«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2004-08-27 | #149, 2004-08-28 | #150, 2004-08-31


ԾԱՂԿԱՁՈՐԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ hԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԴՂՅԱԿՆԵՐԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ

Անտառը բաժան-բաժան անելու խնջույքը բարձրակետում է

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծաղկաձորի հոշոտված անտառները լրագրողների այդպիսի հոծ բազմություն երբեւէ չէին տեսել:

Անցած շաբաթ օրը Հայաստանի լրագրողական աշխարհը բացառիկ ակցիա էր կազմակերպել Ծաղկաձորում լրագրողների դեմ կատարված ոչ աննախադեպ բռնարարքի դեմ: Մոտ 2 տասնյակ մեքենաների շարասյունը տպագիր մամուլի լրագրողներով ու գլխավոր խմբագիրներով, լրագրողական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով, հեռուստա եւ ռադիոլրագրողներով կեսօրին ուղեւորվեց Ծաղկաձոր: Լրագրողական համերաշխության այս գրեթե ինքնաբուխ ակցիայի նպատակը մեկն էր` զգաստացնել անտառային տարածքները սեփական բոստանը դարձրած եւ սափրագլուխներով իրենց հավակնությունները պաշտպանող առանձնատների տերերին: Եվ այն, ինչ օգոստոսի 24-ին խոչընդոտել էին իրականացնել «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանին եւ «Ֆոտոլուրի» լուսանկարչին, միահամուռ իրականացրեց լրագրողական համայնքը:

Առաջին կանգառը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի ամառանոցն էր: Այն կառուցվել է նախկին մանկական առողջարանի տեղում: Կանաչ տարածքի ոչնչացման հաշվին դեպի առանձնատուն անկասկած վերջերս 0,5 կմ-ից ավելի ճանապարհ է գցվել, քանի որ դեռ ասֆալտապատել կամ կարգի բերել չեն հասցրել:

Զովասուն, անտառի խորքը ձգվող արդեն բետոնապատ մի արահետ էլ լրագրողներին առաջնորդեց դեպի ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի ծաղկաձորյան տիրույթներից մեկը` նախկին Տերեշկովայի անվան ճամբարը: Տեղ-տեղ բացատի վերածված անտառամասը իսկական շինարարական ավանի է վերածվել: Նոր մեկնարկած շինությունների տեղում հատված ու արմատախիլ արված ծառեր են, նրանցից միայն հաստաբուն կոճղերն են մնացել: Հետագայում, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողներն արձանագրեցին, որ սեփականաշնորհված 4,4 հա տարածքում շուրջ 3 տասնյակ քոթեջային շինություններ են կառուցվում: Այցելության պահին այստեղ շինարարությունը շարունակվում էր: Հենց բանվորների խոստովանությամբ, շինարարության ծավալներն ակնհայտորեն գերազանցում են նախագծային սահմանները:

Երթուղու հաջորդ կանգառում բարձրաստիճան պաշտոնյաների` փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի, մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատներն էին: Այս հատվածում է նաեւ տեղավորված պատգամավոր Լեւոն Սարգսյանի` հանրահայտ Ալրաղացի Լյովի պարսպապատ դղյակը: Ի դեպ, ոչ միայն նրա, այլեւ արդի դղյակաշինարարների գերակշիռ մասի համար նույնիսկ Երեւանի կենտրոնում բարձրացրած, քարակուռ, անմատչելի ցանկապատերի կառուցումն անհրաժեշտ պայման է: Տպավորությունն այն է, որ նրանք ամուր բերդապարիսպներով թաքնվում են երեւակայական թշնամուց: Թաքցնելու բան, ինչպիսիք վերը նկարագրված անխնա հատված հնամյա ծառերն են, անկասկած, ունեն:

Ամառանոցային շքեղ ավանի մուտքը փակված էր արգելապատնեշով: Անծանոթ մի մարդ էլ իզուր փորձում էր հետ պահել լրագրողներին: Դա, իհարկե, չհաջողվեց նրան:

Չինովնիկների ապարանքների շրջակայքում, սակայն, կանխատեսելի բախումը եղավ ոչ թե սափրագլուխ կամ այլ կարգի նոր պաշտպանների հայտնությամբ, այլ, որքան էլ զարմանալի է, լրագրողների եւ շինարարների միջեւ, որոնցից շատերը ծաղկաձորցի չէին: Ե՛վ երիտասարդ, ե՛ւ տարեց բանվորներին խիստ վրդովեցրել էր լրագրողների ներխուժումը: Նրանց տագնապեցնում էր, թե լրագրողական այս անսպասելի էնտուզիազմը կարող է իրենց «լավ աշխատանքից ու աշխատավարձից» զրկվելու պատճառ դառնալ: Եվ խոնարհությամբ պաշտպանում էին տերերին` ժխտելով անտառահատումների իրողությունը: Մի պահ հրապարակում հայտնվեց նաեւ սափրագլխին լրագրողին ծեծելու առաջնորդած անձը, որը, զարմանալիորեն նույն ոգով շարունակում էր հոխորտալ` պաշտպանելով իր տերերին:

Սակայն ողջ ընթացքում, թեւ օրը շաբաթ էր, «տերերից» որեւէ մեկն այդպես էլ չհայտնվեց շինհրապարակներում: Գրողների տանն անցկացվող սեմինարին մասնակից լրագրողները պատմեցին, որ այդ օրը Ծաղկաձոր եկածները գլխացավանքի մեջ չընկնելու համար կեսօրին շրջել են ջիպերի գլուխներն ու մեկնել Երեւան:

Երթի ընթացքում լրագրողներին ուղեկցում էին միայն հասարակական կարգը լրագրողական բուռն գրոհից պաշտպանելու մտահոգ ոստիկանական մեքենաները: Նույնպիսի նախանձախնդրություն նրանք անկասկած չեն դրսեւորում աստիճանաբար մացառուտների վերածվող անտառի հանդեպ, հակառակ դեպքում Ծաղկաձորի անտառներն այսպիսի ողբերգական վիճակում չէին լինի:

Իբրեւ իշխանության ներկայացուցիչ լրագրողական երթի մի մասին մասնակցում էր ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը: Լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում պարզ դարձավ, որ կոռուպցիայի գծով խորհրդականի համար էլ պարզ չէ, թե ինչ պատկանելիության, ինչ սահմաններում օրինական կամ ապօրինի են քարաշեն կառույցները, հողօգտագործման նախագծերը քննարկվե՞լ են տեղի բնակչության հետ, թե ոչ:

Հիշեցնենք, որ Օրհուսի կոնվենցիայի համաձայն, որին միացած 16-րդ երկիրը Հայաստանն է, բնակչությունն իրավունք ունի տեղեկանալու իր էկոլոգիական իրավունքներին առնչվող ամեն նախաձեռնության: Նույնպիսի դրույթ նախատեսում է նաեւ տեղական ինքնակառավարման օրենքը: Ինչպես հարյուրավոր նման դեպքերում, անկասկած, այս անգամ էլ այդ իրավունքները ոտնակոխ անելուց առաջ իշխանությունները չեն «խորհրդակցել» նրա հետ, եւ ըստ Բագրատ Եսայանի, բնակիչները հիմա էլ իրավունք ունեն բողոքելու դատարանին:

Որ այդ քննարկումների մասին խոսք անգամ չի եղել, վկայում են նույն բնակիչների պնդումները, որ առանձնատնային ինքնավարության կազմավորումից հետո իրենց չեն թողնում անգամ մոտ գնալ անտառին, որ մի հատիկ միրգ ու հատապտուղ պոկելու իրավունք չունեն: Նույն տեղացիների պատմելով, Ծաղկաձորի անտառահատումները նաեւ կենդանիների ոչնչացման պատճառ են դարձել: Նապաստակներ, սկյուռիկներ ու աղվեսներ, որ ամեն քայլափոխի հանդիպում էին անտառաեզրերին, այժմ ճրագով պետք է փնտրել: Բուսակազմի փոփոխություններ, անկասկած նույնպես եղել են, սակայն ոչ կենդանիների, ոչ էլ այս դեպքում որեւէ լուրջ հետազոտություն չի արվել:

Վերջում արդեն բնապահպանական ակցիայի վերածված միջոցառման մասնակիցներին ընդունեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Ինչպես լինում է նման դեպքերում, ողջ ճեպազրույցի ընթացքում նա լրագրողներին փորձում էր հավատացնել, որ այն տարածքները, ուր լրագրողներն ականատես են եղել հատված ծառերի հաշվին կառուցապատումների, նախկինում արդեն իրացված են եղել. դրանք ժամանակին կառավարության որոշմամբ հատկացվել են առողջարանների ու ճամբարների կառուցմանը: Հետագայում կիսախարխուլ դարձած այդ կառույցներին ոչ ոք տիրություն չի արել, եւ վաճառվել են առանձնատների ներկա տերերին: «Ծաղկաձորում հողահատկացումների` վարձակալման կամ օտարման ոչ մի մրցույթ չի կայացել, բոլոր աճուրդներն ու մրցույթները սառեցվել են», հավաստեց նա: Իսկ անտառամիջյան կտրված ծառ ու թփի հաշվին բացված 7 մետր լայնությամբ ճանապարհները, քաղաքապետի բացատրությամբ, հակահրդեհային նպատակ ունեն` հրշեջ մեքենաների անցանելիությունն ապահովելու համար:

Իսկ ընդհանրապես, ըստ Գարուն Միրզոյանի, ստեղծված իրավիճակի պատճառը Ծաղկաձորի գլխավոր հատակագծի բացակայությունն է, որի միջոցով իրենք հնարավորություն կունենային սահմանազատելու օրինականությունն ու ապօրինությունը: Ունեն միայն հանգստի, անտառային ֆոնդի եւ բնակարանաշինության գոտեւորման նախագիծ, որի մոտ 2 երրորդը նախատեսվում է հյուրանոցաշինության ու հասարակական կառուցապատման համար: Անկասկած, առանձնատներն ու դղյակները, ինչքան էլ ուզենան այդ պաշտոնյաները, չեն տեղավորվում ոչ հյուրանոցաշինության, ոչ էլ հասարակական կառուցապատման մեջ:

Վերջում մնում է արձանագրել նաեւ, որ անտառային ֆոնդից ճամբարների համար հողահատկացում թույլատրած կառավարությունը (իբրեւ հատուկ դեպք, դա թույլատրելի է օրենքով) հետագայում նույն կարգի այլ որոշմամբ անտառը քաղաքաշինական ավար դարձնելու գայթակղությունների դեմը չի առել: Մանավանդ եթե նկատի առնենք, որ նախկին 20 մանկական ճամբարների ու առողջարանների փոխարեն այսօր Ծաղկաձորում ընդամենը 2 ճամբար է մնացել, իսկ նոր կառուցապատումները ամենեւին էլ մանկական հանգստի գոտիներ չեն:

Մեջբերենք նաեւ Էկոլոգիական հարյուրավոր հասարակական կազմակերպություններից բողոքի ակցիային մասնակից «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Սրբուհի Հարությունյանի գնահատականը. «Սրանք անտառային ֆոնդի հողեր են, օրենքով այս հողերի կատեգորիան փոխել չի կարելի, եւ այստեղ որեւէ կառուցապատում անելն անթույլատրելի է: Եվ եթե շինարարության թույլտվություն է տրվել, ապա թույլտվություն տվողը ապօրինություն է իրականացրել: Այս ծառուտները գտնվում են բարձրաստիճան թեքությունների վրա, եւ այս հատվածներում անտառի նոսրացումն անթույլատրելի է: Ինչպես ողջ Հայաստանում, Ծաղկաձորում էլ անտառապատ տարածքները նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին այնքան կորուստներ չեն կրել, ինչ եղավ 98 թվականից հետո: Եվ շատ հատվածներում այդ կորուստներն անվերականգնելի են, ինչպիսի միջոցառում էլ որ ձեռնարկվի»:

Հ. Գ. - Հետաքրքրական է, որ ընդդիմությանը տարուց ավելի չի հաջողվում նման միասնականացման հասցնել ժողովրդին, ինչ եղավ լրագրողական ակցիայի ընթացքում: Արթնացման այս փոքրիկ հունդը կարող է ծիլեր տալ, փոխանցվելով նաեւ հասարակական այլ շերտերի, եւ գուցե ընդարմացումից սթափվելու առիթ դառնա նաեւ սոցիալական կարիքների մեջ թաղված հասարակության համար: Չմոռանանք, որ արդեն տասնամյակից ավելի երկրորդական պլան մղված բնապահպանական խնդիրները 1988-ին ավելի խոր ու համակարգային նպատակների ուղղված համազգային շարժման խթան դարձան:

Գուցե թե լրագրողների շարքում առաջիններից մեկը ընդդիմադիրները պիտի լինեին: Սակայն ոչ լրագրողների, ոչ սոցիալական թանկացումներից դժգոհողների ձայներին չմիացավ ընդդիմության շշունջն անգամ: Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պարիսպներով շրջափակել է իրեն ժողովրդից: Եվ անկասկած, դրանում է նրա անհաջողությունների հիմնական պատճառը:

Լուսանկարներըՙ Մ. ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4