«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2004-09-03 | #154, 2004-09-04 | #155, 2004-09-07


5 ՓԱՌԱՏՈՆԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

3 փառատոն 3 ամսվա ընթացքում, 2 միջազգային փառատոն էլ նախատեսվում է անցկացնել առաջիկա 2 ամսվա ընթացքում: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանը համոզված է, որ 5 փառատոնը դեռեւս բավարար չէ:

- «Ոսկե ծիրան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ «Նռան հատիկ» փառատոները կարելի է համարել կայացած: Այժմ մեր նպատակն է աջակցել «Արմմոնո» եւ «ՀայՖեստ» միջազգային փառատոներին,- նշում է Ռազմիկ Աբրահամյանը:

«Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցում էր 100-ից ավելի արվեստագետ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին` 1000-ից ավելի: «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնն անցկացվեց տեղական մակարդակով, սակայն կազմակերպիչները նշում են, որ հաջորդ տարի կմասնակցեն նաեւ արտերկրի ներկայացուցիչները:

Եթե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի անցկացման հիմնական նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն էր եւ մասնակցում էին սփյուռքի սիրողական խմբերը, ապա «Արմմոնոն» եւ «Հայֆեստը» հայտ են ներկայացնում դառնալու լուրջ միջազգային փառատոներ: 2 փառատոնն էլ անցկացվում է երկրորդ անգամ: Սեպտեմբերի 14-20 տեղի կունենա «Արմմոնո» փառատոնը, որին մասնակցում է 30 դերասան 14 երկրներից 29 մոնոներկայացումներով: Փառատոնի կազմակերպիչ Մարիամ Ղազարյանի հավաստմամբ, նախորդ տարվա համեմատ դերասանների ընտրությունն ավելի խիստ է եղել: «ՀայՖեստը» կանցկացվի հոկտեմբերին:

- Փառատոները նպաստում են թատերարվեստի, կինոարվեստի զարգացմանը եւ փոխադարձ ծանոթությունների հաստատմանը,- ասում է Ռազմիկ Աբրահամյանը:

Իսկ համաքաղաքացիների կարծիքով, յուրաքանչյուր փառատոնի անցկացումը յուրահատուկ տրամադրություն է ստեղծում եւ նպաստում տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4