«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2004-09-03 | #154, 2004-09-04 | #155, 2004-09-07


ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

«Երկիր» միությունը փորձում է վերակենդանացնել Արցախի ամայի բնակավայրերը

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Թերեւս Քարվաճառից ավելի դիպուկ անուն տալ այս վայրերին, հնարավոր չէ: Գրեթե 200 մ-ը մեկ շուրջ բոլորը բազմագույն, հսկա քարաբեկորների բլուրներ են, բազալտի, ամենատարբեր շինատեսակների հանքավայրեր, բոլորն էլ գործող: Իսկապես որ քարի անձեռակերտ տոնավաճառ: Սակայն հանքափորներից ու զինվորականներից բացի ոչ ոք չի հանդիպում այս վայրերում: Մարդ արարածը կարծես խռովել է այս տարածքներից:

Հայրենադարձության եւ բնակիչների հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունը լրագրողական մի մեծ խմբի էր հրավիրել մասնակցելու Քարվաճառի, այժմ Նոր Շահումյան շրջանում Քնարավան գյուղի նորակառույց դպրոցի հիմնարկեքին: 2 տարի առաջ ստեղծված այս կազմակերպությունը փաստորեն հայաստանյան, Ղարաբաղի եւ սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպությունների միություն է, որը տարբեր հովանավորների օգնությամբ զբաղվում է Հայաստանի եւ Արցախի սահմանային համայնքների բնակեցման ու ամրացման, սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման հիմնախնդիրներով: Միության իրականացրած ծրագրերի շարքում այս մեկն առանձնահատուկ է այնքանով, որ Քնարավանը կառուցվում է ոչ թե նախկին բնակավայրի տեղում, այլ բացարձակապես առաջին տողից: Քնարավանի կառուցումը հովանավորում է ամերիկահայ Հարությունյանների ընտանիքը: Ծրագրի բյուջեն կազմում է 250 հզ. դոլար: Նախատեսվում է 18 բնակելի տուն կառուցել, կից` 18 գոմերով, դպրոց ու հասարակական կենտրոն:

Նորընծա գյուղի դիրքը գեղատեսիլ է: Շրջակայքում անտառներ են` մոշով ու մասուրով լեցուն, բարձր ժայռի կատարից Հանդաբերդի միջնադարյան բերդ ամրոցն է խոնարհվել գյուղի վրա, քիչ վեր նույնպես միջնադարում կառուցված վանական համալիր է: Զբոսաշրջության համար գայթակղիչ այս մանրամասներն առայժմ ամենաքիչ հավանական են գյուղը գոնե հովեկների համար ցանկալի դարձնելու համար: Ինչպես Քնարավանը, այնպես էլ նրանից շատ ավելի առաջ բնակեցված Նոր Կարաչինար, Եղեգնուտ, Նոր Գետաշեն գյուղերը նվազագույն կենսապայմաններն էլ չունեն: Ավելին, տասնյակ կիլոմետրեր կարող ես անցնել, եւ անգամ մի կրպակի կամ վաճառակետի չհանդիպել: Այդ փորձությանը լուռումունջ դիմացան քաղցած լրագրողները, որոնք միամտություն էին ունեցել մինչ մարզկենտրոն հասնելը ուտելիք չվերցնել իրենց հետ:

Դեպի Քնարավան տանող չբարեկարգված ճանապարհի սարսափները եւս նրանք զգացին սեփական մաշկի վրա «Իկարուսով» նեղլիկ ոլորանները հաղթահարելիս` բառացիորեն ամեն պահ սպասելով անդնդախոր ձորը գլորվելու ոչ անհավանական իրողությանը:

Թերեւս միայն անասնապահության զարգացման համար գյուղը կատարյալ պայմաններ ունի, արոտավայրերը շատ են ու հարուստ կենսալի կանաչով: Հենց անասուններն էլ պահում են ընտանիքները: Այս տարի Քարվաճառի անտառներն աղքատ են, ապրիլյան ձյուներից մեծապես վնասվեցին եւ ընկուզենին, եւ թթենին, եւ Արցախի անտառների հպարտություն պտուղներն ու հատապտուղների մեծ մասը:

Որդու` Նարեկի հետ դպրոցի բացման հանդիսությանը ներկա էր նաեւ հովանավորը` ամերիկահայ բարերար Կարո Հարությունյանը: Ազգային կյանքին մասնակցության նույնպես գործնական նախաձեռնություններով հայտնի վաղամեռիկ կնոջ` Քնար Հարությունյանի հիշատակին է նա նվիրում Քնարավանի կառուցումը: Նրանց որդին` Նարեկ Հարությունյանը, Քնարավանի կառուցումը բնորոշեց նաեւ իբրեւ ուխտ ու կոչ սփյուռքի ու տեղացի նորահարուստներինՙ նույնը նախաձեռնելու եւ այդ ձեւով ամրագրելու իրենց բարոյական կապվածությունը հայրենիքի հետ: Ապագա բնակիչների հետ երկարատեւ խոսք ու զրույցի ընթացքում Կարո Հարությունյանը փորձում էր պարզել նրանց համար առաջնային խնդիրները: Նա տեղեկացրեց, որ ծանոթ մի արաբ մեծահարուստ, իր հորդորով մտադիր է գյուղում տեքստիլ արտադրություն հիմնել, շոշափում էր գյուղացիների տրամադրվածությունն այս առթիվ: Գյուղացիները պատրաստ էին գրկաբաց ընդունել յուրաքանչյուր արտադրություն, թեկուզ նվազագույն աշխատավարձով: Համենայն դեպս, նրանք զգուշորեն նկատեցին, որ խելացի կլիներ այստեղ անասնապահական արտադրություն հիմնել:

Ծրագրով Քնարավանի բնակիչներին նաեւ գյուղատնտեսական վարկ կտրամադրվի: Իսկ առայժմ, կախված հովանավորի հետագա նախաձեռնությունների բնույթից, Քնարավանի բնակիչներին եւս, ինչպես շրջակա մյուս գյուղերում, սպասվում է տեւական ժամանակով քաղաքակրթության բոլոր բարիքներից կտրված լինելու ճակատագիրը:

Քնարավանի դպրոցի բացմանը եկել էին հարեւան գյուղերի բնակիչները, հիմնականում ընտանիքներ, ովքեր նոր տների վրա աշխատող շինարարներ ունեն: Կանանցից մեկը մեզ պատմեց, որ Քնարավանից 17 կմ հեռու Նոր Գետաշեն գյուղից երեխաների հետ ճամփա է ընկել առավոտվա ժամը 9-ին, եւ միայն կեսօրից հետո են տեղ հասել: Դպրոցը վերջնականապես կգործի հոկտեմբերին, բնակիչների Քնարավան տեղափոխվելուց հետո: Այն նախատեսված է 50 աշակերտի համար, այդքան աշակերտներ առայժմ չկան, բայց ծրագրի հեղինակները հույս են փայփայում, որ հետագայում սովորողների թիվը 12-ից շատ ավելին կլինի: Դպրոցի կառուցման վրա ծախսվել է 55 հզ. դոլար:

Հանդիսավոր ցերեկույթը նշանավորեց «Կոմիտաս» կամերային միացյալ երգչախումբը, կոմիտասյան երգերի ղողանջները նա տարածեց շրջակա ձորերում` խրտնեցնելով մարդկային ներկայության ու աղմուկի անսովոր մի եղնիկի, որ տեսիլքի պես հայտնվեց անտառի խորքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4