակական ուշադրությունը անընդմեջ դեղատոմսեր է առաջարկում բնապահպանական մյուս կարեւոր հիմնախնդրի` Սեւանի փրկության համար, ապա անտառների վերաբերյալ նույնօրինակ վերաբերմունք առայժմ չկա: Դրամաշնորհային միջոցներով ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություններ կատարող հասարակական կազմակերպությունների ղեկավարները միաբերան պնդում են, որ անտառների ոչնչացումն այսօր էլ անվրդով շարունակվում է: «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը, օրինակ, պնդում է, որ այսօր վառելափայտի հայթայթման «գործառույթից» անտառը վերածվել է մեծ ծավալների հասնող փայտամշակման ու արտահանումների ոսկե երակի: Մաքսատնից ստացված տվյալների համաձայն, մեր անտառանյութն այսօր ակտիվորեն արտահանվում է Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պարսկաստան, նույնիսկ Թուրքիա: Միայն անցած տարի արտահանվել է մոտ 80 հզ. խմ անտառանյութ: Միամտություն կլիներ ենթադրել, որ սանհատումներից առաջացած փայտանյութն է հասնում մաքսատուն: Հատվում է ամենաարժեքավոր, նույնիսկ հազվագյուտ բնափայտը, քանի որ սանհատումներից գոյացածը կահույք ու մանրահատակ պատրաստելու համար պիտանի չէ: Անխղճաբար կտրվում են նույնիսկ հնամյա կաղնիները, որոնց վերականգնումը հնարավոր չէ կանխատեսել անգամ առաջիկա հարյուրամյակի ընթացքում: Միայն անցած տարի, ըստ նույն տեղեկատվության, արտահանման ծավալները կազմել են 1000 խմ: Արտահանումներից զատ, հանրապետությունում գործում են նաեւ փայտանյութ մշակող ձեռնարկություններ, ինչպես հայ-իսպանականը, հանրահայտ Գոլդեն Վուդը եւ այլն: Մյուս կողմից առկա է նաեւ այն իրողությունը, որ իբրեւ վառելափայտ հատված արժեքավոր անտառանյութը վաճառվում է իրական արժեքից տասնապատիկ էժան: Անտառի հաշվին հարստություն կուտակողներն օլիգարխներ են, մարդիկ, որ նստած են նաեւ պառլամենտում եւ կառավարությունում, եւ շատ դժվար է կռիվ տալ նրանց դեմ, ովքեր ի կոչման ու ի պաշտոնե պարտավոր են պայքարել հենց իրենց հեղինակած օրինախախտման դեմ: Արտառոցը նաեւ այն է, որ արգելքի փոխարեն արտահանողների համար արքայական պայմաններ են ստեղծվել: Արտահանումների համար ավելացած արժեքի հարկ, նաեւ մաքսատուրքի վճարում չի նախատեսվում: Անկասկած, նման «հոգատարություն» պիտի դրսեւորվեր ներկրողի հանդեպ, որի պարագայում 2 տուրքի վճարումն էլ պարտադրվում է: Մեր օրենսդիրները գործել են հակառակ տրամաբանությամբ:
Ավելորդ չենք համարում կրկին հիշեցնել անտառների հողապաշտպան, ջրապաշտպան, կենսապաշտպան, կլիմայակարգավորիչ նշանակությունը կենդանիների, բույսերի ու մարդկանց համար: Անտառների հանդեպ հանցավոր վերաբերմունքի պտուղներն արդեն քաղում ենք` հողի էրոզիա, բերրի հողերի աղետալի կրճատում, սողանքների աշխուժացում, հազվագյուտ կենդանիների ու բույսերի անհետացում, քանի որ աստիճանաբար վերանում են բույսերի աճի ու կենդանիների բնակության վայրերը: Ապօրինի հատումների մեծ ծավալի մասին խոստովանում են նույնիսկ անտառների խնդրով զբաղվող բնապահպանության ու գյուղնախարարությունները: Անցած տարվա հաշվարկներով, նախատեսված 70 հզ. հա սանիտարական թույլատրելի հատումների փոխարեն ապօրինի հատվել է 700 հզ. խմ հա անտառային զանգված: Իսկ անկախ փորձագիտական տվյալները ավելի մեծ թիվ են նշում` 1մլն խմ հա: Ընդ որում, տուժում է ոչ միայն բնությունը: Օրինախախտը կրկնակի վնասներ է պատճառում: Ապօրինի հատումներից ոչ մի լումա բյուջե չի մտնում:
Անտառային շատ տարածքներ անդառնալի կորուստներ են կրել: Այնտեղ, ուր համատարած հատումներ են կատարվել, բնական վերաճն ու վերականգնումն էլ անհնար է: Այստեղ արդեն անասունների հոտեր են արածում: Նորքի այգիները դրա լավագույն ապացույցն են: Երբ վերջերս մեկնարկեց այս անտառայգու վերականգնման ծրագիրը, պարզվեց, որ շատ հատվածներ ընդհանրապես անհնար է վերակենդանացնել: Հողի էրոզիան տարածվել է հատկապես հեռուստաաշտարակի մերձակա տարածքներում: Նույն կարգի համատարած հատումներ են կատարվել նաեւ Կոտայքի մարզի անտառներում:
Անտառկառավարման բացակայության աղետալի ապացույցը դարձավ այս տարվա ապրիլի 5-ին անտառտարածքների զանգվածային ոչնչացումը Լոռու եւ Տավուշի մարզերում: Մի քանի ժամվա ընթացքում պտտահողմը հազարավոր ծառեր հողին հավասարեցրեց: Տապալված ծառերը 85 հզ. խմ փայտանյութի վերածվեցին Ջիլիզայի, Լալվարի, Արծվաբերդի, Նոյեմբերյանի ու Ստեփանավանի անտառտնտեսություններում: Նման քամիներ առաջներում էլ են եղել, սակայն ոչ այսպիսի հետեւանքներով: Վերջին 30 տարվա ընթացքում այդ ծավալի ավերածություն չէր արձանագրվել: Այդ ծառերի մոտ 25 տոկոսը նույնիսկ հնարավոր չեղավ տեղից հանել, քանի որ միջոց ու տեխնիկական հնարավորություններ ճարվեցին:
Մասնագետները կատարվածը բացատրում են անտառային ծածկույթի ներկա վիճակով: Շարունակական հատումներից անտառները նոսրացել են` տեղ-տեղ վերածվելով մացառուտների, եւ ավերիչ քամիները ծեր ու խախուտ ծառերի հետ հեշտությամբ ոչնչացրին նաեւ առողջ ու կենսունակ ծառերը: Ցավալին այն է, որ նման աղետի կրկնությունը չի բացառվում: Եվ կլիմայական անակնկալները, եւ թավուտից բացատի վերածված անտառը նոր կորուստների 100 տոկոսանոց հավանականություն են ստեղծում:
Պետական բյուջեից Հայանտառի ստացած գումարը 100 մլն դրամից չի անցել: 1995 թ. այդ թիվը կազմում էր 600 մլն դրամ: Եվ հենց միջոցների սղությունն էլ նպաստում է, որ անտառը ավար դառնա նաեւ ոչ մարդկային գործոնի` վնասատուների համար: Միջազգային դիտորդների գնահատմամբ, այս պահին հանրապետության անտառների 15-20 հզ. հա-ը վարակված է վնասատուներով: Դրանք շատ են հատկապես Կոտայքի ու Արագածոտնի մարզերում: Վնասատուների պատճառով Եղեգիսում 450 հա անտառներ ոչնչացան, մեծապես վնասվեցին նաեւ Բյուրականի անտառները:
Անտառների գազանային շահագործման ու չարաշահումների, շարունակաբար արձանագրվող կորուստների համար անտառքաղաքականության բացակայությունը պարարտ հող է: 1994 թ. ընդունված անտառային օրենսգիրքը որեւէ էական փոփոխությունների չի ենթարկվել: Ավելին, դրա գործողությանը խոչընդոտող հանգամանքները շատացել են: Օրենսգրքի ընդունումից հետո նախատեսված 40 ենթաօրենսդրական ակտերից հետագա ժամանակաշրջանում մշակվեց ու ընդունվեց ընդամենը 2-3 ակտ: Օրենսգրքի դրույթները հակասության մեջ են նաեւ բնապահպանական այլ օրենքներում կատարված փոփոխությունների հետ, որի պատճառով դրանց կիրառումը գործնականում խիստ դժվարացել կամ անհնար է դարձել: Սակայն նույնիսկ այդ կիսակատար օրենսդրությունը արգելում է արտադրական նպատակներով արդյունաբերական հատումները եւ խնամքի ու սանհատումներից զատ այլ բան չի արտոնում: Ըստ խորհրդային տարիներին գործող օրենքի, բնափայտի հատումների ծավալն ու տեղամասերը որոշվում էին յուրաքանչյուր հատվածում առանձին-առանձին, ըստ տվյալ տարածքի ծառերի տարեկան միջին աճի ցուցանիշների ու առանձնահատկությունների: Այդ տվյալներն ամեն տարի թարմացվում էին: Արտադրական նշանակության հատվածների տարբերակում այսօր գոյություն չունի, եւ անտառահատումների հորձանքի մեջ ակտիվորեն ներառվել են նաեւ զուտ կենսապաշտպան նշանակության անտառային զանգվածները:
Պետական պաշտոնյաները անընդհատ խոսում են անտառային նոր տարածքներ հիմնելու, անտառների վերականգնման ու անտառային ցանքի մասին: Բայց եթե նույնիսկ տնկարանային ու սերմնարանային տնտեսություններ չկան, եթե մեքենա-տրակտորային պարկում որեւէ ներդրում չի եղել, եթե կադրային ապահովվածությունը կազմում է ընդամենը 4 տոկոս (այն էլ 60-70 տարեկան մարդիկ), եթե հայտնի չէ նույնիսկ, թե այս պահին ինչ է կատարվում անտառներում, դժվար է որեւէ լավատեսական կանխատեսում անել անտառների ճակատագրի վերաբերյալ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ