Նոր ուսումնական տարվա առաջին օրը սկսվեցՙ բերելով հոգսերի նոր շարան, որոնց ծանրությունից ամենից շատ կքալու են աշակերտներն ու ծնողները: Չնայած պաշտոնական տվյալներով ունենք «ուժեղ դպրոց», ուր «առաջադիմություն» է նկատվում, դպրոցները պետական միջոցներով բարեկարգվում են, մարզասրահներին նոր գույք է տրամադրվում, սակայն ասվածին հավատալու ու դրական գնահատելու դեպքում անգամ անհնար է չխոսել այն հարցերի մասին, որոնց հստակ պատասխաններից խուսափում են մեր պաշտոնյաները: Առ այսօր նրանցից հնարավոր չէ տեղեկանալ, թե անցած ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում քանի երեխա չի հաճախել դպրոց, քանիսն է ենթարկվել ֆիզիկական ու հոգեկան բռնության, քանիսի իրավունքներն են ոտնահարվել, քանիսն է վերջնականորեն հիասթափվել դպրոցից, քանիսը..
Աշակերտներին վճարովի պարապել պարտադրած մեկ ուսուցչի աշխատանքից հեռացնելու փաստը ավելի քան անհեթեթ է, երբ այդ երեւույթը համատարած է, ինչպես ավարտական դասարանում դպրոց չհաճախելն ու ատեստատ ստանալը: Նույնքան անհեթեթ է հայտարարելը, թե մեկ դրույքի համար 50 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչն այլեւս հրաժարվելու է աշակերտի հետ վճարովի պարապելուց:
Ամփոփելով անցած ուսումնական տարվա արդյունքները քաղաքապետարանի կրթության բաժնի պետը ոչ թե ամոթալի է համարում դրամահավաքը, այլ առաջարկում է դրանից առաջ բացատրական աշխատանք տանել: Այս ամենից հետո ենթադրելի է, որ մեր դպրոցի խոցերը մնալու են նույնը, ավելինՙ անբուժելի են դառնալու, քանի դեռ «առաջադիմության» տոկոսները մեր կրթության ղեկավարների համար ավելին արժեն, քան յուրաքանչյուր երեխայի անհատականությունն ու ճակատագիրը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ