Լրագրողներին չհաջողվեց հարցեր ուղղել Իշխան Զաքարյանին
Աթենքից Հայաստանի օլիմպիական պատվիրակության վերադարձից հետո երեկ սպորտկոմիտեում մամուլի ասուլիս էր կազմակերպվել, որի նպատակը պետք է լիներ մեր մարզիկների անհաջող ելույթների պատճառների բացահայտումը, գնահատական տրվեր մարզիչների աշխատանքին: Սակայն, ցավոք, լրագրողներն այդպես էլ սպառիչ պատասխաններ չստացան: Բոլորին զարմացրեց, որ ասուլիսին ներկա չէր սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, որի փոխարեն սպորտի պետական կառույցը ներկայացնում էր նրա տեղակալըՙ Միքայել Իսպիրյանը: Զգացվում էր, որ լրագրողների մեծամասնությունը հարցեր ուներ ուղղելու, ընդհանուր համոզմամբ, ձախողման գլխավոր պատասխանատուինՙ Իշխան Զաքարյանին: Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե նա ինչո՞ւ չի ներկայացել ասուլիսին: Ըստ ՀԱՕԿ-ի լրատվության պետ Յուրի Ալեքսանյանի, Իշխան Զաքարյանի ներկայությունը կարող էր կաշկանդել ասուլիսին ներկա հավաքականների գլխավոր մարզիչներինՙ ելույթներ ունենալիս: Այդ փաստարկն, իհարկե, համոզիչ չէր:
Ինչեւէ, Միքայել Իսպիրյանն անդրադառնալով օլիմպիադայի նախապատրաստությանը, հավաստիացրեց, որ սպորտպետկոմը արել է հնարավոր ամեն ինչ հավաքականների ուսումնամարզական գործընթացը կազմակերպելու, մրցումներին մարզիկների մասնակցության համար: Մարզիչները հաստատեցին, որ ծրագրված բոլոր հավաքներն ու մրցումներն անցկացվել են: Նշվեց, որ մեկ տարում այդ նպատակով սպորտպետկոմը ծախսել է 353 մլն դրամ (200 մլն-ըՙ մրցումների մասնակցության, 153 մլն-ըՙ հավաքների կազմակերպման համար): Միաժամանակ նրանք գտնում են, որ այդ գումարը բավական չէ, գոնե պետք է եռապատկել: Մարզիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին աշխատավարձերի խղճուկ չափերից: Ինչպես նկատեց ծանրամարտի հավաքականի մարզիչ Վահան Բիչախչյանը, 50 դոլար աշխատավարձ ստացող մարզչից օլիմպիական մեդալ պահանջելը ճիշտ չէ: Պարզվում է, որ անհատ ձեռներեցների կողմից ներդրվող գումարներն էլ բավարար չեն: Ըստ Միքայել Իսպիրյանի, օլիմպիադայից հետո 2 տարի մարզիչներն ու մարզիկները պետության կողմից գումարներ չեն ստանում: Այդ ընթացքում աշխատավարձի խնդիրը հոգում են հովանավորները: Իսկ օլիմպիական խաղերի մեկնարկից 2 տարի առաջ ՄՕԿ-ը ֆինանսավորում է օլիմպիադայի թեկնածուներին: Մարզիկներին 200 դոլարի չափով թոշակ է նշանակվում, մարզիչներին ավելի քիչ գումար է տրվում: Ընդհանրապես գումարային հարցը շատ էր առաջին պլան մղվում: Այն միտքն էր գերակայում, որ ամեն ինչ գումարներն են որոշում, որ օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար ահռելի ծախսեր պիտի կատարի պետությունը, մարզիկները բարձր վարձատրվեն: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա մեր մարզիկներից հաջողության հասնելու ոչ մի ակնկալիքներ չպետք է ունենանք:
Տարօրինակ էր նաեւ, որ ըստ Միքայել Իսպիրյանի, սպորտպետկոմն ընդամենը մեկ տարի է կազմավորվել եւ այդ ժամանակահատվածը բավարար չէր օլիմպիադային պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար: Բայց չէ՞ որ մինչ այդ գործող սպորտվարչությունում էլ աշխատում էին տարբեր մարզաձեւերի նույն պետական մարզիչները, մասնագետները, որոնք այսօր համարվում են սպորտպետկոմի աշխատակիցներ:
Փորձելով մարզիկների անհաջողությունների պատճառը հիմնավորել, նշվում էին ստացված վնասվածքները, նույնիսկ կողմնակալ մրցավարությունը: Եվ ընդհանրապես տարօրինակ էր, որ ասուլիսին ներկա հավաքականների մարզիչներից եւ ոչ մեկը չէր համաձայնում ընդունել, որ մեր օլիմպիականները ձախողվել են: Ըստ նրանց, պարտադիր չէ օլիմպիական խաղերում մեդալ նվաճել, կարելի է բավարարվել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճած մեդալներով: Ինչ վերաբերում է Աշոտ Դանիելյանի անհաջողությանը, ապա Վահան Բիչախչյանը նշեց, որ նախավարժանքի ժամանակ Աշոտն իրեն վստահ էր զգում եւ հաջող էր բարձրացնում ծանրաձողը: Նա պայքարում էր մեդալի համար, ուստի սկսեցին 200 կգ-ից: Բայց, ինչպես երեւում է, մրցահարթակում Աշոտը չդիմացավ լարվածությանը:
Մի հարցում համաձայն ենք Միքայել Իսպիրյանի հետ, որ որոշ ժամանակ է հարկավոր օլիմպիականների ելույթները վերլուծելու, տեղ գտած սխալներն ու թերությունները բացահայտելու, արդյունքները մարզաձեւերի ֆեդերացիաներում քննարկելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու համար: Ուստի եկեք սպասենք վերլուծությունների արդյունքներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ