«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2004-09-03 | #154, 2004-09-04 | #155, 2004-09-07


ԲԱՐԵՐԱՐԸՙ ՋԵՐԱՐԴ ԳԱՖԵՍՃՅԱՆ

«Բարերարի» փոխարեն կարելի էր գրել «Մարդը», «Հայրենասերը», «Գործարարը», «Հայը». բոլորն էլ մեծատառով, եւ բոլոր բնորոշումներն էլ ճիշտ կլինեին: Գաֆեսճյան-մարդու հետ շփվել եմ ընդամենը երկու անգամ, նրա մասին կարդացել ու լսել բազմիցս, եւ միշտ հիացել եմ այդ մարդու անսահման համեստությամբ, զուսպ ու հանդարտ կեցվածքով, իր կատարած գործերն ու մանավանդ անձը դրվատելու նկատմամբ ընդգծված սառը կեցվածքով: Եվ այդ այն դեպքում, երբ նրա միլիոնները, ինչպես ընդունված է ասել, «դեռ ոչ ոք չի հաշվել» (հավանաբարՙ չի էլ կարողանա): Ջերարդ Գաֆեսճյանը (մտերիմների համար պարզապես Ջերրին), այո, մեծահարուստ է, նույնիսկՙ ամերիկյան չափանիշներով մեծահարուստ: Բայց իր կարողությունը հեշտ չի ձեռք բերել եւ մանավանդՙ զուտ անձնական հաճույքների համար չի գործադրում, այլՙ հանրային բարօրության, հատկապես հանուն հայության ու Հայաստանի բարօրության:

Ծնվել ու մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Սվազից Հայոց ցեղասպանության տարիներին Ամերիկա ներգաղթած Լեւոն եւ Նորա Գաֆեսճյանների ընտանիքում: Դժվարին մանկություն է ունեցել: Հայրը, որին հիշում է մշտական հուզիչ քնքշությամբ, զավակի համար արել է ամեն ինչ, ձգտելով զերծ պահել հատկապես Եղեռնի զարհուրանքի հիշողություններից, որի մասին գրեթե միշտ խուսափել է հիշատակումներ անել, որպեսզի որդու հոգեբանությունը չխաթարվի: Զուր, միգուցե նույնիսկՙ անտեղի ջանքեր: Որդին մեծացել, իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել եւ կյանք է մտել իբրեւ իսկական հայ ու հայրենասեր, իբրեւ եղեռնազարկ ժողովրդի վերապրող շառավիղՙ հոգու եւ մտքի մեջ մշտապես կրելով իր ժողովրդի ցավը եւ այդ ցավին դարման անելու ներքին մղումը: Գիտակցելով, որ դրամը, կարողությունը առավելագույն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն անձնական բարեկեցության, այլեւ մայր-ժողովրդին օգտակար լինելու համար, Քաֆեսչյանն անդադրում աշխատել եւ աշխատում է իր կապիտալները բազմապատկելու եւ դրանք հայության ու հայրենիքի կարիքներին ուղղելու ձգտումով: Չի սիրում պատմել, թե ինչպե՞ս է հարստացել: Չի սիրում նույնիսկ ասել, թե ինչ է արել եւ դեռ ինչեր է անելու: Իր փոխարեն խոսում են իր գործերը: Ամերիկայի հայկական համագումար կազմակերպության ակտիվիստներից է եւ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել, որ Վաշինգտոնում, անմիջապես Սպիտակ տան մերձակայքում գտնվի Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, եւ հիմա էլ գլխավորում է այդ թանգարանի կազմակերպման աշխատանքները: Թուլություն ունի իր նման եղեռնազարկ հայորդիներից մեկիՙ համաշխարհային համբավի հասած նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործության նկատմամբ, եւ գնել ու սեփական հավաքածուում գորովանքով պահում է մեծ նկարչի շատ գործեր: Սակայն նրա ամենամեծ հավաքածուն համաշխարհային համբավ նվաճած վարպետների ապակյա ստեղծագործություններն են: Միացյալ Նահանգների կառավարությունը քիչ ջանք չի թափել եւ քիչ գումարներ չի առաջարկել, որ այդ իսկապես անզուգական ստեղծագործությունների ցուցադրման թանգարանը կառուցվի ԱՄՆ-ում: Գաֆեսճյանը մերժել է եւ անդարձ որոշել, որ իր այդ հազվագյուտ հավաքածուի վերջնական հանգրվանը լինելու է Հայաստանում: Ահա ինչու նա ձեռնամուխ եղավ երեւանյան հանրահայտ «Կասկադի» վերագործարկմանը, այդ նպատակին տրամադրելով 25 միլիոն դոլար, ուր պիտի ստեղծվի նաեւ հիշյալ ապակյա ստեղծագործությունների ցուցադրման թանգարանը:

Լայն են հայրենիքում տնտեսական գործունեություն ծավալելու Գաֆեսճյան-գործարարի հետաքրքրությունները: Նա ուրիշների նման չի դժգոհում Հայաստանում գործարարություն ծավալելու դժվարություններից, չի սպասում մինչեւ այստեղ բարենպաստ մթնոլորտ ստեղծվիՙ եկել, մխրճվել է մեր իրականության մեջ եւ սկսել եռուն գործունեություն: Այս օրերին նրա ֆինանսավորմամբ Երեւանում ստեղծվում է «Սոլարեն» ընկերությունը, որը հայ գիտնականների տաղանդի ու իր իսկ միջոցներով ձեռք բերված արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է մեր քամուց մեզ համար էլեկտրաէներգիա ստանա: Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել նաեւ արեւային կուտակիչների, մարտկոցների, էներգիայի հիդրոգեն աղբյուրների ստեղծման ծրագրում, որի իրականացման համար հիմնել է «H 2 Economy» ընկերությունը:

Ջերարդ Գաֆեսճյանը մեծ հակում ունի դեպի օբյեկտիվ, ազնիվ, անկախ լրատվությունը, դա չափազանց կարեւոր է համարում հայրենիքում քաղաքացիական ազատ հասարակություն կառուցելու համար, ահա ինչու դարձել է «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետերերից մեկը եւ մանավանդ տեխնիկական առումով հեռուստաընկերությունը հարստացնելու ուղղությամբ անգնահատելի աշխատանք է կատարում: Այսօր Հայաստանի այլեւայլ ճանապարհների եզրերին, դպրոցների կամ այլ մարդասիրական հաստատությունների վրա խփված ցուցանակներին կարելի է կարդալՙ «կառուցումը ֆինանսավորել է Գաֆեսճյան հիմնադրամը»: Նոր ծրագրերով լեցունՙ Ջերարդ Գաֆեսճյանն այս օրերին հերթական անգամ ժամանել է հայրենիք: Չեմ կասկածումՙ դարձյալ բարի գործ սկսելու անխախտ մտադրությամբ: «Ազգը» «բարի գալուստ» է ասում եւ շնորհակալություն է հայտնում մեծ բարերարինՙ արդեն արածների ու անելիքների համար:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4