«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2004-09-02 | #153, 2004-09-03 | #154, 2004-09-04


«ՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՋ ՈՒՆԵՆՔ ԱՂՔԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ»

Սփյուռքահայ մանկավարժ Զարմինե Պողոսյանը 1978 թվականին ամուսնու եւ երկու զավակների հետ Հալեպից տեղափոխվել է Նյու Յորք եւ այդ ժամանակվանից ի վեր գործուն մասնակցություն է ունենում հայ համայնքի ազգային ու մշակութային կյանքում: Նա նվիրվել է կրթության գործին, պաշտոնավարելով Սբ. Վարդան եկեղեցու Ս. Լուսավորիչ շաբաթօրյա վարժարանում, դրա հետ մեկտեղ առաջնորդարանի ուսումնական խորհրդի հովանավորությամբ հայերենի երեկոյան դասընթացներ անցկացրել չափահասների համար: Ավելի քան 4 տարի աշխատել է Հայկական բարեգործական միության ամառային ճամբարում, դրանից հետո, 1987-2001 թթ. եղել է Նյու Յորքի Բեյսայթ շրջանի հայկական «Սրբոց նահատակաց ամենօրյա» վարժարանի տնօրենը: Թեպետ արդեն 2 տարի հրաժարվել է այդ պաշտոնից, սակայն մանուկների դաստիարակությունը շարունակում է մնալ նրա սիրելի գործը, որը զուգակցում է ստեղծագործական աշխատանքի հետՙ գրում է պատմվածքներ, ակնարկներ, գրախոսություններ, հրապարակախոսական նյութեր: Դրանք տպագրվել են սփյուռքում լույս տեսնող «Նոր օր», «Մարմարա», «Նոր կեանք», «Զարթօնք» հայկական թերթերում: Զբաղվում է նաեւ թարգմանչական աշխատանքով:

Նա Հայաստան էր եկել մասնակցելու Ծաղկաձորում կայացած համահայկական կրթական առաջին համաժողովին: Տիկին Պողոսյանը այցելեց «Ազգ» օրաթերթի խմբագրություն: Նրա հետ զրուցեցինք համաժողովի աշխատանքների, ամերիկահայ համայնքում հայեցի դաստիարակության, ինչպես նաեւ ամերիկյան կրթական համակարգի լավ ու վատ կողմերի մասին:

- Ի՞նչ տվեց համաժողովը, ստացա՞ք Ձեզ հուզող կրթական հարցերի պատասխանները:

- Ամենից առաջ առիթ տվեց վերստին ամփոփելու տարիների փորձառությունս, հստակեցնելու կրթական հարցերի վերաբերյալ տեսակետներս: Ճիշտ է, բոլորիս մտահոգությունը հայեցի դաստիարակությունն ու հայերենի պահպանումն են, բայց բազում դժվարություններ կան սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում: Մեզանից ամեն մեկը կարծում էր, թե ամենաուժգինն իր համայնքի ցավն է, բայց ամենացավոտ խնդիրներն ակներեւ դարձան համաժողովի ընթացքում:

Կազմակերպչական տեսակետից համագումարն ուներ շատ թույլ կողմեր, բայց 12 ուսուցիչներով որոշեցինք հանդես գալ ոչ թե քննադատությամբ, այլ կառուցողական մոտեցմամբ, որպեսզի երկու տարի անց կայանալիք երկրորդ համաժողովն անցնի ավելի կազմակերպված: Միայն կուզենայի ասել, որ համաժողովի պատասխանատուները նկատելի անհանդուրժողականություն էին ցուցաբերում հակադիր տեսակետներ արտահայտողների նկատմամբ: Ստիպված եղա միջամտելՙ մանկավարժները սովորեցնում են համբերություն, հարգանք եւ հանդուրժողականություն, եթե մենք միմյանց չենք հանդուրժում, ինչպե՞ս կարող ենք նույնը պահանջել աշակերտներից:

Կարծում եմ, որ կրթության նախարարությունը պետք է նախապես տեղեկանար սփյուռքի դպրոցների ամենասուր ու հրատապ հարցերի մասին, այդպես ընդհանուր պատկերն աչքի առջեւ կունենար եւ աշխատանքն ավելի կազմակերպված ու բովանդակային կլիներ: Անշուշտ, բոլոր հարցերին հնարավոր չէ անդրադառնալ մեկ համաժողովի ընթացքում, բայց կարելի էր ամփոփել ու դրանց միջից ընտրել գլխավորները, որոնք կքննարկեին կրթական տարբեր համակարգերի լավագույն փորձին տեղյակ մասնակիցները:

Ընդհանուր առմամբ համաժողովը գովելի է, որովհետեւ հնարավորություն տվեց կողք-կողքի աշխատելու եւ որոշակի արդյունքի հասնելու:

- Ի՞նչ դժվարություններ ունի այսօր ամերիկահայ դպրոցը: Նոր սերնդի մեջ հետաքրքրություն կա՞ հայերենի նկատմամբ:

- Դժբախտաբար, հարուստ Ամերիկայի մեջ ունենք աղքատ հայ վարժարաններ թե՛ ֆինանսական միջոցների, թե՛ հեղինակության իմաստով: Իմ հետաքրքրությունը գլխավորապես կենտրոնանում է դաստիարակչական աշխատանքի մեջ: Վարժարան հաճախում են քիչ թվով աշակերտներ, որովհետեւ ծնողները կամ վճարունակ չեն, կամ պարզապես չեն կամենում իրենց զավակներին հայկական դպրոց բերել:

Պարզելու համար, թե 12 տարեկանում մեր դպրոցը թողած աշակերտները, որ հետո համալսարանական կրթություն են ստացել, հետադարձ հայացք նետելով իրենց հայկական դաստիարակություն ստանալու տարիների վրա, կցանկանայի՞ն իրենց զավակներին հայկական դպրոց ուղարկել, հարցում անցկացրեցի: Մոտ 12 հարցից բաղկացած հարցաթերթիկում գլխավոր միտքն այն էր, թե որչա՞փ է հայերենը գործածական նրանց առօրյայում, ընթերցանության մեջ, ինտերնետում:

25 հոգուց միայն երեքի համակարգիչներում կային հայերեն տառեր, ինչը հուշում է, որ ահագին աշխատանք ունենք անելու հայերենը նրանց կյանքում գործածական դարձնելու համար: Եթե խոսում ենք դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մասին, ուրեմն այսպիսի հարցերը պիտի աչքի առաջ ունենանք:

Ցավով պիտի ասեմ, որ նյութապես ապահով ամերիկահայերը հետեւում են այստեղ խիստ տարածված այն մտայնությանը, որ մեծահարուստների զավակները պետք է հաճախեն միմիայն հեղինակավոր դպրոցներ, իսկ Հայաստանից եկած ընտանիքների զավակները հայկական դպրոց չեն գալիս, ավելի շատ տարված են ամերիկյան մշակույթով, կյանքով:

- Հրաշալի իմանալով ամերիկյան կրթական համակարգը, դաստիարակչական ո՞ր մեթոդներն եք օրինակելի համարում հայկական դպրոցի համար:

- Դրանցից մեկն այն է, որ ամերիկացի ուսուցչի պարտականությունը աշակերտի կարողությունները ճանաչելն է: Աշակերտների բաշխումը կատարվում է այնպես, որ թույլ երեխան ուժեղի մոտ իրեն խեղճացած չզգա: Նրա վրա ուսուցիչը որեւէ ճնշում, պարտադրանք չի դնում, եթե անգամ աշակերտը սխալ է թույլ տվել, նրան երբեք չի ասումՙ «ապո՞ւշ ես, խե՞նթ ես», այլՙ «ի՜նչ հրաշալի է, եթե մի քիչ շատ աշխատես, ավելի լավ պիտի ստացվի: Նորից փորձիր, եթե չստացվի, կօգնեմ քեզ»: Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները շատ մեղմ են, իհարկե, կան բացառություններ, բայց աշակերտին երբեք չի ասվումՙ «դու չգիտես», այլՙ «եկ միասին փնտրենք, ես էլ լավ չեմ հիշում», ձեւացնելով, թե ինքն էլ չգիտի: Այդպես ուսուցիչը սիրաշահում է աշակերտին, վստահություն ձեռք բերում:

Ամերիկյան համակարգում այլ խնդիրներ կան, այնտեղ ծնողին հուզում է աշակերտի կյանքի ապահովությունը: Ամերիկյան դպրոցի ամենամեծ խնդիրը թերեւս ապահովության պակասն է:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4