«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2004-09-01 | #152, 2004-09-02 | #153, 2004-09-03


ԱՍԻԼՎԱՅԻ ԳՈՒՆԱԳԾԱՅԻՆ ՀՍՏԱԿ ԱՇԽԱՐՀԸ

Ֆրանսահայ նկարչուհի Ասիլվան առաջին անգամ է իր աշխատանքները ցուցադրում Երեւանում: Տարբեր երկրներում նկարչուհին բազմաթիվ ցուցադրություններ է ունեցելՙ ստանալով դրական արձագանքներ ու մրցանակներ: Նկարչի տանը ներկայացրած աշխատանքներին բնորոշ են գեղանկարչական մտածողության արդիական ձեւերըՙ թափանցիկությամբ եւ պարզ համաչափությամբ: «Անցք», «Հույս», Արարատ», «Լարախաղաց», «Լույս լռության», «Լույսի խավարում» եւ բազմաթիվ այլ գործերը Ասիլվայի աշխատանքների մի փոքր մասն են կազմում:

«Արտակարգ էներգիայով եւ աշխատասիրությամբ օժտված մի նկարչուհի, որ ամենասիրով ու նվիրումով պատրաստվեց երեւանյան ցուցահանդեսին»: Հ. Իգիթյանը ուրախությամբ փաստեց, որ այսօր արդեն ոչ թե մենք ենք երազում, այլ դրսի մեր հայրենակիցներն իրենք են ուզում Երեւանում ցուցահանդես բացել, որով եւ փոքրանում է Հայաստան-սփյուռք տարածությունը եւ նվազում «բնակավայրային» տարբերությունները: Եվ համատեղ կապերի այս առաջին քայլերը միմյանց գտնելու ներքին անհրաժեշտությունից է ծնվում: Նկարչուհին լի էր ջերմությամբ: Իր ամենածավալուն աշխատանքն արել է Երեւանում եւ խոստովանեց իր երկու սերերիՙ Հայաստանի ու Ֆրանսիայի մասին: Ասիլվայի ցուցահանդեսը բավականին հետաքրքրական մտավորական միջավայրի ներկայությամբ բացվեց 2 օր առաջ: Արվեստաբան Շահեն Խաչատրյանը գտնում է, որ «նկարչուհու գործերում դիտողին կաշառողն արդիական, ազատ շնչող ձեւերն են, այդ ձեւերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակ հնչողությունը»:

Օգտվելով կանադաբնակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ներկայությունից, խնդրեցինք նաեւ իր կարծիքը. «Շատ ազնիվ եւ բարեխիղճ կատարումՙ գործը մինչեւ վերջ ավարտին հասցրած: Վստահ եմ, շատերի հավանությունը կստանա եւ կարծում եմ, իրական հավանություն է, որովհետեւ վերաբերմունք ունի կյանքի նկատմամբ: Ինձ համար մի փոքր տարբեր է, բայց դա ոչինչ չի նշանակում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4