Օսմանյան կայսրության 700-ամյակի առիթով 1999 թ. Թուրքիայում «Օսմանյան հրատարակչությունը» մի քարտեզ է հրատարակել, որտեղ նշված են բոլոր այն տարածքները, որոնք նվաճել են օսմանյան սուլթանները: Ուշագրավ է, որ հրատարակիչները «մոռացել» են ընդհանրապես նշել Հայաստանը կամ որեւէ հայկական տեղանք: Մինչդեռ քարտեզում հստակ նշվում են Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանը, Դաղստանը, Իրանը: Քարտեզն ընդգրկում է 1299-ից 1922 թվականներըՙ Օսմանյան կայսրության գոյության ժամանակաշրջանը: Քարտեզի վրա Օսմանյան բոլոր սուլթանների նկարներն ենՙ սկսած Օսման Ղազիից (1299-1326) մինչեւ վերջին սուլթանըՙ Մեհմեդ 6-րդը (1918-1922):
Նկատենք, որ 1918-1920 թթ. Հայաստանը եղել է անկախ պետություն, ընդ որում 600-ամյա դադարից հետո հայերը պետականությունը վերականգնեցին հենց թուրքերի դեմ Սարդարապատում տարած հաղթանակից հետո: Այսինքնՙ սրանք պատմական փաստեր են եւ դժվար է հավատալ, որ «Օսմանյան հրատարակչությունը» այս մասին տեղյակ չէր քարտեզը կազմելու ընթացքում: Հավելենք նաեւ, որ վերոնշյալ քարտեզը փակցված է Թուրքիայի հյուրանոցներում եւ այնպիսի վայրերում, ուր հաճախ են այցելում օտարները: