«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2004-09-02 | #153, 2004-09-03 | #154, 2004-09-04


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՀՈՒ ՉԱՓ ՀՈԳՆԵԼ ԵՆ

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ սա ոչ թե գիտության պահպանման բյուջե է, ինչպես հայտարարում են իշխանության ներկայացուցիչները, այլ գիտության դանդաղ մահացման: Այս կարճատես, չմտածված քաղաքականությունը կարող է անուղղելի հարված հասցնել հայագիտությանը, որը պետք է լինի ազգային պետության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Մենք հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք կատարել գիտության օրենքի պահանջներն ու գիտնականներին տված իրենց խոստումները, ստեղծել գիտական աշխատանքի գոնե նվազագույն պայմաններ», ասվում է Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական եւ հասարակագիտական ինստիտուտների տնօրենների բաց նամակումՙ ուղղված հանրապետության նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը:

Հայագիտության հանդեպ մեր պետական այրերի ակնառու անտարբերությունից հիասթափված գիտնականները երեկ համախմբվել էին ակադեմիայի կլոր դահլիճի սեղանի շուրջՙ կառավարության խուլ ականջին նորից հնչեցնելու այն հարցերը, որոնց մասին իրենք շարունակաբար խոսում են, սակայն դրանից էական որեւէ փոփոխություն տեղի չի ունենում: Հայագիտական օջախների տնօրենների կողքին ներկա չէր ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որի բացակայությունը փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը բացատրեց այն հանգամանքով, թե բողոքն առնչվում է սոսկ հումանիտար գիտություններին:

Ծայրահեղ միջոցների դիմելու իրենց քայլը փոխնախագահը բացատրեց հայագիտության դերն ու նշանակությունը թերագնահատող պետական ղեկավարների դիրքորոշմամբ: Ակադեմիական ինստիտուտների ֆինանսավորումը թեմատիկից բազայինի տեղափոխելով, կառավարությունը գիտնականների միջին աշխատավարձը բարձրացրեց, սակայն ոչ թե 10 անգամ, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներինը, այլ 16 հազարից դարձրեց ընդամենը 22 հազար:

Ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը համոզված էր, որ կրթության ու գիտության նախարարությունն ըստ էության մեղքի բաժին չունի, քանի որ նրան հատուկ հրահանգ է տրված ժամանակի ընթացքում ոչնչացնել գիտությունների ակադեմիան, ինչպես տարիներ առաջ հրահանգել էր նախագահ Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ գիտության նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել լայնախոհ մոտեցումՙ երկրի նախագահի անմիջական մասնակցությամբ ու պատասխանատվությամբ:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն անհրաժեշտ համարեց նորից ընդգծել, որ իրենց դժգոհությունը ոչ միայն խղճուկ աշխատավարձից է, այլեւ հայագիտության ու գիտության նկատմամբ պետական առկա քաղաքականությունից: «Հայագիտության խնդիրը ոչ թե մի քանի գիտնականների, այլ համազգային հարց է, եւ այս ահազանգը հնչում է պետական ընդգծված հայեցակարգի բացակայության մտահոգությունից», ասաց նա:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը նկատեց, որ իրենց հիմնական նպատակակետը հայկական զարգացած առաջադիմական պետություն ստեղծելն է. «Արդեն անվիճելի է այն տեսակետը, որ անհնար է այդպիսի պետություն ստեղծել, ունենալով գիտության նկատմամբ այնպիսի քաղաքականություն եւ մոտեցում, որ այսօր գոյություն ունի Հայաստանում: Երբեմն մեզ կշտամբում են, թե մենք մեզ չենք ապահովում դրամաշնորհներով: Աշխարհում չկա որեւէ պետություն, որն իր գիտությունը զարգացնիՙ բացառապես հիմնվելով դրամաշնորհների վրա: Հայագիտությունը համաշխարհային գիտություն չէ, այլՙ ազգային, որի տերը պետք է պետությունը լինի»:

Ելույթ ունեցան նաեւ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը, գրականության եւ արվեստի ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, լեզվաբանության ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը, իրենց վրդովմունքն արտահայտելով մեր պետության գլխավոր հիմնասյունը համարվող հայագիտության նկատմամբ եղած անփույթ վերաբերմունքից:

Նրանց խոսքը դեռ չէր ավարտվել, երբ պրն Բարխուդարյանը հայտարարեց, որ կառավարությունից լուր է ստացվել հոկտեմբերի 1-ից գիտական աստիճանների համար աշխատավարձերին ավելացվող հավելավճարները վերականգնելու մասին. գիտության թեկնածուներին կտրվի 5 հազար, իսկ դոկտորներինՙ 10 հազար դրամ:

Դրանով կառավարությունը շտապ կատարեց գիտնականների զայրույթը մեղմելու առաջին, բայց ոչ գլխավոր քայլը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4