«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2004-08-31 | #151, 2004-09-01 | #152, 2004-09-02


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԸՍՏ «ՕՐԵՐԻ»

Հայաստանյան ներքաղաքական մինչամառային անցուդարձը ամփոփելովՙ «Օրեր» համաեվրոպական հանդեսը 2004-ի 1-2 համարների խմբագրականում հանգել է այն բանին, որ Հայաստանում կատարվածը քաղաքական կուլտուրայի բացակայության հետեւանք է, եւ գտնում է, որ մեր հասարակության ապագան կախված է նրա կրթության աստիճանից: Իսկ մինչ այդ ցանկալի կրթության աստիճանին հասնելը «կաշառառության մեջ խորասուզված հանրապետությունում, եթե հեռուստատեսային լրատվության ոլորտում ազատության որոշակի առաջընթաց չարձանագրվի, եթե շարունակվեն քաղաքական հետապնդումները եւ մարդիկ իրենց չզգան իրենց երկրի լիիրավ քաղաքացիներ, ուր կգերակայի օրենքը, այլ ոչ թե ուժն ու կամայականությունը, ապա նոր ցնցումներն անխուսափելի կլինեն», գրում է «Օրերը»ՙ բնավ չգուշակելով, որ ամիսներ անց բոլորի աչքի առաջ կառուցված դղյակներն ընդամենը լուսանկարելու համար ծեծի է ենթարկվելու եւս մեկ ֆոտոլրագրող:

«Օրերի» այս համարի առավել ուշագրավ հրապարակումներից առանձնացնենք մի քանիսը: Չեխիայի արտգործնախարար Ցիրիլ Սվոբոդան անդրադառնում է Չեխիայի Եվրոմիությանն անդամակցելու պարտավորությունների, Չեխիայի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունները օրենսդրական ակտերի միջոցով ամրապնդելու, ղարաբաղյան խնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության եւ այլաբնույթ ուրիշ հարցերի:

«Հակոբ (Մայլք) Հակոբյան կինովավերագիր նահապետը» խորագրով հրապարակումը պատմում է ցեղասպանությանը նվիրված 7 ֆիլմերով հայտնի հայ կինոբեմադրիչի մասին, որի «Մոռացված ցեղասպանությունն» արժանացել է ամենատարբեր միջազգային մրցանակների: Նա հեղինակել է հայկական 16 եւ բազմաթիվ այլ ֆիլմերՙ համաշխարհային պատմությանը, աշխարհագրությանը վերաբերող:

90-ամյա ամերիկահայ Մայքլ Հակոբյանի «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացավ ապրիլին Պրահայում, ֆիլմի հիմնական նպատակը եղել է ցույց տալ Գերմանիայի կառավարության դերակատարությունը Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Վավերական, պատմական փաստերն ու արխիվային փաստաթղթերը հավաքվել են 25 տարիների ընթացքում, օգտագործվել են հայտնի պատմաբաններ Ռիչարդ Հովհաննիսյանի, Վահագն Տատրյանի, թուրք պատմաբան Թաներ Աքչամի, գերմանացի պատմաբան Քայզերի տեսակետները: Ուշագրավ ու ցնցող փաստերով լի այս ֆիլմը Մյունխենի կինոփառատոներին մասնակցության չպատճառաբանված մերժումներ է ստացել, իսկ բեմադրիչի մուտքը Թուրքիա արգելվել է իբրեւ անցանկալի անձի:

Անահիտ Հովսեփյանը Գերմանիայում տուրիզմի ոլորտի աշխատող, Հայաստան-Գերմանիա զբոսաշրջային կապերի ջատագով Հրայր Բաղրամյանի հետ զրույցում հետաքրքրական տեղեկություններ է տալիս զբոսաշրջիկների տարիքային, կրթական ցենզի, սպասարկման ոլորտի, հյուրանոցային ավելի էժան ցանցի անհրաժեշտության մասին: 2001 թ.-ից Բեռլինի ցուցահանդեսում հայկական տաղավարի պատշաճ ներկայությունը նպաստել է Հայաստանի նկատմամբ գերմանական հետաքրքրություններին, այս առումով կարեւոր դեր է խաղացել նաեւ Հրայր Բաղրամյանի անձնական նախաձեռնությամբ կազմակերպած դասախոսությունների շարքը: Զբոսաշրջությունը զարգացնելուն նպաստում են ոչ միայն տվյալ երկրի բնությունը, պատմամշակութային արժեքները, այնտեղ ապրող մարդիկ, այլեւ երկիրը ճիշտ եւ գրագետ ներկայացնող, տեղյակ եւ լեզուներ իմացող գիդերը, նույնիսկ վարորդները, իսկ բարեկարգ ճանապարհներն ու դրանց վրա կարգին վիճակում գտնվող զուգարանները պարտադիր են: Ըստ Հրայր Բաղրամյանի, Հայաստանն արտերկրում ներկայացնելու համար կարիք ունի դեսպանների:

Գրող, հրապարակախոս Ստեփան Ալաջաջյանի 80-ամյակի առիթով նրա ստեղծագործական կյանքին հետահայաց անդրադարձ է կատարում հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը գրողի հետ ունեցած հարցազրույցում: 1946-ին Հալեպից Հայաստան ներգաղթած Ստ. Ալաջաջյանն իր գրական գործունեությունը վավերացրել է բազմաթիվ գրքերով («Անապատում», «Առանց հայրենիքի», «Եղեգները չխոնարհվեցին» եւ այլն), աշխատել պատասխանատու պաշտոններում: 1990 թ.-ից տեղափոխվել է ԱՄՆ: Իր կյանքի 80-ամյա ճանապարհըՙ օտարությունից հայրենիք եւ հայրենիքից օտարություն, երկու տարբեր գոյավիճակներում էլ բնորոշվում է հայրենասիրությամբ: Գրողն այսօր էլ, ապրելով Գլենդեյլում, շարունակում է ստեղծագործելՙ հրատարակելով հուշագրության 4 գրքեր («Լուսավորյալ խորաններ», «Ճամփեզրի վրա», «Վաթսունականք», «Եվ ատրուշաններ»), եւ խմբագրում է «Առագաստ» հասարակական-մշակութային հանդեսը:

«Օրերը» տեղեկացնում է Նորվեգիայի Քրագերո քաղաքում հանդիսավորությամբ կատարված մեծ հայասեր եւ բարեգործ Բոդիլ Քաթարինա Քյորնի դիմաքանդակ հուշարձանի բացման մասին: Եվրոպական բարեկեցիկ կյանքը թողնելով, Քաթարինա Քյորնն իբրեւ միսիոներ եւ բժշկուհի մեկնում է Արեւմտյան Հայաստան եւ նվիրվում հայ ժողովրդին, բացում բուժօգնության կենտրոններ, որբանոցներ: Քրագերո քաղաքում բացված նրա բրոնզե հուշարձանը մի խումբ հայերի երախտագիտության արտահայտությունն է:

«Օրերից» տեղեկանում ենք նաեւ ամերիկյան «Նեշընլ ջեոգրաֆիկ» ամսագրի մարտի համարում Հայաստանին նվիրված Ֆրանկ Վիվիանոյի 22 էջանոց, շքեղ լուսանկարներով հոդվածի մասին:

Հանդեսում տեղ են գտել Արծվի Բախչինյանի «Հայերը եւ սեւամորթները» հետաքրքրական հոդվածը, Պրահայում Ալվարդ Բարխուդարյանի հետ հանդիպման տպավորություններըՙ նրա «Ղարաբաղ. Դարավերջ» գրքի հետ կապված, «Նոր անուններ» համույթի Պրահայի համերգների մասին պատմող նյութեր եւ այլն, ինչպես նաեւ Նյու Ջերսիից Վարդան Մատթեոսյանի «Հայ նկարիչ մը Հաուայի մէջ» հոդվածըՙ մեզ համար բացահայտելով անծանոթ մեր հայրենակից, Դանիել Վարուժանի աշակերտ Արման Մանուկյանի նկարչության աշխարհը, որը «Ազգն» իր համարներից մեկում կներկայացնի ձեր ընթերցանությանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4