Ինքնահոսով ղեկավարվող տնտեսությունը չի կարող զարգանալ
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը 2003թ. անդամակցած Հայաստանի արտադրողներին տնտեսական մրցակցության նոր ասպարեզ ու իրավիճակ է սպասում: Կարո՞ղ է հայ արտադրողը հավասարի իրավունքով համագործակցել կազմակերպության 147 երկրների հետ, այնպես որ ներքին շուկայում եւս տեղական արտադրանքը դիմանա դրսից եկած ապրանքների մրցակցությանը:
«Այսօր մեր գյուղատնտեսության մեջ զբաղված են շուրջ 350 հզ. գյուղմթերք արտադրողներ եւ փոքր ու միջին ֆերմերային ձեռնարկատիրական տնտեսություններ, որոնք ապահովում են սննդամթերքի արտադրության 80-90 տոկոսը: Սակայն իրենց սեփական շուկայում նրանք պաշտպանված չեն, քանի որ առաջին հերթին վերարտադրվելու հնարավորութուններ չունեն: Այսինքն, չկան ենթակառուցվածքներ, որոնք պիտի խթանեն նրանց զարգացումը: Այնպես որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության համար առայժմ այնքան էլ հուսադրող հեռանկարներ չեն երեւում», ասում է Գյուղատնտեսական արտադրողների կոպերացիայի նախագահ, տնտեսագետ Արսեն Պետրոսյանը: Ակնհայտ է դարձել նաեւ այն իրողությունը, որ բազմաբնույթ ու բավական առատ վարկային պաշարներն, այնուամենայնիվ, գյուղ չեն հոսում: Այն համարվում է ռիսկային գոտի, ուր ֆինանսական ներդրումներ անելը կարող է վերջանալ անակնկալով: Վարկային աղբյուրներից օգտվելու գյուղացու փորձերը սովորաբար ավարտվում են ձախողումով: Արդեն իսկ վարկ վերցնելու ճանապարհին խոչընդոտներ են սահմանվել նրա համար` իբրեւ գրավ նրանից պահանջվում է բնակարան քաղաքի կենտրոնում, ոսկի, որոնք նա չունի: Իսկ պետական աջակցող կառույցներ էլ, որպես կանոն, գոյություն չունեն: Կան, իհարկե, միջազգային կազմակերպություններ, որոնք փորձում են ինչ-ինչ հարցերում օգնել գյուղացուն, սակայն այդ միջոցառումները տեղային բնույթ ունեն եւ ի զորու չեն համակարգային խնդիրներ լուծել:
Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության գործադիր ու օրենսդիր օղակների ներկայացուցիչների վերջին ամիսների արշավները դեպի գյուղն ու գյուղացին բավական ուշագրավ իրողություններ ջրի երես հանեցին: Այդ այցելությունները, որոնց խորքում քաղաքական ենթատեքստն էր, ընդամենը օգնեցին, որ «ժողովրդավարության» տարբեր բեւեռների ներկայացուցիչները գյուղի մասին իրենց ընդհանրական, հաճախ մշուշոտ պատկերացումները մասնավորեցնեն, բացահայտեն խնդիրների այն հսկայական բեռը, որոնց տակ կքել է գյուղացին: Այդ հանդիպումները փոխադարձ դժգոհություններից բացի այլ գործնական հետեւանքներ չունեցան: Գյուղացին կրկին առաջադրեց իր հիմնական պահանջը` սպասարկող ենթակառույցների ստեղծման, պետությունից իրական աջակցություն ստանալու մասին:
Սկսած տեղական ինքնակառավարման համակարգից` գյուղապետարանից ու մարզային կենտրոնից, գյուղմթերք արտադրողը որեւէ օժանդակություն չի ստանում: Բայց իշխանությունը գյուղացուց շարունակում է պահանջել հարկային պարտավորությունների պարտադիր կատարումը:
«Ագրարային ոլորտը այսօր արմատական բարեփոխումների կարիք ունի, հրատապ բարեփոխումների, որովհետեւ տնտեսության մյուս ճյուղերի հիմքն է: Եվ առաջին քայլը պիտի լինի գյուղացու գործունեությանն օժանդակող կառույցների ստեղծումը: Դրանք բանկային ու ֆինանսական համակարգերն են, ապահովագրական կառույցները, կարկուտի ու կլիմայական անակնկալների դեմ պաշտպանական համակարգերը, մեծածախ շուկաները, այսինքն, ամենը, ինչ այսօր արդեն կա զարգացած գյուղատնտեսությամբ երկրներում: Այնտեղ նշված համակարգերն ու հնարավորություններն ստեղծվել են հենց իրենց` ֆերմերների մասնակցությամբ ու աջակցությամբ: Մեր երկրում, թեկուզ իր միջոցներով, պետությունը պիտի ստեղծի այդ ենթակառուցվածքները: Այլ երկրներում ֆերմերները ակտիվ մասնակից են շուկաների կառավարման, ցանկացած պետական նախաձեռնության, բաժնետիրական գործունեության: Այսինքն, գյուղացին պետության հավասար գործընկերն է:
Առաջին հերթին պետք է մշակվի պետական համալիր, հեռահար ծրագիր: Բայց առավել կարեւորն այն է, որ ծրագրի իրականացման մյուս կողմում հանդես գան այն սուբյեկտները, ում ուղղված է ծրագիրը: Եթե գյուղացին չի մասնակցում իր համար մշակված միջոցառումներին ու ծրագրերին, դրանք իրականություն չեն դառնում: Վերջին 14 տարիներին հենց այդպես էլ եղավ, եւ բնականաբար, տասնյակ կարեւոր ծրագրեր պարզապես տապալվեցին», շարունակում է Արսեն Պետրոսյանը:
Գյուղացու փոխարեն նրա շահերն ու հետաքրքրությունները իբր ներկայացնում են հերթապահ կազմակերպություններ ու կառույցներ, որոնք աշխատում են գերատեսչությունների հետ: Այդպիսի «համագործակցության» արդյունքը սովորաբար լինում է միջոցների փոշիացումը: Վառ օրինակը գյուղմթերքների մեծածախ շուկայի 15 մլն դոլարանոց ծրագիրն էր ու դրա տապալումը: Առանց ֆերմերային տնտեսությունների անմիջական մասնակցության ծրագիրը չէր հաջողվի, եւ այդպես էլ եղավ:
Գյուղացու գործունեութանն օժանդակող կառուցների բացակայության պայմաններում պետական ու մասնավոր ամեն մի նախաձեռնության ճակատագիր ի սկզբանե կասկածելի է: Հարյուրավոր հեկտարներով նոր այգիների տնկումը (այն էլ վարկային միջոցներով), առանց ցրտահարությունների, կարկուտի ու երաշտի դեմ պաշտպանական ենթակառուցվածքների, ենթակա է տարերքի քմահաճույքին:
Մյուս կողմից գյուղացին պաշտպանված չէ նաեւ իրավական տեսանկյունից: Որեւէ տնտեսական հարաբերություն իրականություն է դառնում, եթե կողմերը իրավական հավասար դաշտում են: Գյուղից գյուղմթերքով դուրս եկած գյուղացին մեծապես տուժում ու իսկական թալանի է ենթարկվում ե՛ւ մինչեւ շուկա հասնելը, ե՛ւ շուկաներում` վերավաճառողների ճանկում հայտնվելով, ե՛ւ վերամշակողի հետ գործարքի ժամանակ: Նա իր իրավունքները պաշտպանելու ոչ մի լծակ չունի: Դրա համար էլ ամեն մի մանրավաճառ ու մեծավաճառ իր կամքը թելադրելու հնարավորութուն է ստացել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ