«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2004-08-27 | #149, 2004-08-28 | #150, 2004-08-31


ԿՐԹԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՍԱԿԱՅՆ ՏԱՐԲԵՐ ԵՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Ծաղկաձորում ավարտված համահայկական կրթական եռօրյա համաժողովից իր տպավորության մասին «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը սկսեց խոսել կազմակերպական հարցին անդրադառնալով. «Կարծում եմ, կազմակերպական առումով արմատական սխալն այն էր, որ օգոստոսի 5-7-ը Բեյրութում կայացած համասփյուռքյան եւ կիրակի օրն ավարտված ծաղկաձորյան համաժողովները պետք էր միավորել: Եթե մեր կրթական գործը համահայկական է, ուրեմն բոլորս մեկ ժողովում պիտի համախմբվեինք ու երկխոսություն ծավալեինք: Այլապես ի՞նչ ստացվեց: Հայաստանը թույլ ներկայացվեց ինչպես բեյրության համաժողովում, այնպես էլ այստեղ, թեեւ երկուսն էլ կոչվում էին համահայկական: Իսկ ո՞ւր էին Հայաստանի հայերենի ուսուցիչները, անվանի գիտնականները, դասագրքերի հեղինակները: Երկու համաժողովներում էլ գերիշխողը սփյուռքահայ ուսուցիչներն էին, սփյուռքահայ կրթական խնդիրները»:

Ուսուցիչների վերապատրաստության ու պատրաստության, համաշխարհայնացման ու համակարգչային տեխնիկայի յուրացման, միասնական ուղղագրության եւ այլ հարցերի պատասխանները ստանալու էին եկել 20 երկրների սփյուռքահայ ուսուցիչներ, կրթական ոլորտի ղեկավարներ:

Կազմակերպական խնդիրներից անցնելով բովանդակայինինՙ պրն Դանիելյանը նշեց, որ միասնական կրթական դաշտ ստեղծել կամենում են բոլորը, սակայն տարբեր են սփյուռքի եւ Հայաստանի առջեւ դրված խնդիրները, ուսումնական հանձնառությունները: Նա առանձնացրեց ուսուցիչների վերապատրաստության ու պատրաստության խնդիրները, որոնք խիստ կենսական էին այս հավաքում: Նրա խոսքով, «Սփյուռք» կենտրոնը վերջին 5 տարիներին շփվել է սփյուռքի 120 վարժարանների ուսուցիչների հետ, ինչը գոհացուցիչ թիվ է, քանի որ սփյուռքում առկա են 170 լիարժեք գործող դպրոցներ: Այժմ նախատեսվում է վերապատրաստությունը շարունակելուն զուգընթաց սփյուռքահայ ուսուցիչներին տալ բուն մասնագիտական պատրաստություն, որի համար կրթության եւ գիտության նախարարը պատրաստվում է ստեղծել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման նոր կենտրոն. «Նախարարը գուցե չափից դուրս է ոգեւորվել եւ որոշել է ստեղծել եւս մեկ վերապատրաստողական օղակ: Նրան թվում է, եթե մի քանի կենտրոն լինի, բոլորը սիրով կգան մասնակցելու: Բայց այդպես ցրիվ կգա մեր աշխատանքային դաշտը: Վերապատրաստումը պետք է լինի մեկտեղ եւ անպայման մանկավարժական համակարգում»:

Ուսուցիչների պատրաստության խնդրի մասին խոսելիս նա նշեց, որ սփյուռքում առկա է ուսուցչական խայտաբղետ կազմ. հայագիտական երկու տարվա դասընթացներ կամ երկրորդական վարժարան ավարտածները դառնում են ուսուցիչներ, որովհետեւ ավելի լավ մասնագետներ հնարավոր չէ գտնել. «Եթե ուզում ենք արեւմտահայ տեսակն ու մշակույթը պաշտպանել եւ արեւմտահայերենը շարունակի լինել գրական հայերենի երկու ճյուղերից մեկը, մեզ անհրաժեշտ է մանկավարժական համալսարանում ունենալ մասնաճյուղ, գուցե նաեւ ֆակուլտետ: Ծրագրեր կան եւ մենք կարող ենք հաջողություններ ունենալ: Եթե այսօր չանենք, վաղն արդեն կկորցնենք սփյուռքահայ ուսուցչին, աշակերտին: Համաժողովում սփյուռքահայ ուսուցիչները հանդես եկան բազմաթիվ կոչերով, նույնիսկ մի կողմ դնելով կրթության նախարարության պատրաստած բանաձեւումները: Սփյուռքահայերի մտահոգությունները պարզվեց մի քիչ այլ են, մենք չենք հասցնում նրանց հայացքի հետեւից»:

Պրն Դանիելյանը հավելեց, որ գիտության եւ կրթության նախարարության սփյուռքի բաժինը ահռելի աշխատանք էր կատարել, համաժողովն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, ինչը սփյուռքահայ ուսուցիչներին հնարավորություն տվեց օգտակար աշխատանքը զուգակցել հաճելի հանգստի հետ: Սփյուռքի կրթական գործի նվիրյալներից մասնակցել են Վենետիկից հայր Լեւոն Զեքիյանը, Բեյրութից Տիգրան Ջրբաշյանը, Փարիզից Հիլդա Գալֆայանը, Լոս Անջելեսից Ժակ Քոսակյանը, Հալեպից Հակոբ Միքայելյանը եւ ուրիշներ:

Մեր զրույցին մասնակցեց նաեւ Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան կրթական հաստատության բարեգործականի հայերենի բաժնի պատասխանատու Ռոզիտա Յուսեֆյանը: «Եռօրյա քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծել համահայկական կրթական կենտրոն ոչ թե սփյուռքում, այլ Հայաստանում, ինչպես նաեւ տեղեկատվական կենտրոն, որտեղ կհավաքվեն սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի դպրոցների բոլոր տվյալները: Ամենակարեւորը ուսուցիչների վերապատրաստման եւ պատրաստման հարցն էր, հատկապես վերջինը լուրջ խնդիր է, որովհետեւ սփյուռքում հայերենի ուսուցիչներ պատրաստող մանկավարժական համալսարաններ չկան: Մասնակիցների մեծ մասի կարծիքով այդ աշխատանքը հաջողությամբ կարող է իրականացնել «Սփյուռք» կենտրոնը, որն արդեն 5 տարվա փորձ ունի եւ սփյուռքի հետ ամուր կապեր հաստատած պետական կառույց է: Քննարկվեցին նաեւ այլ հարցեր, բարեբախտաբար հայերենի ուղղագրության հարցը մոլեռանդ ելույթների առիթ չտվեց: Առավել ուշադրության արժանացավ արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցման խնդիրը», ասաց նա:

Նրանից տեղեկացանք, որ Բուենոս Այրեսում հայապահպանման հարցը բավականին վտանգված է: Հայախոս մարդկանց թիվը կտրուկ նվազել է, դպրոցներում միայն ուսուցիչներն են հայերեն խոսում, աշակերտները հաղորդակցվում են իսպաներենով: Դրա կողքին աճում է երիտասարդների հայրենասիրությունը, մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, որի մասին տեղեկություն ստանալն ավելի մատչելի է դարձել:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, համաժողովին մասնակցելու հրավեր չէր ուղարկվել նաեւ «Ազգ» օրաթերթին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4