«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2004-08-25 | #147, 2004-08-26 | #148, 2004-08-27


ԴՈՒՔ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՔ

Երկար տարիներ չէի եղել իմ հայրենի կրթօջախումՙ նախկին Շամշադինի շրջանի Բերդ ավանի միջնակարգ դպրոցներից մեկում: Այն տարիներին դա բարձրակարգ ուսումնական հաստատություն էր, որի շրջանավարտների մեծ մասն ուսումը հաջողությամբ շարունակում էր հանրապետության բուհերում ու տեխնիկումներում: Մոսկվայից այցելելով ծննդավայրս, մեծ ցանկություն առաջացավ լինել այնտեղ, քայլել միջանցքներով, նստել աշակերտական նստարանին... Բայց մեր դպրոցը ես չգտա, պարզապես չկար. երկրաշարժը շարքից հանել էր: Նրա տեղը բարձրացել էր մի նոր, ժամանակակից համալիր: Տնօրեն Արթուր Մելիքյանի եւ ռազմագիտության ուսուցիչ Հովիկ Շառյանի հետ ծանոթանում ենք «նոր» դպրոցին, որը ոչնչով չի հիշեցնում նախորդին. լուսավոր, հագեցած դասարաններ, ընդարձակ միջանցքներ, կոյուղի, ջեռուցում, համակարգիչներ... Իսկական «քաղաքի» դպրոց: «Հնին» հիշեցնում է նրանով, որ չի կորցրել բարձրակարգ ավանդները:

- Եթե այստեղ գայիք մի քանի տարի առաջ, ապա բոլորովին այլ պատկեր կտեսնեիք, ասում է տնօրեն Մելիքյանը: Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ մեր դպրոցը հրետակոծվել էր: Ինչպես ասում են, մի կերպ յոլա էինք գնում: Եվ այդ ոչ դյուրին տարիներին մեզ անգնահատելի օգնություն ցույց տվեց մեր հայրենակից, բիզնեսմեն ու բարերար Վիկտոր Հայրապետյանը:

Պատմում է Սոչիի «Նեւա ինտերնեշնլ» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Վ. Հայրապետյանը:

- Մեր ֆիրման ռուս-ամերիկյան է, իսկ ամերիկյան կողմի գործընկերներս բոստոնահայեր ենՙ Էդուարդ Շուշանյանը եւ Ջեկ Մեծօրյանը: Ես նրանց շատ էի պատմել մեր գողտրիկ լեռնաշխարհի, Ադրբեջանի հետ սահմանամերձ լինելու բերումով բաժին հասած դժվարությունների մասին: 1996 թվականից Շուշանյանն ամեն տարի որոշակի գումար էր հատկացնում դպրոցին: Իսկ երկու տարի առաջ երկուսին էլ հրավիրեցի Բերդ: Անկարելի է չսիրահարվել այդ անտառածածկ լեռնային երկրամասին, եթե նույնիսկ եկել ես Բոստոնի պես շքեղափայլ մեգապոլիսից: Բայց եւ հնարավոր չէ չնկատել բազում կենսախնդիրները: Իսկ երբ նրանք իրենց աչքով տեսան հրետակոծված դպրոցը, նրա անմխիթար վիճակը, որոշեցին լուրջ նպաստ բերել նորացման գործին:

Կոլեկտիվի հետ քննարկելով շահագրգիռ հարցերը եւ կազմելով հիմնանորոգման ծրագիր, բոստոնահայերը վերադառնում են Ամերիկա եւ կազմակերպում դրամահավաք: Նվիրատվության գործին մասն են ունեցել նաեւ ոչ հայեր: Շուշանյանը զավեշտով պատմել է, որ մի անգամ, գոլֆ խաղալով մի ամերիկացու հետ, պայմանավորվել են, որ պարտվողը 1000 դոլար է հատկացնում... Բերդի թիվ 3 դպրոցին: Տանուլ տալով խաղը, ամերիկացին գումարը խոնարհաբար նվիրաբերում է բնականաբար իր համար կորած-մոլորված մի երկրամասի կրթական հաստատությանը:

- Երբ մենք ստացանք հանգանակված 30 հազար դոլարը, շարունակում է դպրոցի տնօրենը, որին, ի դեպ, տավուշցու պատվախնդրությամբ էապես մասնակցել էր նաեւ մեր երբեմնի շրջանավարտ Վիկտոր Հայրապետյանը, մինչեւ նոր ուսումնական տարին շատ քիչ ժամանակ էր մնացել: Բայց ստանալով քաղաքապետ Անդրանիկ Շառյանի մեծ աջակցությունը, թափով գործի անցանք: Վերանորոգվեցին դասասենյակներըՙ համալրվելով նոր գույքով, կարգի բերվեց տանիքը, ապակեպատվեցին երկփեղկ պատուհանները, լուծվեց կոյուղու հարցը, լրիվ փոխվեց էլեկտրահամակարգը, կառուցվեց ունիվերսալ կաթսայատուն, որն իր տեսակի մեջ միակը լինելով քաղաքումՙ ապահովում է շուրջօրյա ջերմություն, մոռացության մատնելով ծխամուղ վառարանները: Դպրոցն առաջին անգամ ձեռք բերեց համակարգիչներ: Ամեն ինչ ներկվեց, նորացավ, գեղեցկացավ:

Տեղացիները սրամտում են, ծիծաղելով ասում է ուսուցիչներից մեկը, որ գրեթե տեսարժան վայր է դարձել դպրոցին կից ամերիկյան ոճով կառուցված... զուգարանըՙ բոլոր հարմարություններով օժտված գերմաքուր օբյեկտը:

Անցյալ տարվա սեպտեմբերին նորադեմ դպրոցը կազմ ու պատրաստ դիմավորեց իր հովանավորներին: Պարոնայք Շուշանյանն ու Մեծօրյանը գոհ էին իրենց բարերարության կենդանի արդյունքներից, շոյված եզակի ջերմ ընդունելությունից. ծաղիկներ, երախտագիտության անկեղծ խոսքեր, աշակերտների բազմաթիվ շնորհակալական նամակներ: Իսկ այդ առթիվ կազմակերպված հյուրասիրության ժամանակ հյուրերի առջեւ դրվեցին Տավուշ գետի ձուկը, անտառի որսամիսը, այգու մեղրը, շուշանի թթուն, մոշի մուրաբան եւ, իհարկե, սեղանի զարդըՙ հոնի ու տանձի օղին:

Ամեն ինչ մե՛րն է, վայելե՛ք, դուք արժանավո՛ր մարդիկ եք, ասում էին հյուրընկալողները: Մենք կշարունակենք մեր սկսած գործը, խոստանում էին հյուրընկալվողները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Բերդ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4