«Սասունցի Դավիթ» էպոսն ու Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» պոեմն անցյալ տարի հրատարակվեցին ուկրաիներեն: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան եւ «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախաձեռնությամբ դրանց շնորհանդեսը տեղի ունեցավ երեկՙ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերությունում: «Թարգմանիչները ահռելի աշխատանք են կատարել, դրանով արտահայտելով իրենց ջերմ սերը հայ ժողովրդի նկատմամբ: Ուկրաինացիներն առանց որեւէ դժվարության կընկալեն դրանցում արտահայտված կենսափիլիսոփայությունն ու խորը մտքերը: Ես գիտեմ, թե Նարեկացին հոգեւոր ինչ արժեք է հայերի համար, դրա համար էլ նրա պոեմի ուկրաիներեն թարգմանությունը իրադարձային երեւույթ եմ համարում հայ-ուկրաինական մշակութային կյանքում», ասաց դեսպան Վլադիմիր Տյագլոն:
Ցավոք, շնորհանդեսն անցավ առանց թարգմանիչներիՙ Վիկտոր Կաչեւսկու եւ Միռոն Նեստերչուկի, որոնց մասին դրվատանքի ջերմ խոսքեր ասացին Լեւոն Միրիջանյանը, Դավիթ Մուրադյանը, Սուրեն Մուրադյանը եւ ուրիշներ: Վերջինս պատմեց, որ թարգմանիչ Վիկտոր Կաչեւսկին Էպոսի թարգմանությունը սկսել է Ծաղկաձորում, ուր աշխատում էր մեծ նվիրումովՙ շատերին հիացնելով էպոսի հերոսների արարքներով ոգեւորվելու կարողությամբ: «Նա արդեն 15 տարի երազում է Հայաստան գալ: Այս առիթն օգտագործելով առաջարկում եմ, որ մեր գրողների միությունը նրան մեկ ամսով հնարավորություն տա Ծաղկաձորում հանգստանալու», ասաց նա:
Ռ. Պ.