«Բնակչությունը խիստ գրգռված վիճակում է», ասում է ոստիկանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկությամբ, նախնական տվյալներով, կիրակի օրը կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում առավելագույն ձայներ ստացել է «Սաս» սուպերմարկետի տնօրեն, ՕԵ կուսակցության հովանավորյալ Արտակ Սարգսյանը:
Ամենանվազ ձայներն ստացել են Աղասի Գասպարյանը` 54 եւ Գալուստ Նավասարդյանը` 150 ձայն: «Մուսալեռ» տպագրատան տնօրեն Բաբկեն Մարգարյանն ստացել է 2 հզ. 702 ձայն, Արտակ Սարգսյանի հիմնական մրցակից Արայիկ Հայրապետյանը` 11 հզ. 456 ձայն, Արտակ Սարգսյանը` 11 հզ. 488 ձայն:
Քվեարկություններին մասնակցել է 28 հզ. 220 մարդ: Ըստ ԿԸՀ նախագահի օգնական Գայանե Պողոսյանի, առայժմ արձանագրվել են 58 անճշտություններ:
Արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, ինչպես կարգն է, կհրապարակվեն 3 օր անց:
Երեկ բոլոր ընտրատեղամասերը կնքված ու փակ էին: Ըստ մեզ հասած լուրերի, ընտրողների մեծամասնությունը խիստ դժգոհ է ընտրությունների ընթացքից ու արդյունքներից եւ պահանջում է անվավեր ճանաչել դրանք:
Թիվ 22 ընտրատեղամասում հսկողություն իրականացնող լեյտենանտ Լեւոնյանից հեռախոսով փորձեցինք մանրամասներ ճշտել բնակիչների հետընտրական տրամադրությունների մասին: «Բնակչության հետ մենք աշխատում ենք չշփվել, քանի որ խիստ գրգռված վիճակում է», ընտրողների բողոքական տրամադրություններին այսպիսի հակիրճ բնորոշում տվեց ոստիկանը:
Նկատի առնելով, որ ընտրական մրցապայքարը տեղական բնույթից վերաճել է 2 բարձրաստիճան անձերի (ԱԺ նախագահ եւ ՀՀ գլխավոր դատախազ) պայքարի, կարելի է արձանագրել, որ նախնական տվյալներով առջեւում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ