Պոլսահայ արվեստաբան Մայդա Սարիսն առաջին անգամ էր Հայաստանում, հրավիրված էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի առիթով: Աշխատում է Պոլսում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթում, մշակույթի եւ արվեստի բաժնի պատասխանատուն է, մասնավորապես հետաքրքրված է գեղանկարչությամբ:
Հայաստանից իր առաջին տպավորությունները հրաշալի էին, հիացած էր խոսում Երեւանի մասին, ոգեւորված ու խանդավառ էր, նշաձեւ, հայկական խոշոր աչքերի մեջ ուրախության փայլեր կային, խորքումՙ տխրություն: «Միշտ կուզեի այցելել Հայաստան, բայց չէի հաջողիր: Շատ սիրեցի Երեւանը, երկու օրվա մեջ պտտեցա ամբողջ քաղաքը, այցելեցի ազգային թանգարանը, Մատենադարանը, մանրանկարչությունը տեսա: Աստվածամոր տոնին Սբ. Էջմիածին գացի, աղոթքս ըրի, վեհափառին սպասեցի եւ գիրքս անոր նվիրեցի: Կսեին Հայաստանի համար, թե աղքատություն կա, դժվարություն կա, բայց ես հակառակը տեսա, տեսա, որ այս պզտիկ երկիրը շատ հարստություն ունիՙ արվեստի ու մշակույթի, ամեն երկիր ատանկ չէ, այդ հարստությունը արագ կերեւի, ի՜նչ աղվոր ճարտարապետություն: Շատ լավ տպավորվեցա, կհուսամ նորեն գալ»:
«Ոգեւորված ես, բայց արցունքներ կան աչքերիդ մեջ», ասում եմ. «Դյուրին չէ, առաջին անգամն է, իմ պապերս հիշեցի, ընտանիքս: Մեծ մայրիկս Բիթլիսեն պատերազմի ատեն փախած էր Էջմիածին: Երկիրը կոմունիստական դառնալեն ետք վերադարձեր է Պոլիս, առաջին ամուսինը կորսնցուցեր էր, նորեն ամուսնացեր էր: Մայրս Պոլիս ծնած է, կորսնցուցած էր եղբայրները առաջին պատերազմի տարիներուն... «Մենակ ե՞ս ապրում»: «Ամուսնացած եմ, ամուսինս հույն է, անոր համար մականունս Սարիս է, օրիորդականսՙ Երեցյան է, մանչ զավակ ունիմ, 23 տարեկան, համակարգչի մասնագետ է, հաջորդ անգամ պիտի բերեմ, Երեւանը ցույց պիտի տամ, աղվոր պատկերներ քաշեցի հոս», հուզվում է, Մայդայի աչքերը թաց էին:
«Հիմա լավ է հայերիս վիճակը, շատ դժվարություններ չենք քաշեր: Մեր թերթը 6000 տպաքանակով լույս կտեսնե, թուրքերեն կհրատարակենք, թուրքերն ալ մեր խնդիրները կիմանան, շատ հարցեր ալ կլուծվին: Արդեն հայերեն թերթեր ունեինք Ստամբուլի մեջ. «Ակօսն» ալ հայերեն երկու էջ ունի»:
Կա մտայնություն, թե մենքՙ հայերս, զգոնանում ենք, երբ մեզ ճնշում, հալածում են, հակառակ պարագայումՙ ազատության մեջ մոռանում ենք մերը, հիմա Թուրքիայում հայերի մեջ տարածված է թրքախոսությունը եւ մտավորական մի շրջանակ հայախոսության խմբակ է նախաձեռնել:
«Հարկավ կան հայեր, որ հայերեն չեն գիտեր. նոր սերունդը հիմա ավելի դյուրին ըլլալու համար թուրքի դպրոց ալ կերթա: 30-40 հայկական դպրոցներ կան, հայ դպրոցները լեցուն են, բայց թուրքի դպրոցներ ալ կերթան: Շատ տաղանդավոր արվեստագետներ ունինքՙ Արա Գյուլերի (որուն լուսանկարների ցուցահանդեսը բացվեցավ այս օրերուն), Քրիստին Սալերի, տաղանդավոր եւ անվանի Թուրքիո մեջ, կփափագինք, որ Հայաստանի մեջ ալ ցուցադրվի եւ Հայաստանեն ալ նկարիչները Թուրքիա գան, ցուցահանդեսներ բանան»:
Պոլսում ապրող Մայդա Սարիսը կարծում է, թե Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բարելավմանը կնպաստեն հատկապես արվեստն ու մշակույթը: Իսկ քաղաքական հարցերը, պայմանները, որոնց լուծումը երկար ժամանակ է պահանջում, պիտի չխանգարեն երկու դրացի ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատմանը, մանավանդ որ նրանք ուզում են այդ հարաբերություններն ունենալ. «Երիտասարդ սերունդը եւ մտավորականությունն ավելի լայն կխորհին, շատ ավելի հեռատես են. Եվրոմիություն կուզին մտնիլ, ավելի դեմոկրատ կխորհին»:
Մայդան, հայկական նախակրթարանից հետո սովորել է ֆրանսիական լիցեյում, ուսումը շարունակել, ստացել է բանասիրական կրթություն, ապա հետեւել է արվեստի բաժնի դասընթացներին, նախասիրությունը նկարչությունն է: Համալսարանական տարիներին ծանոթանալով եւ ուսումնասիրելով համաշխարհային կերպարվեստի շատ ու շատ նշանավոր դեմքերին եւ նրանց ստեղծագործությունները, այնքան էլ տեղեկություններ չի ստացել հայ նկարչության մասին. «Խորհեցաՙ այսչափ նկարիչներ կան օտարազգի, պետք է որ հայեր ալ ըլլան: Այդ գիրքերուն մեջ Այվազովսկին, Արշիլ Գորկին անգամ ռուս կներկայացվին: Հազարավոր տարիներու մշակույթ ունինք եւ հայ նկարչության ծանոթ չենք: Սկսա պրպտել»:
Մայդան 3-4 տարի շարունակ աշխատել է, ծանոթացել, ուսումնասիրել գեղանկարչության մասին ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն բազմաթիվ հրատարակություններ, գտել, համակարգել եւ ըստ ժամանակաշրջանի, պատշաճորեն կազմել է եւ ներկայացրել հայ գեղանկարչությունը սկզբից մինչեւ մեր օրերը ստվարածավալ մի հատորում, որում վաղնջական շրջանի հայկական փորագրություններից սկսած ամփոփված են շուրջ 300 հայ նկարիչների կյանքի ու ստեղծագործության մասին տեղեկություններՙ 400 գունավոր եւ սեւ ու սպիտակ լուսանկարներով: Գիրքը գրվել է թուրքերենով եւ Թուրքիայում ունեցել է լայն արձագանք: Ներկայացված նկարիչների մի մասը ծագումով Անատոլիայից են, իսկ գրքի մի բաժինը վերաբերում է օսմանյան հայ նկարիչներին, որոնք ծնված լինելով Թուրքիայում, նրանցից մի մասն աշխատել է սուլթանական պալատումՙ մասնավորապես Մանասների ընտանիքը, որի 11 նկարիչներ 200 տարի աշխատել են պալատական կամարների տակ, ստեղծել բազմաթիվ թուրք գործիչների դիմանկարներ: «Սփյուռքը եւ Հայաստանն այս օսմանյան նկարիչները չէին ճանչնար, իսկ թուրքերըՙ Հայաստանի եւ սփյուռքի նկարիչները: Այս գիրքին շնորհիվ պիտի ճանչնան»:
Մայդա Սարիսի աշխատասիրած այս գիրքն իսկապես ունի արժեքավոր ճանաչողական նշանակություն, որով նա հնարավորինս ամբողջացրել է բոլոր ժամանակների հայ նկարիչների ստեղծագործությունը (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Փանոս Թերլեմեզյան, Հովսեփ Փուշման, Մարտիրոս Սարյան, Սեդրակ Առաքելյան, Ալեքսանդր-Բաժբեուկ Մելիքյան, Հարություն Կալենց, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Ռոբեր-Էլիբեկյան, Արշիլ Գորկի, Գառզու, Ժանսեմ, Լեւոն Թութունջյան, Քրիստին Սալերի եւ այլն), ներկայացնելով համապարփակ պատկերըՙ հրաշալի պատկերացում տալով հայ գեղանկարչության մասին:
Հրատարակության են պատրաստվում գրքի հայերեն եւ անգլերեն տարբերակները, որով այս աշխատանքն ավելի մեծ հնչեղություն կունենա, եւ մենք էլ Հայաստանում առիթ կունենանք գրքի շնորհանդեսը կատարելու ու շնորհավորելու պոլսահայ մեր շնորհալի հայրենակցուհուն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ