Տու-երի նկատմամբ վստահության պակաս գոյություն ունի
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ռուսաստանյան Տու-154 եւ Տու-134 ինքնաթիռների հետ տեղի ունեցած աղետները, անկախ դրանց պատճառներից, հերթական անգամ մտահոգություններ հարուցեցին այդ ինքնաթիռների հուսալիության եւ ընդհանրապես քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերաբերյալ: Ասվածի եւս մեկ հավաստիացում էր ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, ըստ որի, բոլոր ժամանակներում Տու ինքնաթիռների վթարներից զոհվածների ընդհանուր թիվը հասնում է 2000-ի:
Այս առթիվ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով դիմեցինք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) լրատվական ծառայության ղեկավար Սերժ Մանուկյանին: Տու ինքնաթիռների առնչությամբ նա այն կարծիքը հայտնեց, որ դրանք, այնուամենայնիվ, հուսալի ինքնաթիռներ են: Դրանց խնդիրները կապված են բարձր աղմուկի, TCAS եւ RVSM համակարգերի բացակայության հետ, որոնցից մեկը զգուշացնում է մոտեցող ինքնաթիռի մասին եւ կարգադրում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի ինքնաթիռը վթարը կանխելու նպատակով, իսկ մյուսը կարգավորում օդանավերիՙ նախանշված ուղղաձիգ հեռավորությունը: Սրանք էլ դեպի եվրոպական երկրներ Տու-երի թռիչքներն արգելելու հիմնական պատճառներն են: Սակայն խորհրդային արտադրության այս օդանավերն, ըստ Սերժ Մանուկյանի, հաջողությամբ շահագործվում են ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան երկրներում:
Հայաստանում «Հայկական ավիաուղիներն» ունի 2-ական Տու-154 եւ Տու-134, որոնք արդեն սպառել են իրենց ռեսուրսը, այսինքն լրացել է նրանց թռիչքների ժամերի չափաքանակը: Սակայն բացառված չէ, որ դրանք վարձակալվեն այլ երկրներում թռիչքներ իրականացնելու համար, քանի որ, մեր զրուցակցի կարծիքով, շահագործման համար դեռեւս պիտանի են:
Այդուհանդերձ, Հայաստանում գործող մոտ 30 ավիաընկերություններն ավելի շատ կիրառում են այլ մակնիշիՙ Յակ-40, Ան-12, Իլ-86, Ան-24 եւ Իլ-76 (բեռնատարներ) եւ այլ ինքնաթիռներ: Խոսքն, իհարկե, առավել խոշորներիՙ «Արմավիայի» կամ «Հայկական միջազգային ավիաուղիների» մասին չէ: Ինչպես տեղեկացանք «Արմավիայից», իր չվերթերն այս ավիաընկերությունն իրականացնում է 4 Ա-320 «Էյրբասներով» եւ ընդամենը մեկ Տու-134-ով: Վերջինիս չվերթերն ավելի կարճ տարածությունների համար ենՙ դեպի Մինվոդի, Կրասնոդար եւ այլն: «Էյրբասներով» է թռիչքներ իրականացնում նաեւ «Հայկական միջազգային ավիաուղիները»:
Վերոնշյալն ամփոփելով կարող ենք ասել, որ Տու-երի շահագործումից հրաժարվելը կամ դրանց ծառայություններից հազվադեպ օգտվելը, ի թիվս եվրոպական երկրների կողմից դրանց թռիչքներն իրենց տարածքում արգելելու, թերեւս, անուղղակի ապացույցներ են, որ այս ինքնաթիռների անվտանգության հանդեպ վստահության պակաս գոյություն ունի: Ասվածը, բնականաբար, չի վերաբերում վերջին սերնդի Տու-երին, մասնավորապես Տու-334-ին, որը վերջերս հաջողությամբ փորձարկվեց Հայաստանում:
Ընդհանրապես քաղաքացիական ավիացիայում անվտանգության խնդիրներն առանձին եւ հատուկ հսկողության ոլորտում են: Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ մամուլի քարտուղարից, դրանք վերահսկում է այս կառույցը: Ընդ որում, գոյություն ունի տարաբաժանումՙ ավիացիոն անվտանգություն եւ թռիչքային: Ավիացիոն անվտանգությունն առավել ընդհանրական ոլորտ է, որն ընդգրկում է ինքնաթիռների, օդանավակայանի, ուղեւորների, ուղեբեռների անվտանգությունը, ահաբեկչական գործողությունները հայտնաբերելն ու կանխելը եւ այլն: Այդ նպատակով, համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի եւ ԻԿԱՕ-ի համապատասխան հոդվածների, ընդունվել եւ գործում է «Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը»:
Թռիչքային անվտանգությունն առնչվում է ինքնաթիռների տեխնիկական վիճակին: Այն իրականացնում են վերգետնյա ծառայության աշխատակիցները (ինժեներներ, տեխնիկներ եւ այլն): Սակայն այս դեպքում նույնպես անվտանգության որոշակի պահանջներ են դրված, որոնք հնարավորություն չեն տալիս, որ ինքնաթիռներին մոտենան կողմնակի մարդիկ: Իսկ ինքնաթիռի տեխնիկական անվտանգությունն իրականացնողները մշտական հատուկ կապի մեջ են: Տեխնիկական որեւէ բացթողման համար, որն անգամ եթե տվյալ պահին վթարի չի հանգեցնում, բայց նման վտանգի հնարավորություն է ստեղծում, պատասխանատուն թռիչքային անվտանգության ծառայության աշխատակիցներն են լինելու:
Սերժ Մանուկյանը նշեց նաեւ, որ մեզանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովումն ավանդաբար ավելի լավ հիմքերի վրա է դրված եղել, քան եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Այս երկրներում այն կարծիքն էր տիրապետում, որ անվտանգության խիստ միջոցառումները խորհրդային օդանավակայաններում ոտնահարում են ուղեւորների իրավունքները: Միայն սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո այդ պատկերացումները փոխվեցին: